Գլխավոր լուսանկարը՝ Photolure
«Դիմադրություն» շարժումն արդեն ավելի քան 40 օր փողոցային պայքարի միջոցով փորձում է հասնել գործող վարչապետի հրաժարականին։ Շարժման մասնակիցները գրեթե ամեն օր անհնազանդության ակցիաներ և երթեր են իրականացնում Երևանի փողոցներում և երեկոյան ամփոփիչ հանրահավաքներ՝ Ֆրանսիայի հրապարակում, որը մայիսի 1-ից ի վեր փակ է երթևեկության համար։
Երթերից մեկի ժամանակ՝ հունիսի 3-ին, երբ երթը հասել էր կառավարական առանձնատների մոտ և փորձում էր շարժվել դեպի ԱԺ, բախումներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանների միջև, որոնց հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, հիվանդանոց է դիմել 60 անձ, որոնցից 39-ը՝ ոստիկաններ, 21-ը՝ անհնազանդության ակցիայի մասնակիցներ։
Բախումների ժամանակ ոստիկանությունն օգտագործեց լուսաձայնային նռնակներ, որոնց կիրառման անհրաժեշտությունը ոստիկաններից մեկը պատճառաբանեց նրանով, որ ակցիայի մասնակիցները քարերով հարվածում էին ոստիկաններին։
Ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումից հետո ընդդիմության ներկայացուցիչները պնդում էին, որ հավաքը խաղաղ բնույթ էր կրում։ Հակառակ այս պնդման՝ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ հավաքը խաղաղ չէր և հետևաբար՝ ոստիկանության գործողությունները իրավաչափ էին։
«Փաստերի ստուգման հարթակը» համացանցում և լրատվամիջոցներում առկա տեսանյութերի և ուղիղ հեռարձակումների միջոցով ուսումնասիրել է հունիսի 3-ին տեղի ունեցած բախումները և առանձնացրել երկու կողմերից ուժի կիրառման դրվագները։
Ինչի՞ց սկսվեցին բախումները
«Դիմադրություն» շարժումը հունիսի 3-ին բողոքի ակցիա էր անցկացնում կառավարության շենքի մոտ, որի ժամանակ շարժումն առաջնորդող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ըստ իր տեղեկության՝ Փաշինյանը ոչ թե կառավարության շենքում է, այլ կառավարական առանձնատանը։ «Առաջարկում եմ բացել բոլոր մուտքերը (կառավարության շենքի,-խմբ․) և շարժվել դեպի կառավարական ամառանոց»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, և երթը շարժվեց դեպի կառավարական առանձնատներ։
Երթը շարժվել է նկարում պատկերված հետագծով և կանգ առել Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Այդտեղ կենտրոնացած էին ոստիկանական ուժերը և փակել էին Դեմիրճյան փողոցի մուտքը։
Կարճ ժամանակ կանգ առնելուց և ելույթներ ունենալուց հետո Իշխան Սաղաթելյանը հայտարարեց երթով Ազգային ժողով գնալու մասին․ «․․․ Էս ընթացքում նաև մի քանի պատգամավոր թաքնվել են խորհրդարանում, ինչ-որ նկարներ են հրապարակում, ասում են՝ մենք չենք փախել, մենք ստեղ ենք։ Դե որ ըտենց ա, սպասեք խորհրդարանում, հիմա գալիս ենք խորհրդարան»,- հայտարարեց Սաղաթելյանը, որից հետո ոստիկաններին կոչ արեց բացել փողոցը, որպեսզի երթը Դեմիրճյան փողոցով գնա խորհրդարան: «Կանայք, աղջիկները թող էս կողմ գան, էս փողոցը հենց հիմա պտի բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա։ Գնացինք փողոցը բացելու, ըտեղով գնում ենք խորհրդարան»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Այս կոչից հետո երթի մասնակիցները առաջացան դեպի ոստիկանական պատը և փորձեցին հրելով բացել փողոցը, որպեսզի գնան իրենց նախանշած երթուղով։ Ոստիկանությունը չբացեց փողոցը, սկսվեց հրմշտոց, որը վերածվեց երկկողմանի ծեծկռտուքի։
Մանրամասներ բախումներից
Para TV-ի, Yerevan today-ի և 24news-ի ուղիղ հեռարձակումների ուսումնասիրությունից երևում է, որ հրմշտոցի ժամանակ ցուցարարները ձեռքին եղած առարկաները նետում են ոստիկանների ուղղությամբ։ Նշենք, որ մինչև 11-րդ տեսանյութը նկարագրված գործողությունները տեղի են ունեցել ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիառելուց առաջ։
Para TV-ի ուղիղ հեռարձակման 4 ժ․ 35 ր 40 վրկին ակցիայի մասնակից մի քաղաքացի ձեռքի շիշը նետում է ոստիկանների ուղղությամբ։
Վայրկյաններ անց՝ տեսանյութի 4 ժ․ 36 ր․ 15 վրկին, մեկ այլ քաղաքացի, հայտնվելով ոստիկանական պատնեշի առաջին շարքերում, ձեռքերով բռնում է ոստիկանի սաղավարտից և քաշում, ինչի հետևանքով ոստիկանի վրայից ընկնում է սաղավարտը։ Նրա կողքի ցուցարարն էլ հարվածում է ոստիկանի սաղավարտին։
