Նոյեմբերի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակեց այն պայմանները, որոնց դեպքում իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել:
Հոտկեմբերին Ուկրաինայի նախագահը բացառել էր բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ ՌԴ նախագահն է Վլադիմիր Պուտինը:
Նոր հայտարարությամբ Զելենսկին 5 պայման դրեց Ռուսաստանի առաջ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության վերականգնում, ՄԱԿ-ի կանոնադրության հարգում, պատերազմի պատճառած բոլոր վնասների փոխհատուցում, յուրաքանչյուր ռազմական հանցագործին՝ պատիժ, և երաշխիքներ, որ նման գործողություններ այլևս չեն կրկնվի:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչպես են փոխվել բանակցությունների վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումները ռուս-ուկրաինական պատերազմի 9 ամիսների ընթացքում:
Պատերազմի առաջին փուլ
Պատերազմի դրդապատճառները՝ ըստ Վլադիմիր Պուտինի
Պատերազմի մեկնարկի մասին փետրվարի 24-ի իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Նա կտրուկ մեղադրանքներ ներկայացրեց ՆԱՏՕ-ին դեպի ՌԴ սահմաններ ընդլայնվելու համար․
«Հյուսիսանտլանտյան դաշինքի հետագա ընդլայնումը, Ուկրաինայի տարածքների ռազմական յուրացումը մեզ համար անընդունելի է»:
Նա նշեց, որ հատուկ գործողության նպատակը Դոնբասի ժողովրդի պաշտպանությունն է, իսկ դրա համար Ռուսաստանը կձգտի Ուկրաինայի «ապառազմականացմանը» և «ապաազգայանականացմանը»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անմիջապես հանդես եկավ ելույթով՝ հայտնելով, որ փորձել է կապ հաստատել ՌԴ նախագահի հետ․
«Այսօր ես նախաձեռնել եմ հեռախոսային զրույց նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Արդյունքը՝ լռություն: Թեև լռություն պետք է լինի Դոնբասում»:
Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հետ, եթե վերջինս համաձայնվի չեզոք կարգավիճակին, ինչպես նաև հրաժարվի երկրի տարածքում զենք տեղակայել:
Փետրվարի 24-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որին փոխանցել է Ուկրաինայի պահանջը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու, և խնդրանքը՝ բանակցություններ սկսելու մասին:
Փետրվարի 25-ին Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ չեն ընդունել Ուկրաինային միության կազմ և այդ պատճառով ինքը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոքության հարցը:
Ավելի ուշ, տեսաուղերձում կոչ արեց Պուտինին բանակցություններ սկսել, որպեսզի կանխվեն մարդկային զոհերը, և հայտնեց, որ պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ:
Նույն օրը Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ծինպինի հետ զրույցում հայտարարեց, որ հաշվի առնելով Կիևից եկող ազդակները՝ պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ:
Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ իրենք պատրաստ կլինեն բանակցությունների ցանկացած պահի, երբ Ուկրաինայի զինված ուժերը կդադարեցնեն դիմադրությունը և վայր կդնեն զենքերը։
Փետրվարի 28-ին տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը Բելառուսի և Ուկրաինայի սահմանին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների մարդու իրավունքի պաշտպանների միջև փոխհամագործակցության մասին՝ հումանիտար հարցերով: Միևնույն ժամանակ, հայտնի դարձավ, որ ուկրաինական կողմը հետագա բանակցությունների համար պայմաններ է դրել, այն է՝ ռուսական զորքերի դուրսբերումը երկրի տարածքից, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից:
Մարտի 3-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը Բելառուսի սահմանին: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին խաղաղ բնակիչների տարհանման համար հումանիտար միջանցքներ տրամադրելու մասին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը լրագրողներին ասաց, որ ուկրաինական կողմը չի ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էր:
Մարտի 3-ին Զելենսկին կրկին խոսեց բարձր մակարդակով բանակցելու պատրաստակամության մասին:
Հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե պատրա՞ստ է Ուկրաինան երաշխիքներ տալ Ռուսաստանին, Զելենսկին արձագանքեց.
«Երաշխիքներ՝ ինչի՞ համար: Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա և չենք պատրաստվում հարձակվել: … Մենք ՆԱՏՕ-ո՞ւմ ենք: Ոչ: Ունե՞նք միջուկային զենք: Ոչ: Ի՞նչ տալ: … Հեռացիր մեր հողից: Չես ուզում հիմա հեռանալ, նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ: Ես ազատ եմ: Նստիր ինձ հետ: Բայց ոչ 30 մետր հեռավորություն վրա, ինչպես Մակրոնի, Շոլցի հետ… նստիր, խոսիր ինձ հետ, ինչի՞ց ես վախենում»:
Մարտի 7-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրապարակեց այն պայմանները, որոնց կատարման դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում: Ըստ դրանց՝ Ուկրաինան պետք է սահմանադրության մեջ արձանագրի, որ որևէ բլոկի միանալու մտադրություն չունի, ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ճանաչի Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունը: «Մենք իսկապես ավարտին ենք հասցնում Ուկրաինայի ապառազմականացումը:… Բայց գլխավորն այն է, որ Ուկրաինան դադարեցնի իր ռազմական գործողությունները։ Նրանք պետք է դադարեցնեն իրենց ռազմական գործողությունները, հետո ոչ ոք չի կրակի»,- ասաց Պեսկովը:
Մարտի 10-ին տեղի ունեցավ Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Անթալիայում Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուի միջնորդությամբ: Երկու կողմերն արդյունքում հայտարարեցին, որ սկզբունքային հարցերում որևէ կարևոր որոշում չի կայացվել:
Մարտի 29-ին ուկրաինական և ռուսական պատվիրակությունները հանդիպեցին Ստամբուլում, որից հետո ռուսական կողմը հայտարարեց, որ ՌԴ զինված ուժերը կնվազեցնեն ռազմական գործողությունները Կիևի և Չերնիգովի շրջաններում:
Ուկրաինական կողմը ներկայացրել էր մի քանի առաջարկներ, որոնց համաձայն՝ Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի շուրջ բանակցությունները կշարունակվեն 15 տարի, կողմերը պետք է հրաժարվեն ռազմական ճանապարհով հարցը լուծելուց: Դոնեցկի և Լուգանսկի հարցը պետք է քննարկեն երկու երկրների նախագահները անձնական հանդիպման ժամանակ.
«Ուկրաինան պատրաստ է համաձայնել ոչ միջուկային երկրի և ոչ բլոկային երկրի կարգավիճակին՝ մի շարք երկրների հստակ և խիստ երաշխիքների առկայության դեպքում։ Սա պետք է փաստաթղթավորվի:
Նախորդ պարբերությունը (եթե դրա վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվի) փաստացի նախատեսում է, որ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ռազմակայաններ և ռազմական կոնտինգենտներ չեն տեղակայվելու։
Ուկրաինան պարտավորվում է ոչ մի ռազմաքաղաքական դաշինքի մեջ չմտնել. միջազգային զորավարժություններ Ուկրաինայի տարածքում կարող են անցկացվել միայն երաշխավոր երկրների համաձայնությամբ»։
Կիևը ակնկալում էր, որ պայմանագիրը կկնքվի միջազգային երաշխիքների պայմաններում:
Միաժամանակ, ուկրաինացիները հայտնում էին, որ այս փոփոխություններն ընդունելու համար պետք է անցկացվի հանրաքվե, ինչի համար առաջին հերթին ռուսական կողմը պետք է դադարեցնի կրակը:
Ուկրաիանական պատվիրակությունը նշում էր, որ այս և այլ առաջարկների փաթեթը փոխանցվել է ռուսական կողմին և իրենք սպասում են արձագանքի:
Նույն օրը միջազգային հեղինակավոր The Financial Times պարբերականը հայտնեց, որր Մոսկվան այլևս չի պահանջում Ուկրանիայի «ապազգայնացումը» և «ապառազմականացումը», որը Պուտինը հայտարարել էր հատուկ օպերացիայի մեկնարկի գլխավոր նպատակներից մեկը: Ռուսաստանի գխավոր պահանջը այդ պահին Ուկրաինայի կողմից երաշխքին էր, որ չի անդամագրվելու ՆԱՏՕ-ին:
Բուչայից հետո
Ապրիլին ռուսական զորքերը հետ քաշվեցին Կիևի շրջանից, ինչից հետո պարզվեց, որ ՌԴ բանակը ռազմական հանցագործություններ է իրականացրել նախկինում զբաղեցրած բնակավայրերում: Առավել հայտնի օրինակ է Բուչան, որտեղ ռուս զինվորականները խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ էին իրականացրել:
