Հայկական լրատվամիջոցներն ակտիվ կերպով լուսաբանում են Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունները, սակայն դրան զուգահեռ լայնորեն տարածում են նաև օտարալեզու լրատվամիջոցներով և էջերով տարածվող կեղծ լուրերն ու քարոզչական թեզերը, երբեմն նաև սեփական նախաձեռնությամբ են ապատեղեկատվություն և մանիպուլյացիա տարածում։
FIP.am-ն ուսումնասիրել է որոշակի լսարան՝ շուրջ 70 հազար հետևորդ ունեցող Republica.am կայքի ֆեյսբուքյան էջը և մի շարք խեղաթյուրումներ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ գտել։ Նշենք, որ ստորև բերված են միայն մի քանի գրառումների ստուգման արդյունքում ի հայտ եկած հանգամանքները։
Էջը դեռ 2022-ի փետրվարի 19-ին գրել էր՝ «Մյունխենում Զելենսկին հայտարարել է, որ նա ժողովրդի ընտրյալն է և Արևմուտքը թող անհատույց գումար տրամադրի Ուկրաինային, որ ուկրաինացիները կռվեն Ռուսաստանի դեմ»։ «Առանց գումար չենք կռվի»,- կայքի ներկայացմամբ, իբր ասել էր Զելենսկին։
Վլադիմիր Զելենսկին, մասնավորապես, ասել է․ «Մենք ցանկանում ենք ապրել, պաշտպանել մեր երկիրը, եթե ցանկանում եք մեզ օգնել, կարող եմ հստակ օրինակներ բերել, օգնեք մեզ մեր բանակն ամրապնդել, տվեք մեզ ավելի շատ զենք, ներդրումներ արեք, հրավիրեք ձեր ընկերություններին, եթե դա վախենալու է, մեզ շահավետ պայմաններով ֆինանսավորում տվեք, դրամաշնորհներ, ինչու՞, որովհետև պետք է մի ամբողջ ցուցակ կազմել գործերի և մի շարք բարեփոխումներ անել, այսինքն, երբ սահմանիդ մեծ բանակ է կանգնած ինչպե՞ս կարող ես բարեփոխումներ անել»,- ասել է Զելենսկին։
Մեկ այլ հրապարակմամբ կայքը նաև գրել էր, որ Ուկրաինայի Անդրկարպատներում բնակվող հունգարացիները հանրաքվե են նախաձեռնել՝ Ուկրաինայից անկախանալու և Հունգարիային միանալու համար, անգամ այդ հարցով դիմել են Հունգարիայի վարչապետին։ «Հերթը Ուկրաինայի լեհերինն ու ռումինացիներինն է։ Զելենսկու, Ուկրաինայի ժողովրդի և Արևմուտքի «շնորհիվ» շուտով Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես պետություն…»,- ընդգծել էր Republica.am-ը։
Ըստ երևույթին, էջի պատասխանատուները լուրն արտատպել են ռուսալեզու newdaynews.ru կամ info24.ru կայքերից, քանի որ այլ աղբյուրներում նման տեղեկություն չկա։
Ուկրաինայի և Հունգարիայի հարաբերությունների օրակարգում, իրականում, առկա է Անդրկարպատների շրջանին վերաբերող հարցը, որտեղ մեծ թվով էթնիկ հունգարացիներ են բնակվում։ Այնուամենայնիվ, ռեֆերենդում՝ հանրաքվե անցկացնելու և Ուկրաինայից անկախանալու լուրը չի համապատասխանում իրականությանը։
Տարածվող լուրին իր թվիթերյան էջում անդրադարձել է նաև Հունգարիայի Միջազգային հարաբերությունների և հաղորդակցության գծով քարտուղար Զոլտան Կովաչը՝ այն որակելով որպես կեղծ լուր։
Մի ուրիշ գրառմամբ Republica.am-ը խեղաթյուրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքերը։ «Ռուսները պատրաստվում են խլացնել կապի միջոցները և մեր անունից հրապարակել կապիտուլյացիայի ակտ, որ մեր բնակիչները խուճապի մատնվեն։ Խնդրում եմ խուճապի չմատնվեք։ Մենք դեռ չենք կապիտուլացվել»,- մարտի 1-ին գրել է էջը։ Իրականում, Ուկրաինայի ՊՆ նախարարը ոչ թե ասել էր «դեռ չենք կապիտուլացվել», այլ՝ «ոչ մի կապիտուլյացիա չի լինելու, միայն հաղթանակ»՝ հորդորելով չհավատալ կեղծ լուրերին։
