«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրացական factcheck.ge-ն ստուգել է ռուսական պաշտոնական աղբյուրների տարածած պնդումը, թե Կրամատորսկին հասցված հրթիռային հարվածը կատարվել է ուկրաինական ուժերի կողմից:
Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ, ապրիլի 8-ին Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է մեղադրանքները և նշել, որ միայն Ուկրաինայի զինված ուժերն ունեն «Տոչկա Ու» տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռներ, որոնց մնացորդներն էլ հայտնաբերվել էին տեղում։ Սկզբում լուրեր էին պտտվում, որ ռմբակոծության ժամանակ օգտագործվել է «Իսկանդեր» տեսակի հրթիռ։ Ավելի ուշ հաստատվեց, որ Կրամատորսկի երկաթուղային կայարանում խաղաղ բնակչության տարհանման ժամանակ օգտագործվել է «Տոչկա-Ու» հրթիռը։
Ռուսական կողմի այն պնդումը, սակայն, թե «Տոչկա Ու» հրթիռներ միայն ուկրաինական բանակն ունի, իսկ իրենցը՝ ոչ, ճիշտ չէ։ Դեռ մարտի սկզբին հաղորդվում էր, որ Ռուսաստանը «Իսկանդեր» տիպի հրթիռներից բացի Ուկրաինայի հետ պատերազմում կիրառում է նաև «Տոչկա-Ու» հրթիռներ: Բացի այդ, Ռուսաստանը Սիրիայում «Տոչկա Ու» հրթիռներ է կիրառել նաև 2021 թվականին։ Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին ևս Ռուսաստանը կիրառել է «Տոչկա-Ու», ինչը հաստատել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Հետևաբար՝ պնդումը, թե ռուսական զորքերը չեն հրթիռակոծել Կրամատորսկի կայարանը, քանի որ Ռուսաստանն այլևս «Տոչկա-Ու» չի կիրառում, սխալ է:
Սննդում աղի չարաշահման հարցը քննարկվել է նաև Ղազախստանում: Այդ երկրում գործող factcheck.kz հարթակն ուսումնասիրել է առողջապահության նախարար Աժար Գինիյատի պնդումը, թե Ղազախստանը տարածաշրջանում ոչ առողջ սննդակարգով առաջատար երկրներից է: «Բնակչության սննդակարգային սովորությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղի օգտագործման քանակը հասնում է 18 գրամի այն դեպքում, երբ ԱՀԿ-ի ուղեցույցներով օրական նորման 5 գրամ է»,- հայտարարել է նախարարը: Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ նախարարի պնդումը ճիշտ է: Ըստ ԱՀԿ-ի՝ աղի օգտագործումը Ղազախստանում 3.5 անգամ գերազանցում է օրական նորման, և այս ցուցանիշը աշխարհում ամենաբարձրերից է:
VOX-ի ուկրաինական ծառայությունը ստուգել է ռուսական լրատվամիջոցների տարածված տեղեկությունը, թե սպանվել է Ազովի գնդի հրամանատարի տեղակալ Սվիտոսլավ Պալամարը: Սակայն իրականում, ըստ ուկրաինացի փաստեր ստուգողների, Սվիտոսլավ Պալամարը ողջ է և «սպանվելուց» հետո մի քանի անգամ տեսաուղերձ է հղել, ինչպես նաև հարցազրույցներ տվել զանգվածային լրատվության միջոցներին։
Միջազգային
Բրիտանական Reuters-ը ստուգել է Թվիթերում տարածված տեսանյութը, որը, ըստ խորագրերի, ցույց է տալիս, թե ինչպես է ռմբակոծվում ռուսական ռազմական նավը:
💥 How “Moscow” burns: a video of the explosion of a Russian cruiser after being hit by a Ukrainian missile was published by the founder of the Azov Regiment, Andriy Biletsky#RussianWarship #StopRussia pic.twitter.com/KGnsc7WDrK
— WithUkraine 24/7 (@With__Ukraine) April 14, 2022
Սակայն իրականում այս տեսանյութը սխալ է մեկնաբանվել: Այս հոլովակը պատկերում է 2013 թվականին Նորվեգիայի ռազմածովային ուժերի զորավարժությունները և ոչ թե ռուսական նավի հրթիռակոծումը 2022 թվականին:
«Տիտանիկ» նավի խորտակման հերթական տարելիցին ամերիկյան Snopes-ը ստուգել է 1997 թ.-ին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմի մեջ տեղ գտած փաստերը՝ հասկանալու, թե արդյո՞ք դրանում կան պաշտոնական անճշտություններ: Այդպես, ֆիլմում փրկանավակի սպաները լապտերների միջոցով փնտրում էին ողջ մնացածներին, բայց, ըստ որոշ կինոմանների, այդ տիպի լապտերները դեռևս գոյություն չունեին 1912 թվականին: Սակայն Snopes-ի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այդպիսի լապտերներ գոյություն են ունեցել դեռ 1890-ականներից:
Մեկ այլ պնդման համաձայն՝ ֆիլմի կերպարներից մեկը՝ սպա Ուիլյամ Մերդոկը, իրականում դրական հերոս էր, թեև հեղինակները ներկայացնում են նրան որպես կաշառակեր, որը կրակում է մարդկանց վրա: Իրականում պատմաբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Մերդոկն իսկապես հերոս էր, որն իր գործողություններով ամեն ինչ արել էր հնարավորինս շատ մարդ փրկելու համար: Ավելին, ֆիլմի՝ էկրաններ բարձրանալուց հետո 20th Century Fox-ի նախագահը այցելել էր Մերդոկի հայրենի քաղաք և պաշտոնապես ներողություն խնդրել նրա թոռանից պատմական անճշտության համար:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը