Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից հետո տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Պարեկային ծառայողները ավտոմեքենան ոչ թույլատրելի վայրում իբրև թե կայանելու համար մոտեցել են, խոսակցության ընթացքում արցունքաբեր գազը փչել [եղբոր՝ Արամ Երիցյանի] երեսին, ահավոր ծեծի ենթարկել, ձեռնաշղթաները հագցրել, և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Հիմա իր ձեռքը կոտրած, թաթի մատները կոտրատած [են], աչքերը ընդհանրապես չեն տեսնում, գլուխը ուռած վիճակում՝ գտնվում է ոստիկանության Արբակիրի բաժանմունքում»,- նույն եթերում ասում է Ռոման Երիցյանը ուղիղ եթերում:
Նույն օրը Ռոման Երիցյանի էջում տարածվեց նկար, որտեղ երևում էր Արամ Երիցյանի ձեռքի քերծված արմունկը:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 2-ին, Ռոման Երիցյանի ուղիղ եթերին ժամերի տարբերությամբ արձագանքել են ՀՀ ներքին գործերի նախարարությունը և Քննչական կոմիտեն:
Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, թե ՆԳՆ ներքին անվտանգության ու հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննությամբ «ուսումնասիրվել են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսահսկող սարքերի տեսագրությունները»։
«Պարզվել է, որ հիմնավոր կասկածանքով ձերբակալման և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու ընթացքում նշված անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք, ոչ նրա, ոչ ԼՂ բնակչության հասցեին չի հնչել վիրավորական որևէ արտահայտություն, ձերբակալումն էլ կատարել են ոչ թե պարեկային 10 ծառայողներ, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ մեկ կարգախումբ՝ երկու պարեկով»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Հաղորդագրությունում միաժամանակ ասվում էր, որ ձերբակալման ընթացքում տղամարդը հասցրել է հարվածներ և դիմադրություն ցույց տվել պարեկներին։
Ժամեր անց ՀՀ քննչական կոմիտեն է հրապարկել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են երկու պարեկային ծառայողներ փորձում ձերբակալել Արամ Երիցյանին: Տեսանյութում երևում է, որ Արամ Երիցյանը փորձում է դիմադրել պարեկներին, սկսում է հրմշտոց, որի ընթացքում նաև Արամ Երիցյանը ձեռքով հարվածներ է հասցնում պարեկներից մեկին:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է.
«Պարեկների մոտ կասկածներ են առաջացել, որ 27-ամյա անձը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ավտոմեքենան իրեն պատկանելու հանգամանքը թաքցնելու նպատակով։ Առաջարկվել է մոտենալ տարածքային ոստիկանության բաժին, սակայն երիտասարդը հրաժարվել է»։
Տեսանյութը տարածվել էր «Ա. Երիցյանը ձերբակալվել է՝ պարեկների օրինական ծառայողական գործունեությունը միջամտելու կասկածանքով. նրա նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել» վերտառությամբ:
Երկու օր անց՝ օգոստոսի 4-ին տեսանյութ է հրապարակել նաև Ռոման Երիցյանը: Տեսնայութում լսվում է, թե ինչպես է Արամ Երիցյանը պարեկին ասում՝ «ձեռնաշղթայով չեմ գալիս»: Որից հետո սկսվում է հրմշտոցը: Այնուհետև երևում է՝ ինչպես է պարեկներից մեկը Արամ Երիցյանի գլուխը հենած պահում գետնին, մյուս պարեկը արցունքաբեր գազ է փչում Ա. Երիցյանի դեմքին: Այդ ընթացքում մի քանի անգամ հնչում է՝ «հանգստացիր», «հանգիստ նստիր» արտահայտությունները՝ ենթադրաբար պարեկների կողմից:
Ռոման Երիցյանի խոսքով, իրեն են տրամադրել միայն մեկ ձայնագրություն, իսկ մյուս պարեկային ծառայողի տեսաձայնագրող սարքի տեսաձայնագրությունը չեն տրամադրել, պատճառաբանելով, որ սարքը եղել է անջատված վիճակում: Նույն հրապարակման մեկանբանությունների բաժնում Ռոման Երիցյանը հրապարակել էր նկար, որտեղ երևում է, մյուս պարեկի տեսաձայնագրող սարքը՝ միացված վիճակում:
Նույն օրը՝ ավելի ուշ Ռոման Երիցյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Քննչական կոմիտեի՝ Արամ Երիցյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է: Հրապարակված նկարից երևում է, որ Արամ Երիցյանը ազատության մեջ է:
Այսպիսով, Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութից երևում է, որ պարեկները 2 հոգի են, և ոչ թե՝ 10 հոգի, և որ իսկապես, Արամ Երիցյանը դիմադրում է: Բայց միաժամանակ նկարից երևում է, որ Արամ Երիցյանը ունի առնվազն ձեռքի վնասվածք: Բայց ձեռքը կամ ձեռքի մատները կոտրած լինելու փաստեր, ինչը պնդում էր Ռոման Երիցյանը դեպքի հետ կապված իր առաջին ուղիղ եթերում, առնվազն հրապարակված տեսանյութերում, կամ գոնե այդ մասին վկայող լուսանկարներ չկան: Միաժամանակ հրապարակված է միայն մի պարեկի տեսաձայնագրող սարքի տեսաձայնագրությունը, այն էլ ոչ լրիվությամբ, իսկ մյուսինը՝ բացակայում է:
Հաշվի առնելով այս ամենը, կարող ենք փաստել, որ և՛ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ:
Ալյոնա Հայրապետյան