Մեկ այլ հրապարակման մեջ էջը պնդում է, որ «ԱՄՆ բնակչության 95 տոկոսը չգիտի Ուկրաինան որտեղ է» և չնայած դրան՝ կողմ են արտահայտվում Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու գաղափարին։ «Չնայած սրան, ըստ ամերիկյան հարցումների` ԱՄՆ բնակչության 81 տոկոսը կարծում է, որ Ամերիկան լրացուցիչ սանկցիաներ պետք է կիրառի ՌԴ նկատմամբ, իսկ բնակչության 70 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է փակեն Ուկրաինայի օդային տարածքը` ՀՕՊ համակարգերով»։
Խոսքը օրերս բրիտանական Reuters գործակալության պատվիրած հարցման մասին է, որի արդյունքներով, իսկապես, հարցված ամերիկացիների 81%-ը կողմ է արտահայտվել ՌԴ դեմ պատժամիջոցների խստացմանը, իսկ 74 (ոչ թե 70) տոկոսը համաձայն է, որ Արեւմուտքը փակի Ուկրաինայի երկինքը ՀՕՊ համակարգերով։ Սակայն այս ուսումնասիրության մեջ որևէ հիշատակում չկա նրա մասին, որ «ԱՄՆ բնակչության 95 տոկոսը չգիտի՝ Ուկրաինան որտեղ է»։ Այդպիսի տվյալ չկա նաև սոցհարցման ընդլայնված զեկույցում։ Հետևաբար, այս գրառումը ևս մանիպուլյատիվ է և ապատեղեկացնող։
Որոշ տվյալներ՝ Republica.am էջի պատմության ու գործունեության մասին
Republica.am-ի ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2019-ին, էջը ղեկավարվում է Հայաստանից, իսկ համանուն կայքը գրանցել է ու կառավարում է Ամալյա Պապյանը։ 2022-ի հունվարի 1-ից սկսած մինչև մարտի 10-ը Republica.am-ի ֆեյսբուքյան էջում եղել է 154 հրապարակում, որոնցից միայն 7-ն են եղել Հայաստանին որևէ կերպ առնչվող թեմայի մասին։ Մնացածը գերազանցապես վերաբերում է Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողություններին։
Republica.am-ի ֆեյսբուքյան էջում այս տարի հրապարակումներ սկսել են արվել միայն փետրվարի 19-ից, մինչ այդ վերջին հրապարակումն արվել էր 2021-ի դեկտեմբերի 29-ին։ Փետրվարի 19-ին, երբ Ուկրաինայում պատերազմը դեռ չէր սկսվել, բայց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններն էին, Republica.am-ը գրել էր․ «Զելենսկին ցանկանում է փախչել Ուկրաինայից։ Ինչպես տեղեկացնում են ուկրաինական լրատվականները, նա արդեն դուրս է բերել իր ընտանիքը Ուկրաինայից։ Այսպիսին են բոլոր պոպուլիստ, դեմագոգ առաջնորդները…»։
Արդեն փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների առաջին օրը, էջում արվել է 18 հրապարակում այն դեպքում, երբ նախորդ օրերին միջինում 4-5 հրապարակում է եղել։ Դիտարկված ժամանակահատվածում ֆեյսբուքյան էջում առկա 154 հրապարակումներից Հայաստանին որևէ կերպ առնչվող հրապարակումները 7-ն են եղել, իսկ նշված 7 հրապարակումներից 3-ի դեպքում պարզապես արտատպվել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջի գրառումները՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ։ Հրապարակումներից մեկն այն մասին է, որ Ուկրաինայի հայ գործարարները պատրաստվում են իրենց ներդրած գումարները հանել Ուկրաինայից, մյուս հրապարակումը Ուկրաինայում տեղի ունեցող գործողություններով պայմանավորված Ադրբեջանի՝ իրավիճակից օգտվելու մասին է։ Եվս մեկ հրապարակում արդեն Ադրբեջանի նախագահի հայտարարությունն է, որտեղ վերջինս ասել էր, որ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի։ 7 հրապարակումներից մեկը ադրբեջանցի և թուրք պատգամավորներին Հայաստան հրավիրելու մասին է։ Այսինքն, անգամ Հայաստանին որևէ կերպ վերաբերող սակավաթիվ նյութերից միայն երկուսն են, որ Ուկրաինայի հետ կապ չունեն։
Շուշան Ստեփանյան
Նանե Մանասյան