«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել է ապատեղեկատվության տարածմամբ հայտնի ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարը, որում մի խումբ դպրոցականներ Ուկրաինայի Լվով քաղաքում իբր պատկերում են նացիստական սվաստիկան՝ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրվա առիթով:
Իրականում, սակայն, ինչպես պարզել են վրաստանցի փաստեր ստուգողները, տարածվող լուսանկարը ոչ մի կապ չունի Ուկրաինայի հետ:
Այն արվել է 2016 թվականի ապրիլի 12-ին ռուսական Պենզա քաղաքում՝ Ավիացիայի և տիեզերագնացության համաշխարհային օրվա տոնակատարությունների ժամանակ: Ավիացիայի ու տիեզերագնացության օրն ամեն տարի նշվում է ապրիլի 12-ին, քանի որ 1961 թվականին հենց այդ օրն էր սովետական տիեզերագնաց Յուրի Գագարինն առաջինը պատմության մեջ դուրս եկել տիեզերք: 2016 թվականին նշվում էր այդ իրադարձության 55-ամյակը, իսկ լուսանկարում, ըստ այդմ, ոչ թե նացիստական սվաստիկա է, այլ պարզապես 55 թիվն է պատկերված:
Ղազախստանյան Factcheck.kz-ն ստուգել է համացանցի ռուսալեզու տիրույթում տարածվող այն տեղեկությունները, թե իբր Ուկրաինայի պատերազմում տասը հազար լեհ զինվորականներ են զոհվել:
Փաստեր ստուգողները, սակայն, պարզել են, որ սկզբնաղբյուրը, որին հղում են արել որոշ ռուսական լրատվամիջոցներ լեհական Myśl Polska լրատվականն է, որը, սակայն, որևէ նման տեղեկություն երբևէ չի հրապարակել: Համապատասխան հերքումներով են հանդես եկել նաև լեհական խմբագրության ներկայացուցիչները:
Ռուսական Проверено-ն անդրադարձել է վերջերս համացանցում լայն տարածում ստացած տեսանյութին, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իբր, շփոթում է, թե որ ձեռքին է կրում ժամացույցը: Տեսանյութը լայն տարածում էր գտել հատկապես այն դավադրապաշտական կարծիքներին ֆոնին, թե ՌԴ նախագահն ունի նմանակ, որը հաճախ հանդես է գալիս Պուտինի փոխարեն տարբեր միջոցառումների ժամանակ: Բացի դա, հայտնի է, որ Պուտինը ժամացույցը կրում է աջ ձեռքին, այնինչ մարդկանց մեծ մասը կրում է այն ձախին:
Վիրուսային դարձած տեսանյութն առաջինը տարածել էր Вы слушали Маяк տելեգրամյան ալիքը: Համեմատելով տելեգրամյան ալիքի տարածած հատվածը օրիգինալ տեսանյութի հետ՝ փաստեր ստուգողները պարզել են, որ դրանում պակասում են մի շարք կադրեր: Իրականում, Պուտինը ոչ թե փորձում է նայել ժամացույցին ձախ ձեռքին, այլ ինչ-որ թղթեր է վերցնում ձախ կողմից, ինչը չի երևում մշակված ու կադրերը պակասեցված տարբերակում:
Աշխարհ
Reuters-ի փաստեր ստուգող թիմն անդրադարձել է Ֆլորիդայում այս օրերին մոլեգնող Իդալիա փոթորկի վերաբերյալ հեռուստանյութերում հայտնված լուսանկարին: Լուսանկարում երևում է մի շուն, որի մարմինը գրեթե ամբողջությամբ ջրի մեջ է:
Poor dog becomes the victim of Cat 4 Hurricane Idalia. Please save your pets too, as you save yourselves during evacuations. #Idalia #hurricaneidalia #HurricaneIdalia2023 #FloridaHurricane #Florida #IDALIAhurricane pic.twitter.com/BCRZ70yXhO
— Insider Times (@Insider_Times) August 30, 2023
Իրականում, սակայն, այդ լուսանկարը նոր չէ և կապ չունի Ֆլորիդա նահանգի հետ: Այն արվել է 2016 թվականին Տեխասում՝ Բրազոս գետի վարարման ժամանակ:
Snopes-ը, իր հերթին, անդրադարձել է մեկ այլ լուսանկարի, որում լեգենդար կիթառահար Ջիմի Հենդրիքսն ու հայտնի քանթրի երգչուհի Ջոան Բաեզը միասին, իբր, մարիխուանա են ծխում:
Այդ լուսանկարը համացանցում տարածվում է սկսած 2013 թվականից՝ ներկայացվելով իբրև 1968 թվականի լուսանկար, որում աստղերը միասին մարիխուանա են ծխում բոնգով:
Փաստեր ստուգողները, սակայն, պարզել են, որ լուսանկարը խմբագրված է: 1968 թվականի օրիգինալ լուսանկարում, իրոք, Ջիմի Հենդրիքսն ու Ջոան Բաեզը միասին ծիծաղում, սակայն առանց որևէ բոնգի ու մարիխուանայի:
Պատրաստեց Վահե Ղուկասյանը