«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան Factcheck.ge-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Ավստրալիայում նոր օրենք է ընդունվել, որով կարելի է մարդկանց ստիպողաբար ուղղակի տնից դուրս հանել և պատվաստել կորոնավիրուսի դեմ: Վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ իրոք՝ նոր օրենքի նախագծով խստացվել են այն սահմանափակումները, որոնք կարող են կիրառվել վարակված մարդու հանդեպ՝ վիրուսի տարածումը կանխարգելելու համար: Սակայն Ավստրալիայում հարկադիր պատվաստում գոյություն չունի: Այդ երկրի Առողջապահության նախարարության կայքում հայտարարություն է տարածվել, որ ցանկացած հիվանդության դեմ պատվաստումը կամընտրական է և ամեն ոք ինքն է որոշում՝ անել դա, թե ոչ: Փաստացի, պնդումները, թե նոր օրենքի համաձայն Ավստրալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը հարկադիր է դարձել, կեղծ է:
Ղազախստանյան factcheck.kz-ը ստուգել է WhatsApp-ով տարածվող՝ babyfox կոնֆետի լուսանկարը և ուղեկցող ձայնային հաղորդագրությունը, ըստ որի՝ անհայտ անձինք դպրոցներում, խանութներում և փողոցներում թմրանյութ պարունակող քաղցրավենիք են բաժանում, որից երեխաները մահանում են։ ՆԳՆ մամուլի ծառայությունից Factcheck.kz-ին հայտնել են, որ թունավորված քաղցրավենիքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ղազախստանցի փաստեր ստուգողները հավելել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ թունավորված կոնֆետների մասին տեղեկություններ են շրջանառվում:
Ռուսաստանյան Проверено-ն ուսումնասիրել է սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե Ուկրաինայի նախագահը գիրք է հրատարակել, որը նույն վերնագիրն ունի, ինչ Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը»: Հրապարակումներից մեկի համաձայն, շնորհանդեսը կատարվել է Իսրայելում: Որպես ապացույց՝ նույնիսկ լուսանկար էր կցվել:
Սակայն ռուսաստանցի փաստերը ստուգողները պարզել են, որ նկարն արվել է ԱՄՆ-ում Զելենսկու՝ ամիսներ առաջ կատարած այցի ժամանակ: Իսկ լուսանկարը կեղծվել է: Իրականում դրանում Զելենսկու ձեռքին այլ գիրք է: Կոնգրեսականներից մեկը նրան նվիրել էր «Ուղեղի թեթև տրավմատիկ վնասվածքը», որը ամերիկացի զինվորական բժիշկների կողմից ուկրաիներենով կազմված ձեռնարկ է:
Աշխարհ
Գերմանական Correctiv կայքը ստուգել է տելեգրամյան ալիքների հրապարակումները, ըստ որոնց՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 106-107-րդ հոդվածների համաձայն՝ Ռուսաստանն իրավունք ունի «պատժել նացիստներին ամենուր»: Սակայն գերմանացի փաստեր ստուգողները պարզել են, որ այդ պնդումը կեղծ է: ՄԱԿ-ի կանոնադրությունը զինված ուժի կիրառում է թույլատրում միայն պաշտպանության դեպքում կամ Անվտանգության խորհրդի համաձայնությամբ։ Նշված 106-րդ և 107-րդ հոդվածները չեն պարունակում նման պնդում: Բացի այդ, այդ հոդվածները ընդունվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ, և ըստ փորձագետների՝ այժմ հնացած են:
Ամերիկյան Snopes-ի լրագրողները ստուգել են համացանցում տարածված տեղեկությունը, թե ի պատասխան ռեփեր Քանյե Ուեսթի կողմից արված հակասեմական հայտարարությունների՝ Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է նրա մոմե քանդակը, մինչդեռ Ադոլֆ Հիտլերի մոմե արձանը շարունակում է տեղադրված մնալ: Հոկտեմբերի վերջին մի քանի ընկերություններ խզեցին կապերը Քանյե Ուեսթի հետ՝ ռեփերի կողմից արված մի շարք հակասեմական հայտարարություններից և բացահայտումից հետո, որ նա իբր գովաբանել է Ադոլֆ Հիտլերին լրագրողների ներկայությամբ:
Ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, որ համացանցում տարածված տեղեկությունները կեղծ են: Նյութի հրապարակման պահին ոչ Քանյե Ուեսթի, ոչ Ադոլֆի Հիտլերի մոմե արձանը չկար Մադամ Տյուսոյի թանգարանում:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը