Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից տարեկան ավելի քան 300 մարդ է մահանում: Կառավարությունը հայտարարել է, որ վերանայում է իր ճանապարհային անվտանգության քաղաքականությունը՝ կենտրոնանալով մահերի և լուրջ վնասվածքների կանխարգելման վրա:
Դեռևս 2021-ի ապրիլին՝ ԵՄ և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ համատեղ իրականացվող «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ազգային հաղորդակցման արշավի մեկնարկին, դրա մասին հայտարարել էր այդ ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա տեղեկացրել էր, որ, մասնավորապես‚ «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) ճանապարհային անվտանգության նոր ռազմավարությունը 2021-2040 թթ. համար կընդունվի մոտ ապագայում։
Կառավարության այս տարվա հունվարի 26-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022-ին ՃՏՊ-ների վիճակագրության հետ կապված տեսանելի բարելավում կա, արձանագրվել էր, որ 2019-2022 թթ․ կտրվածքով ՃՏՊ-ների՝ զոհերի ու վիրավորների թիվը առավելապես նվազել է 2022-ին։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է վերլուծել, թե արդյո՞ք ակնկալվածի համեմատ եղած փոփոխությունը շոշափելի է, ՃՏՊ-ների ի՞նչ միտումներ են արձանագրվել, որո՞նք են երթևեկության անվտանգության սպառնալիքները, ի՞նչ քայլեր են իրականացվել և թե մշակման ո՞ր փուլում է շուրջ երկու տարի առաջ հայտարարված և «մոտ ապագայում» ընդունվելիք ճանապարհային անվտանգության նոր ռազմավարությունը:
Վիճակագրություն
Վերջին 10 տարում, բացառությամբ «քովիդային» 2020 թ․-ի, ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանցով պայմանավորված մահերի թիվը շարունակ աճել է։ Միայն 2022 թ․-ին մահերի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 14 %-ով։
Այսպես՝ 2022-ին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կազմել է 4308, որից 321 մարդ մահացել է, իսկ 6153-ը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
2021-ին ընդհանուր ՃՏՊ-ների թիվը եղել է 4604, որից գրանցվել է 368 մահ և 6699 վիրավոր։
2020— ին ՃՏՊ-ների թիվը զգալի նվազել է, ինչը, թերևս, պայմանավորված է եղել համավարակի պատճառով ՀՀ տարածքում տեղաշարժի սահմանափակումներով։ Գրանցվել է 4016 դեպք, որից 348-ը՝ մահվան ելքով, և 5846 քաղաքացի ստացել են վնասվածք։
2019-ին ՃՏՊ-ների թիվը կազմել է 4799՝ 341 մահ, 6801 վիրավորում։
2018-ին՝ 4111 ՃՏՊ, 343՝ մահ, 5950 վիրավորում։
2017-ին՝ 3535 ՃՏՊ, 279 մահ, 5179 վիրավորում։
2016՝ 3203 ՃՏՊ, 267 մահ, 4451 վիրավորում։
2015՝ 3399 ՃՏՊ, 346 մահ, 4738 վիրավորում։
2014-ին՝ 3156 ՃՏՊ, 297 մահ, 4479 վիրավորում։
2013-ին 2824 ՃՏՊ, 316 մահ, 3994 վիրավորում։
Նշենք, որ Համաշխարհային բանկի վերջին՝ 2019 թ․-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը 100,000 բնակչի հաշվով գրանցել է ՃՏՊ մահացության բարձր ցուցանիշ՝ 20 մահ։ Այս ցուցանիշն ամենավատն է եվրոպական և ԵԱՏՄ տարածաշրջաններում, իսկ հարևան երկրներից միայն Իրանն է գերազանցում Հայաստանին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2020 թ․-ի տվյալներով՝ Հայաստանում 100,000 բնակչի հաշվով գրանցել է ՃՏՊ մահացության 17.47 մահ։
ՃՏՊ-ների թվի աճը պայմանավորված է նաև շահագործվող մեքենաների թվի ավելացմամբ
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ գործող կարգավիճակ ունեցող տրանսպորտային միջոցների քանակը վերջին 10 տարիներին շուրջ 40 տոկոսով աճել է։ Եթե 2013-ին հանրապետությունում տրանսպորտային միջոցների քանակը կազմում էր 528,643, ապա շահագործվող մեքենաների թիվը 2022 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 888,110։