Ապրիլի 4-ին Զելենսկին այցելեց Բուչա, որտեղ հայտարարեց, որ անկախ ամեն ինչից, Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն, քանի որ Ուկրաինայում պետք է խաղաղություն լինի: «Մենք 21-րդ դարի Եվրոպայում ենք: Մենք կշարունակենք ջանքերը դիվանագիտական և ռազմական ուղղություններով»:
««Եկեք այլևս իրար հետ չխոսենք» ասելը ամենահեշտ դիրքորոշումն է, իսկ ամենադժվարը՝ ասել, թե ինչ են արել, ճանաչել նրանց որպես թշնամի, ընդունել, որ սա կոնկրետ Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ, որ սա ցեղասպանություն է, ու որ դրա համար նրանք պետք է պատժվեն։ Եվ այս դիրքորոշմամբ գտնել հանդիպելու հնարավորություններ։ Իսկ հանդիպելու դեպքում, գտնել ճանապարհներ այս իրավիճակից դուրս գալու համար։ Եվ միևնույն ժամանակ, այդ ճանապարհին չկորցնենք մեր տարածքը։ Մենք պետք է մեզ համար նման նշաձող դնենք այս բանակցություններում …»,- ապրիլի 5-ին հայտարարեց Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ ռուսական հանդիպումները գուցե արդյունավետ չեն գլոբալ տեսանկյունից, սակայն օգնում են հումանիտար խնդիրը լուծելու հարցում:
Նույն օրը Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ իրենք չեն բացառում երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը. «Բայց ևս մեկ անգամ կրկնում ենք, որ նման հանդիպում հնարավոր է միայն փաստաթղթի տեքստի համաձայնեցումից հետո»:
Ապրիլի 9-ին գերմանական BILD-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան ստիպված է բանակցել միայն Վլադիմիր Պուտինի հետ. «Այսօր Ուկրաինան այլ ելք չունի, քան նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսաստանում նրանից բացի ոչ ոք ի վիճակի չէ կանգնեցնել այս պատերազմը: Միայն նա (Պուտինը — խմբ.) է որոշում, թե երբ կավարտվի այս պատերազմը»:
Մայիսի 17-ին Միխայիլ Պոդոլյակը հայտնեց, որ բանակցությունները փաստացի կանգ են առել: Պատճառները, ըստ նրա, մի քանիսն են, այդ թվում՝ այն, որ Ուկրաինան հաջողել է դիմադրության հարցում, իսկ Ռուսաստանն իր նպատակներին չի հասել. «[ՌԴ] քաղաքական վերնախավը վախենում է ասել ճշմարտությունը: Մասնավորապես, որ ներկայումս պատերազմի պետք է դուրս գան այլ պայմաններում, քան նախկինում հայտարարում էին»:
Հունիսի 27-ին բանակցությունների մասին կրկին խոսեց Դմիտրի Պեսկովը. «Ուկրաինական կողմը կարող է դադարեցնի ամեն ինչ, մինչև ընթացիկ օրվա ավարտը, մեզ պետք է հրաման, որպեսզի ազգայնական ստորաբաժանումները վայր դնեն զենքերը, հրաման, որպեսզի ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը, և պետք է կատարվեն Ռուսաստանի Դաշնության պայմանները։ Ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա վերջ»:
Հուլիսի 3-ին Պեսկովը հայտնեց, որ Ուկրաինան պետք է համաձայնի Մոսկվայի ներկայացրած պահանջներին և նստի բանակցությունների սեղանի շուրջ:
Հուլիսի 7-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռուսական կողմը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն գնալով ավելի դժվար կդառնան Մոսկվայի հետ բանակցությունները. «Բոլորը պետք է իմանան, որ, մեծ հաշվով, մենք դեռ որևէ լուրջ բան չենք սկսել։ Միաժամանակ, մենք չենք հրաժարվում նաև խաղաղ բանակցություններից։ Բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է իմանան, որ որ գնալով ավելի դժվար կլինի իրենց համար բանակցել մեզ հետ»։
Ամռանը Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ կողմերը համաձայնություն ձեռք բերեցին Օդեսայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման մասին:
Հուլիսի 19-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Forbes-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ բանակցությունները Ռուսաստանի հետ կարող են տեղի ունենալ միայն ռազմի դաշտում Ռուսաստանի պարտության դեպքում, քանի որ հակառակ դեպքում Մոսկվան շարունակելու է վերջնագրերով խոսել:
Հուլիսի 30-ին ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նշեց, որ բանակցությունները գրեթե անհնար են դառնում ուկրաինական կողմի պատճառով, քանի որ վերջինս անընդհատ հայտարարում է Դոնբասը ազատագրելուց հետո միայն բանանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին:
Ուկրաինայի հակագրոհը և բանակցային հռետորաբանությունը
Ամռան վերջին Ուկրաինայի ռազմական հաջողությունները և Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի չորս շրջանները Ռուսաստանի միացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու որոշումը ազդեցություն ունեցան նաև կողմերի դիվանագիտական հռետորաբանություն վրա:
Օգոստոսի 8-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ եթե Ռուսաստանը բռնազավթված շրջաններում անցկացնի Ռուսաստանի հետ միացման մասին հանրաքվե, ապա կփակի բոլոր հնարավորությունները բանակցությունների համար:
Օգոստոսի 18-ին Ուկրաինայում կայացած՝ Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց բանակցությունների անհրաժեշտությունը: Սակայն Ուկրաինայի նախագահը շեշտեց՝ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերը դուրս գան Ուկրաինայի բռնազավթված տարածքներից:
Սեպտեմբերի 11-ին Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցություններից իրենք չեն խուսափում. «Մենք չենք հրաժարվում բանակցություններից, բայց հրաժարվողները պետք է հասկանան, որ ինչքան ձգձգեն այս գործընթացը, այնքան ավելի դժվար կլինի մեզ հետ բանակցելը»։
Նույն օրը CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարեց, որ նա այս պահին պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ, քանի որ նրա կողմից չի տեսնում «կառուցողական լինելու ցանկություն»: Ուկրաինայի նախագահը կրկնեց այն միտքը, որ երկու երկրների միջև համաձայնագիր կարող է կնքվել միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կլքի ուկրաինական տարածքները։
Սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի 4 շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժիեն ՌԴ կազմ ընդունելու վերաբերյալ հանրաքվեներ նախաձեռնելու, փաստացի՝ այդ տարածքները անեքսիայի ենթարկելու մասին:
4 մարզերը բռնակցելուց հետո Պուտինը կոչ արեց Կիևին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն նա շեշտեց, որ «ժողովրդի ընտրությունը» քննարկման առարկա չի լինելու:
Սեպտեմբերի 30-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ արագացված կարգով ռազմական դաշինքին միանալու խնդրանքով: Տեսաուղերձում Զելենսկին նշեց, որ պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի հետ, սակայն այլ նախագահի հետ: Պուտինի հետ բանակցությունների գնալու անհնարինությունը արձանագրված է նախագահի որոշումով սեպտեմբերի 30-ին:
Այնուամենայնիվ, նոյեմբերի 7-ին Զելենսկին նշեց այն պայմանները, որոնց շուրջ իրենք պատրաստ են բանակցել: Դրանք են՝ տարածքային ամբողջականության վերականգնում, ՄԱԿ-ի կանոնադրության հարգում, պատերազմի պատճառած բոլոր վնասների փոխհատուցում, յուրաքանչյուր ռազմական հանցագործի պատիժ և երաշխիքներ, որ պատերազմն այլևս չի կրկնվի:
Ըստ Politico-ի՝ Զելենսկին փոխել է դիրքորոշումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջամտության արդյունքում:
