Այս տարվա հունիսին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկեց չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» կոչումները։
«ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծով որոշվեց պահպանել միայն «Արվեստի վաստակավոր գործչի» ու «Մշակույթի վաստակավոր գործչի» կոչումները։
Ըստ նախագծի հիմնավորման՝ «քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են»։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե նորանկախ Հայաստանում թվով քանի արվեստագետ է արժանացել ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, վաստակավոր արտիստի և վաստակավոր նկարչի կոչումների, ինչպես նաև, թե հանրապետության ո՛ր նախագահն է շնորհել այդ կոչումները։
Նշենք, որ «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ՀՀ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքն ընդունվել է 2002 թ.-ին։ Կարգավորումները վերասահմանվել են 2004 ապա 2014 թթ. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով։
ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչման արժանացած գործիչների ցանկը
Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ նորանկախ Հայաստանում ժողովրդական նկարչի պատվավոր կոչման արժանացել է 22 գործիչ:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ժողովրդական արտիստի/նկարչի կոչումներ չեն շնորհվել: Համենայնդես, մեր հարցումներին ի պատասխան նման տվյալներ չեն ստացվել
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանն է արժանացրել 3 նկարչի՝ գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին, որը 1977 թ.-ին նաև ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչումն էր ստացել, քանդակագործ Լևոն Թոքմաջյանին և քանդակագործ Արտաշես Հովսեփյանին։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանն է արժանացրել 16 արվեստագետների։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ժողովրդական նկարչի պատվավոր կոչմում են ստացել 3 արվեստագետ՝ նկարիչ Արամ Իսաբեկյանը, որը 2002-ին նաև արժանացել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, քանդակագործներ Գետիկ Բաղդասարյանը և Յուրի Պետրոսյանը։
ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման է արժանացել 38 գործիչ,: Կոչումներից 14-ը շնորհել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 22-ը՝ Սերժ Սարգսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաավարման շրջանում Ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանն են արժանացել դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանը և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, որին 2008 թվականին շնորհվել էր նաև Արվեստի վաստակավոր գործչի կոչում։
Նշենք, որ ժողովրդական արտիստի և ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանն արժանացած գործիչների պատվովճարի չափը կազմում է ամսական 40,000 դրամ։ ԿԳՄՍ նախարարությունից ասացին, որ բացառություն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, որի համար կառավարության առանձին որոշմամբ ամսական պատվովճարի չափ է սահմանվել 100,000 դրամը։
Վաստակավոր գործիչների ամբողջական ցանկ չկա
Ուշագրավ է, որ վաստակավոր արտիստների ամբողջական ցանկին, ըստ էության, չի տիրապետում պետական գերատեսչություններից ոչ մեկը:
ԿԳՄՍ նախարարությունից FIP.am-ին տրամադրել են ՀՀ վաստակավոր արտիստի և վաստակավոր նկարչի, մշակույթի վաստակավոր գործչի և արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանն արժանացած գործիչների ցանկը՝ նշելով, որ այն ամբողջական չէ։ Նախարարությունից տեղեկացրին, որ թեև իրենց տրամադրած ցանկը կարող է շեղում տալ շուրջ 20-30 գործիչների անունների տարբերությամբ, այդուհանդերձ, ուղղորդեցին ամբողջականը ստանալ ՀՀ նախագահի աշխատակազմից։
Մինչդեռ Բաղրամյան 26-ից, ի պատասխան մեր գրավոր հարցման, տրամադրեցին միայն 2018 թվականի ապրիլից սկսած պարգևի արժանացած գործիչների ցանկը՝ պատճառաբանելով, որ նախագահի աշխատակազմի առկա պետական հիմնարկը ստեղծվել և իր գործունեությունն իրականացնում է 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած։ Նախագահականից ուղղորդեցին ցանկը ստանալ Հայաստանի ազգային արխիվից, քանի որ նախկինում հավաքված տվյալները փոխանցվել են արխիվ։
Հայաստանի ազգային արխիվն իր հերթին տրամադրեց ցանկ, բայց կրկին նշելով, որ այն ամբողջական չէ։ «ՀՀ Կառավարության 2008-2017 թթ. հրամանագրերը առգրավվել են, հետևաբար ամբողջական տեղեկություն տրամադրել չենք կարող», — նշված է պատասխանում։ Իսկ հարցին, թե ում կողմից են հրամանագրերն առգրավվել, արխիվից մեզ պատասխանեցին. «Չենք կարող ասել հստակ՝ որ կառույցի կողմից է տարվել, գուցե Ազգային անվտանգության ծառայության, գուցե Քննչական կոմիտեի կողմից։ Ժամանակ առ ժամանակ տանում են արխիվից փաստաղթեր։ Այս դեպքում անժամկետ է, այսինքն՝ գուցե մեկ տարով կամ ավելի երկար ժամանակով են տարել»։
Այսպիսվ, ներկայացնենք տարբեր գերատեսչությունների կողմից մեզ տրամադրված՝ պատվավոր կոչման արժանացած գործիչների ոչ ամբողջական ցանկերը։
Վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանն արժանացած գործիչները՝ ըստ ԿԳՄՍ նախարարության։
Վաստակավոր նկարչի պատվավոր կոչմանն արժանացած գործիչների ցանկը։
Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանն արժանացած գործիչների ցանկը։
Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանն արժանացած գործիչների ցանկը։ Ազգային արխիվի կողմից ներկայացված արվեստի գործիչների ցանկը։
Նախագահականից ներկայացված արվեստի գործիչների ցանկը։
Նելլի Լազարյան