Yerevan Today-ի ուղիղ հեռարձակման 4 ժ․ 37 ր․ 25 վրկ-ում մեկ այլ քաղաքացի դարձյալ շիշ է նետում ոստիկանական զորքերի ուղղությամբ։ Կադրում տեսանելի են օդում երևացող այլ առարկաներ, որոնք նույնպես նետվում են ոստիկանների ուղղությամբ։
Para TV-ի ուղիղ հեռարձակման այս կադրում երևում է, թե ինչպես է մի քաղաքացի գետնից ինչ-որ առարկա վերցնում և նետում ոստիկանների ուղղությամբ։ Զուգահեռ կարող եք տեսնել տարբեր ուղղություններով նետվող առարկաներ։
Yerevan Today-ի այս կադրում էլ մի կին շրջվում, գետնից ինչ-որ իր է վերցնում և նետում ոստիկանների ուղղությամբ։ Դրանից անմիջապես հետո հետևի շարքերում կանգնած կինն էլ է ոստիկանների ուղղությամբ ինչ-որ բան նետում։
Սակայն միայն անհնազանդության ակցիա իրականացնողները չէին, որ առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանությունը նույնպես առարկաներ էր նետում ցուցարարների ուղղությամբ։
Օրինակ այս կադրում ոստիկանների կողմից կոշիկ է նետվում ցուցարարների ուղղությամբ, որը դիպչում է քաղաքացիներից մեկի գլխին, ինչի հետևանքով վերջինիս գլխարկն ընկնում է գետնին։ Այս կադրից հետո կարող եք տեսնել, թե ինչպես են երկկողմանի իրար ուղղությամբ ինչ-որ առարկաներ նետում։
Հաջորդ տեսանյութի երեք կադրերում [1,2,3] երևում է, թե ինչպես են քաղաքացիները շշեր նետում ոստիկանների ուղղությամբ։
Ինչպես մի դրվագում ոստիկանների կողմից կոշիկ էր նետվել ցուցարարների ուղղությամբ, այդպես էլ այս դրվագում ցուցարարն է գետնից կոշիկ վերցնում և նետում ոստիկանների ուղղությամբ։
Այս տեսանյութում քաղաքացիներից մեկի նետած առարկան դիպչում է ոստիկանի երեսին։
Բախման վայրից ուղիղ եթերների դիտարկման արդյունքում առանձնացրել ենք նաև մի քանի կադրեր, որտեղ ոստիկանության աշխատակիցները ծեծում են կամ հարվածում են անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։
Այս տեսանյութում մի քանի ոստիկան ծեծում են քաղաքացիներից մեկին։
Մեկ այլ տեսանյութում ոստիկանը ռետինե մահակով հարվածում է քաղաքացիներից մեկին՝ գլխի շրջանում, ինչից հետո քաղաքացին գլուխը բռնած հեռանում է ոստիկանական պատի մոտից։
Այս տեսանյութում ոստիկանը հարվածում է բերման ենթարկվող քաղաքացու թիկունքին։
Այս մեկում ընկած քաղաքացու դեմքին հարվածողը ոստիկանության սպա է։ Վերջինս ոտքով հարվածում է գետնին ընկած քաղաքացու երեսին, որից հետո հեռանում է։
Բախումների հաջորդ օրը «Հայաստան» դաշինքը ոստիկանական բռնության կադրերով
տեսաշար էր հրապարակել։ Ոստիկանության կողմից ուժի կիրառման կադրեր հրապարակել էր նաև փաստաբան Ամրամ Մակինյանը։ Օրեր անց մի տեսանյութ էլ հրապարակեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Դրանում երևում է ուշագնաց եղած մի քաղաքացի, որը, ըստ Զոհրաբյանի, ուշագնաց է եղել ոստիկանների հետ բախման հետևանքով։
Հատուկ միջոցների կիրառության մասին
Այս բախումների ժամանակ ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ՝ ԱՍԶ-40 լուսաձայնային նռնակներ և ռետինե մահակներ։ Թեև նռնակները պետք է օդում պայթեին՝ քաղաքացիներից անվտանգ հեռավորության վրա, սակայն քաղաքացիներից մեկը պնդում է, որ այն պայթել է շատ մոտ տարածության վրա, ինչից էլ ինքը վնասվածք է ստացել։
Ըստ առկա տեսանյութերի՝ նռնակներից մեկը պայթել է շատ ցածր բարձրության վրա, լուսացույցի մոտ, որտեղ հավաքված էին և՛ ոստիկանական ուժեր, և՛ ցուցարարներ։ Այս կադրն այլ տեսանկյունից ֆիքսել են նաև լրատվամիջոցները։
Մյուս նռնակները ավելի բարձր են պայթել, ֆիքսվել է երկուսի պայթյունի պահը։
Հատուկ միջոցների գործադրումը կարգավորվում է «Ոստիկանության մասին» օրենքով։ Օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ ոստիկանությունն իրավունք ունի լուսաձայնային միջոցներ կիրառելու, եթե խափանում է քաղաքացիների և ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը, եթե չեն ենթարկվում իրենց օրինական պահանջին, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ, եթե ազատում են առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցները և եթե խափանում են տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները։
