«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել է սոցցանցերում շրջանառվող՝ երկրում հայտնի իրավաբան և քաղաքական գործիչ Նիկա Գվարամիային վերագրվող պնդումը, թե Եվրամիության անդամ դառնալու համար Վրաստանը պետք է հրաժարվի Աբխազիայից և Հարավային Օսիայից (վրացական պաշտոնական անվանումը՝ Սամաչաբլո)։
Ըստ վրաց փաստեր ստուգողների, այս պնդումը սխալ է․ իրականում Գվարամիան հեռուստաեթերի ժամանակ հայտնել է, որ Եվրամիության անդամ դառնալով՝ Վրաստանը հնարավորություն կունենա խաղաղ ճանապարհով «վերաինտեգրել» այդ երկրամասերը, որովհետև, ըստ նրա, այդ դեպքում, օրինակ, աբխազներն իրենք կցանկանան միանալ Վրաստանին՝ գերադասելով եվրոպական Վրաստանը թուլացած Ռուսաստանից։ Բացի դրանից, այս համատեքստում Գվարամիան խոսել է Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի մասին՝ համարելով նրան «պատմական անձնավորություն», որը քաջություն է գտել և ազատել է Հայաստանը «Լեռնային Ղարաբաղ կոչվող քաղցկեղից»։ «Գուցե ցինիկ հնչի և հայերին դուր չգա այն, ինչ ասում եմ, բայց Ղարաբաղը, համաձայն միջազգային իրավունքի, Ադրբեջանի մասն է»,- ասել է նա։ Ընդ որում, վրացական կայքում Նիկոլ Փաշինյանին սխալմամբ ներկայացնում են որպես Հայաստանի նախագահ։
Ղազախստանյան Factcheck.kz-ն ստուգել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Կանատ Թումիշի հայտարարությունն այն մասին, որ աֆղանական «Թալիբանը», որը Ղազախստանում ճանաչվել է որպես արգելված ահաբեկչական կազմակերպություն, այդպիսին չէ անգամ զարգացած արեւմտյան երկրների համար, մասնավորապես, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի։
Ըստ ղազախստանյան փաստեր ստուգողների վճռի, այս պնդումը ճիշտ է՝ կազմակերպությունը գրանցված չէ ամերիկյան և բրիտանական ցուցակներում որպես ահաբեկչական, թեև տարբեր տարիներին, մասնավորապես ԱՄՆ-ի պաշտոնական փաստաթղթերում, Թալիբանը համարվել է ահաբեկչական կամ ահաբեկչությունը հովանավորող կազմակերպություն։
Ռուսաստանյան Проверено-ն անդրադարձել է վիրուսային տեսանյութին, որը ցույց է տալիս Տոկիոյի աշխույժ թաղամասերից մեկում ցուցադրվող գովազդը։ Դրանում իբր պատկերված է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ուղղված կոչը․ «Կանգնեցրե՛ք Զելենսկուն, կանգնեցրե՛ք պատերազմը»։ Ռուսաստանյան փաստեր ստուգողները նկատում են, որ ռուսական մի շարք տելեգրամ-ալիքներ տարածել են հոլովակը այն մեկնաբանությամբ, թե իբր այն ցույց է տալիս, որ աշխարհը միակամ չէ Ուկրաինային աջակցելու հարցում։ «Ճապոնիան դեմ է պատերազմին և Զելենսկուն, իսկ Ճապոնիայի իշխանությունները կողմ են։ Եվ այդպես է ամբողջ աշխարհում»,- մասնավորապես, գրել է բլոգեր Ալեքսանդր Սեմչենկոն։ Փաստեր ստուգողները պարզել են, որ սա կեղծված տեսանյութ է։ Դրանում իսկապես պատկերված է Տոկիոյի Սիբույա թաղամասը, սակայն տեսանյութում երևում է Tokyu Toyoko առևտրի կենտրոնը, որը փակվել է դեռ 2020-ին, իսկ շենքը քանդվել է ամենաուշը 2022-ին։ Հայտնաբերվել է նաև օրիգինալ տեսանյութը, որտեղ Զելենսկուն վերաբերող գրության փոխարեն իրականում պատկերված են աղջիկներ և գրություն ճապոներենով։
Աշխարհ
Ամերիկյան PolitiFact-ը ստուգել է սոցիալական մեդիայում տարածված այն պնդումը, թե 13 երկրներ որոշել են հրաժարվել գյուղատնտեսությունից՝ կլիմայական փոփոխությունները կասեցնելու նպատակով։ Սոցցանցային գրառումները հղում են անում The European Union Times պահպանողական թերթի հրապարակմանը, որն իր հերթին հղվում է մեթանի արտանետումների կառավարմամբ զբաղվող հասարակական կազմակերպության հաղորդագրության վրա։ Համաձայն դրա, այս տարվա ապրիլին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 13 երկրների ներկայացուցիչներ պարտավորվել են քայլեր ձեռնարկել՝ մեթանի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ։ Սակայն գյուղատնտեսությունից այդ նպատակով հրաժարվելու վերաբերյալ որևէ հիշատակում չկա։
«Հանուն կլիմայի և մաքուր օդի» կոալիցիայի տվյալների համաձայն, մեթանի մարդածին արտանետումների մեծ մասը բաժին է հասնում գյուղատնտեսությանը՝ անասնապահությանը և բրնձի արտադրությանը (40%), այնուհետև հանածո վառելանյութերին (35%) և սննդային օրգանական նյութերի մնացորդներին (20%): Կոալիցիայի գնահատականով, մինչև 2030 թվականը հնարավոր կլինի մեթանի արտանետումների ծավալը նվազեցնել 25 տոկոսով՝ առանց մեծ ծախսերի։ Գյուղատնտեսության «չեղարկումը», այսպիսով, մեթանի արտանետումները կառավարելու միջոց չի դիտարկվում։
Snopes-ը ստուգել է յութուբյան ալիքներից մեկի տարածած պնդումն այն մասին, թե իբր վերջերս մահացած իռլանդացի երգչուհի Շինեդ Օ’Քոնորը մահվանից անմիջապես առաջ Հոլիվուդին ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ է հղել։ Փաստեր ստուգողները պարզել են, որ չնայած սկանդալային վերնագրին, ներկայացվող տեսանյութ-ձայնագրությունում չկա որևէ ապացույց այն մասին, որ Օ’Քոնորն իրեն վերագրվող բովանդակությամբ ուղերձ է թողարկել, իսկ ձայնագրությունը, ամենայն հավանականությամբ, գեներացրել է արհեստական բանականությունը։
Ամփոփեց Ջեյմս Մերկուրի Կարապողոսյանը