Հատկանշական է, որ հարևան Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցների քանակը 2021-ին կազմել է 1 մլն 490 հազար 200՝ 3 մլն 709 հզ բնակչության պարագայում: Չնայած մեքենաների թիվը Վրաստանում ավելին է, ՃՏՊ հետևանքով գրանցված մահերի թիվը զգալիորեն ավելի քիչ է, քան Հայաստանում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին՝ 2020-ի տվյալների՝ Վրաստանում 100,000 բնակչի թվով գրանցվել է ՃՏՊ մահացության 11.30 դեպք: 2,6 միլիոն բնակչություն ունեցող Մոլդովայում գրանցված մեքենաների թիվը հարաբերականորեն ավելի շատ է, քան Հայաստանում՝ 1,008,204, բայց 100,000 բնակչի հաշվով մահերի թիվը մի քանի անգամ պակաս է Հայաստանից՝ 6.60։
Մեքենաների, բնակչության և ՃՏՊ-ների հետևանքով մահացությունների թվով Հայաստանի հետ համադրելի երկրներից է Մոնղոլիան, որտեղ 2021-ին գրանցված մեքենաների թիվը կազմում է 723,214, ընդհանուր բնակչությունը՝ 3․3 միլիոն, և 100,000 բնակչի հաշվով վթարից զոհերի թիվը 21․50 է։
«Մոտ ապագայում» խոստացված ՃԵ անվտանգության ռազմավարությունը 2 տարի անց «մոտ է հաստատման»
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի» ղեկավար Պողոս Շահինյանը, որը ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարության մշակող խմբի անդամ է, FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ նախնական աշխատանքներն ավարտվել են, և հավանաբար մարտ ամսին կառավարությունը ռազմավարությունը կհաստատի։
Ըստ Շահինյանի՝ Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության առաջին ռազմավարությունն ընդունվել է 2009 թվականին, դրա գործողությունն ավարտվել է 2013-ին: Ռազմավարության իրականացումը «Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդին» է վստահված եղել, որն էլ պետք է համախմբեր բոլոր գերատեսչությունների գործողությունները։ «Ընդունումից հետո՝ առաջին իսկ տարում ցուցանիշները բավական լավ էին: Ավտոպատահարների հետևանքով զոհերի քանակը 20 տոկոսով նվազեց: Դրանից հետո մինչ այսօր չունենք գործող ռազմավարություն։ Այժմ մշակվել է նոր ռազմավարություն, որը որդեգրել է տեսլականը՝ զրո մահ (vision zero)»,- ասաց նա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից FIP.am-ին ասացին, որ մարտ ամիսն իրատեսական է ռազմավարությունն ավարտական տեսքի բերելու համար, սակայն մեկ, երկու ամիս ևս կպահանջվի՝ վերջնական հաստատման համար։
Տեղեկանք. Vision Zero-ն գլոբալ շարժում է, որի նպատակն է վերջ դնել երթևեկության հետ կապված մահացություններին և լուրջ վնասվածքներին՝ համակարգային մոտեցում ցուցաբերելով ճանապարհային անվտանգությանը: Այս ռազմավարության նախադրյալն այն է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով առաջացած մահերն ու վնասվածքներն անընդունելի են և կանխարգելելի: Vision Zero-ն առաջին անգամ իրականացվել է որպես ազգային ճանապարհային քաղաքականություն Շվեդիայում 1997 թվականին, այժմ ընդունվել է աշխարհի ավելի քան 20 քաղաքների կողմից: 14 տարվա ընթացքում՝ 2006-2020 թվականներին, Շվեդիայում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացությունները կրճատվել են ավելի քան երկու անգամ: 10․4 միլիոն բնակչություն ունեցող Շվեդիայում նման մահացությունների ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2020 թվականին՝ 206։ Ընդ որում, երկրում ավտոմոբիլային տրանսպորտի թիվը շարունակաբար աճում է: Շվեդիան ամեն տարի գտնվում է ամենաանվտանգ երթևեկություն ունեցող երկրների թոփ հնգյակում։ |
«Հայաստանում չի գործում որևէ միջազգային ստանդարտ»
Ըստ Պողոս Շահինյանի, նախատեսված է առանձին մարմին ստեղծել, որը պատասխանատու կլինի լիարժեք ճանապարհային անվտանգության խնդիրներով։