Հատուկ միջոցների կիրառության կարգը, կիրառության թույլատրելի չափանիշները սահմանվում են առողջապահության նախարարի հրամանով։ Ըստ սահմանված կարգի՝ «ԱՍԶ-40»-ի կիրառման ժամանակ 10 մետր հեռավորության վրա ձայնային ճնշման մակարդակը պետք է լինի 120 դեցիբելից ոչ ավելի, իսկ գործարկման նվազագույն հեռավորությունը՝ 100 մետր։
Կոնկրետ այս տեսակի լուսաձայնային նռնակի համար նշված չէ, թե որքան պետք է լինի մարդկանցից պայթյունի նվազագույն հեռավորությունը, սակայն, ըստ չափանիշների, ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված մյուս լուսաձայնային նռնակների («Զարյա», «Զարյա-2», «Ֆակել», «Ֆակել-Ս», «Պլամյա», «Պլամյա-Մ», «Պլամյա-Մ2»)՝ մարդուց անվտանգ գործարկման նվազագույն հեռավորությունը սահմանված է 2․5 մետր։
Մեկ այլ՝ ոստիկանության պետի հրամանով սահմանվում է ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ օգտագործելու և դրանք ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը։ Ըստ այս հրամանի՝ «ԱԶՍ-40» լուսաձայնային նռնակը բեկորային վնասվածքներ չի պատճառում։
Ինչ վերաբերում է հատուկ միջոց ռետինե մահակների օգտագործմանը, ապա ըստ ԱՆ սահմանած չափանիշի, չի թույլատրվում մահակով հարվածներ հասցնել մարդկանց գլխին, վզին, փորին, սեռական օրգաններին, ներքին օրգանների հատվածներին, ինչպես նաև ծերերին, հղիներին և հաշմանդամներին։ Սակայն վերևում տեղադրված տեսանյութերից մեկում պարզ երևում է, թե ինչպես է ոստիկանը մահակով հարվածում քաղաքացուն՝ գլխի շրջանում։ Ոստիկանության պետի հրամանում ասվում է, որ ռետինե մահակների օգտագործման ժամանակ պետք է ձգտել խուսափել գլխին և պարանոցին հարվածելուց
Ոստիկանությունը` դեպքի մասին
Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներից հետո ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի, ցույցի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Ըստ ոստիկանության՝ ցուցարարները չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։
Ինչ վերաբերում է շշեր նետելուն, ապա դա ակնհայտ էր նույնիսկ ուղիղ եթերներից վերցրած հատվածական տեսանյութերից։ Տեսանյութերից հնարավոր չէ հասկանալ` ոստիկանների ուղղությամբ քարեր կամ մետաղական այլ առարկաներ նետվել են, թե ոչ։
Օրեր անց ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էին քաղաքացիների կողմից ոստիկանության վրա նետվող առարկաների կադրերը։ Տեսանյութի մի հատվածում քաղաքացիներից մեկը երկար մուրճի նմանվող առարկայով հարվածում է ոստիկանի թիկունքին։
Ոստիկանությունը նշում է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակյա և պլաստմասե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ։ Այս խոսքին զուգահեռ ցուցադրվող կադրերում երևում են միայն պլաստմասե շշեր և քարեր։
Բացի այդ, թեև ոստիկանությունը նշում է միայն ոստիկանական համազգեստի պատռված կտորներ հայտնաբերելու մասին, սակայն դեպքի վայրում միայն ուղիղ հեռարձակումը դիտելիս հնարավոր է տեսնել քաղաքացիական պատռված հագուստի կտորներ, կոշիկներ և այլն։
ՄԻՊ-ի մշտադիտարկման արդյունքները
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում արձանագրված է ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման և բախումների փաստը։ Բացի այդ, նշվում է, որ քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցներում քաղաքացիները հայտնել են, որ մի շարք դեպքերում իրենց մարմանական վնասվածքները հասցվել են արդեն իսկ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս փաստացի արգելանքի վերցված լինելու պայմաններում, այսինքն՝ ոչ թե դեպքի վայրում բախումների ժամանակ, այլ դրանից հետո, երբ արդեն նրանց բերման են ենթարկել։
Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել են նաև ոստիկանության ծառայողներին հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին դեպքերը, այդ թվում՝ կտրող-ծակող գործիքներից, ծանր մետաղական առարկաներից։
Հետաքրքրական է, որ «Դիմադրություն» շարժումը հենց հաջորդ օրը երթով անցել է նույն՝ Դերենիկ Դեմիրճյանի փողոցով, որը նախորդ օրը ոստիկանական զորքերը փակել էին։
Նարեկ Մարտիրոսյան