Հունիսի 21-ին մի քանի լրատվական կայքեր «Google-ը Նիկոլին ընդգրկում է Ալիևների «ընտանիքում»» վերտառությամբ հոդված են հրապարակել, որտեղ կարճ տեսանյութով պատկերված է Google համակարգով որոնման արդյունքը։ Ըստ տեսանյութի՝ օգտատերը որոնել է «Ильхам Алиев», իսկ «նմանատիպ հարցումներ» բաժնում ցուցադրված է նաև «Николь Пашинян» արդյունքը։
Տեսանյութին կից օգտատերը գրել է․ «Եթե Google-ով փորձեք փնտրել Ադրբեջանի նախագահի մասին տեղեկություններ, ապա շատ հետաքրքիր մի բան կնկատեք… Պարզվում է Google-ի համար Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ միասին ընդգրկված են Ալիևների «ընտանիքի» մեջ… Էրդողանի պարագայում զարմանալի ոչինչ չկա, քանի որ Ալիևները երբեք չեն թաքցրել, որ Էրդողանն իրենց ավագ «եղբայրն» է… Իսկ այ կապիտուլյանտ և հողատու Նիկոլի պարագայում, թե Google-ը որպես ինչ է դրան ընդգրկում Ալիևների շարքերում, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել…»։
Հոդվածը վերահրապարակել են iravunk.am, armday.am, operativ.am, irakanum.am, blognews.am կայքերը և մի քանի սունկ կայքեր։ Հոդվածի սկզբնաղբյուրը մանիպուլյացիաներով և կեղծ տեղեկությունների տարածմամբ հայտնի ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանն է։
Իրականում, Google-ի որոնողական համակարգը դասակարգումներն անում է ըստ նմանատիպ որոնումների, այսինքն այս բաժանումները չեն կատարվում ենթադրյալ «ընտանիքներով»։
Որպես օրինակ, Google-ում որոնելով «Владимир Путин»՝ «նմանատիպ հարցումներ» բաժնում կտեսնենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Քանի որ Համբարյանը որոնել է ռուսալեզու Google-ում, մենք էլ վարվեցինք նույն կերպ։
Նույն օրինակով՝ եթե որոնենք «Владимир Зеленский», «նմանատիպ հարցումներ» բաժնում կտեսնենք ՌԴ նախագահ Պուտինին։
Հաշվի առնելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տևական պատերազմը, դժվար թե կասկած լինի, թե Զելենսկին ու Պուտինը «նույն ընտանիքից են»։
Ընդ որում, թեև այս լուրը տարածող օգտատերը նշում է միայն Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամն Ալիևի «ընտանիքում» լինելու մասին, սակայն այդ ցանկում կան նաև ՀՀ նախկին նախագահներ Սերժ և Արմեն Սարգսյանները։ Ավելին՝ նրանց հետ նույն տողի վրա է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։
Այսպիսով՝ Google որոնողական համակարգի որոնումների «նմանատիպ որոնումներ» դաշտում այս կամ այն մարդկանց լինել-չլինելը կապված է փոխկապակցված որոնումների արդյունքներից, երբեմն նաև քաղաքական, անձնական, բարեկամական կապերից, սակայն ոչ մի դեպքում «ընտանեկան» որևէ գործոնով պայմանավորված չէ։
Նարեկ Մարտիրոսյան