«Պետք է հստակ ստանդարտներ լինեն. հաշվի են առնվել հայաստանյան իրականությունը և ՄԱԿ-ով ընդունված միջազգային թիրախները։ Ռազմավարության հիմքում ընկած է այն, որ մարդը կարող է թույլ տալ սխալ, բայց դա չպետք է անդրադառնա ծանր հետևանքով։ Այսինքն՝ ենթակառուցվածքային խնդիրներին պետք է ուշադրություն դարձնել՝ անվտանգ ճանապարհ, մեքենայի որակ, ճանապարհների միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորում։ Ցավոք, Հայաստանում չի գործում որևէ միջազգային ստանդարտ։ Ուղղակի երկար տևեց հաստատումը, բայց ավելի լավ ա ուշ, քան երբեք»,- ասում է Շահինյանը։
Իսկ նվազման որոշակի միտումը մասնագետը ենթադրաբար պայմանավորում է նոր Պարեկային ծառայության և ճանապարհների վիճակի որոշակի բարելավման հետ։
ՃՏՊ-ների թվի նվազումը՝ նաև ճանապարհապարեկային ծառայության արդյո՞ւնք
Ուշագրավ է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին որոշումների թիվը 2022 թ․-ին 2018-ի համեմատ շուրջ 34 տոկոսով աճել է՝ 1,644,502-ից դառնալով 2,209,551։
Այսպես, ըստ ոստիկանության տրամադրած տվյալների, 2022 թվականին կայացվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին 2,209,551 որոշում, որից 1,706,268-ը հայտնաբերվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով, 503,283-ը՝ ՃՊԾ ստորաբաժանումների կողմից։
ՃՊԾ ստորաբաժանումների կողմից արձանագրված խախտումներից 11,038-ը կամ 2.2%-ը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, և 50,131-ը կամ 10.0%-ը՝ անվտանգության ամրագոտիներով չամրակապված վիճակում վարելու, մնացածը՝ այլ իրավախախտումների փաստերով են։
2021 թվականին կայացվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ վարչական տույժ նշանակելու մասին 2,312,476 որոշում, որից 395,677-ը՝ ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից։ Ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների արձանագրած խախտումներից 6621-ը կամ 1.7%-ը՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 54,471-ը կամ 13.8%-ը՝ չամրակապված վիճակում վարելու, մնացածը՝ այլ իրավախախտումների փաստերով։
2020 թվականին կայացվել է 1,717,869 որոշում, որից 350,943-ը՝ ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից։ Արձանագրված խախտումներից 4566-ը կամ 1.3%-ը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 64,479-ը կամ 18.4%-ը՝ չամրակապված վիճակում վարելու, մնացածը՝ այլ իրավախախտումների փաստերով։
2019 թվականին կայացվել է 1,959,170 որոշում, որից 428,000-ը ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից։ Արձանագրված խախտումներից 4803-ը կամ 1.1%-ը՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 201,316-ը կամ 47.0%-ը ամրագոտիներով չամրակապված վիճակում վարելու, մնացածն՝ այլ իրավախախտումների փաստերով:
2018 թվականին կայացվել է 1,644,502 որոշում, որից 298,271-ը՝ ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից։ Արձանագրված խախտումներից 4739-ը կամ 1.6%-ը եղել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 126,645-ը կամ 42.5%-ը՝ ամրագոտիներով չամրակապված վիճակում վարելու, մնացածը՝ այլ իրավախախտումների փաստերով։
Ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքները կանխելուն միտված միջոցառումներ
2019 թ․ դեկտեմբերին ընդունվեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագծերի փաթեթը։ Ըստ նախագծի հեղինակների՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների բալային համակարգի ներդրման թիվ մեկ խնդիրը մահերը կրճատելն է:
Մինչդեռ վերը ներկայացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս փոփոխությունը ցանկալի արդյունք չի ունեցել, քանի որ եթե 2019-ին գրանցվել է ՃՏՊ-ներից 341 մահ, 2020-ին՝ 348, ապա 2021-ին մահերի թիվը հասել է 368-ի։ Ինչպես նշեցինք, մահերի թիվը որոշակի առումով նվազել է միայն 2022 թ․-ին՝ 321։
Նելլի Լազարյան