Նոյեմբերի 8-ին Անդրեյ Ռուդենկոն հայտարարեց, որ որևէ նախապայման չեն դնում Ուկրաինայի առաջ բանակցություններ սկսելու համար․ «Մեր կողմից ոչ մի նախապայման չկա, բացի հիմնական պայմանից՝ Ուկրաինայի կողմից բարի կամքի դրսևորում»:
Խերսոնի վերադարձը Կիևի վերահսկողության ներքո
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանը հայտարարեց Խերսոն քաղաքից նահանջելու մասին: Քաղաքը օկուպացվել էր պատերազմի առաջին շաբաթներին:
Նոյեմբերի 10-ին Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ չի խուսափում Մոսկվայի հետ բանակցություններից, թեև ՌԴ ներկայիս ղեկավարից, բացի վերջնագրերից, ոչինչ չի լսել․ «Բայց ես դուռը չեմ փակել: Ես ասացի, որ պատրաստ ենք խոսել Ռուսաստանի հետ, բայց այլ Ռուսաստանի հետ: Մեկը, ով իսկապես պատրաստ է խաղաղության: Մեկը, ով պատրաստ է ընդունել, որ իրենք օկուպանտներ են… Նրանք պետք է ամեն ինչ վերադարձնեն: Հող, իրավունք, ազատություն, փող. Եվ ամենակարևորը՝ արդարություն»։
Նոյեմբերի 11-ին արդեն ուկրաինական զորքերը հայտնվեցին Խերսոն քաղաքում:
Նոյեմբերի 14-ին ՌԴ ԱԳՆ տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հետ, բայց ոչ Կիևի նախապայմաններով: Ըստ նրա՝ Ռուսաստանը չի նախատեսում զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից:
Նոյեմբերի 15-ին G-20-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս Զելենսկին ներկայացրեց 10 կետից բաղկացած խաղաղության բանաձևը: Այն է՝ միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգություն, Ռուսաստանի տարածք տեղափոխված Ուկրաինայի բոլոր գերիների և բնակիչների ազատում, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, ռուսական զորքերի դուրսբերում և ռազմական գործողությունների դադարեցում, արդարության վերականգնում, հակազդում էկոցիդին, էսկալացիայի կանխում, պատերազմի ավարտի ամրագրում:
«Ուկրաինային փոխզիջումներ մի առաջարկեք խղճի, ինքնիշխանության, տարածքի և անկախության հարցերում…: Իսկ եթե Ռուսաստանն ասում է, որ իբր ուզում է վերջ տալ այս պատերազմին, թող գործերով ապացուցի։ Ակնհայտորեն, Ռուսաստանի խոսքերին վստահել չի կարելի, և չի լինի Մինսկ-3, որը Ռուսաստանը կխախտի ստորագրումից անմիջապես հետո»,- հավելեց Զելենսկին։
Ի պատասխան, Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Զելենսկու պայմանները իրատեսական չեն և անադեկվատ են, թեև ի տարբերություն Կիևի, իրենք չեն հրաժարվում բանակցություններից: Ռուսաստանը ցանկանում է տեսնել կոնկրետ ապացույցներ այն մասին, որ «Արևմուտքը լրջորեն շահագրգռված է Զելենսկուն կարգի բերելու հարցում ու նրան բացատրելու, որ այսպես չի կարող շարունակվել, որ դա չի բխում ուկրաինացի ժողովրդի և իր շահերից»:
Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Զելենսկու այդ հայտարարությունները խոսում են Կիևի՝ բանակցելու ցանկության բացակայության մասին:
Արդեն նոյեմբերի 16-ին Ուկրաինայի ղեկավարը ևս մեկ պահանջ ավելացրեց: Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցությունների հետ կապված ցանկացած հարց պետք է հրապարակայնորեն քննարկվի:
Նոյեմբերի 17-ին Պեսկովը հայտարարեց, որ նման բան չի կարող լինել. «Հրապարակային բանակցություններ ընդհանրապես դժվար է պատկերացնել։ Հրապարակային բանակցություններ չկան, հատկապես հրապարակային բանակցություններն այս ոլորտում»։
Այսպիսով, Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի ինն ամիսների ընթացքում կողմերը, միջազգային հանրության մասնակցությամբ, փորձում են բանակցել փոփոխական ակտիվությամբ՝ այդ ընթացում պարբերաբար փոխելով հռետորաբանությունը՝ խստացնելով կամ մեղմելով պահանջները: Մինչդեռ, էական արդյունք դիվանագիտական շփումները դեռ չեն տվել. պատերազմը շարունակվում է:
Լուսինե Ոսկանյան