«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, ըստ որի՝ Վենետիկի ջրանցքների չորացման մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Սակայն Վենետիկում իսկապես ջրի մակարդակն իջել է: Իտալիայի ամենաերկար Պո գետով հոսում է 61%-ով ավելի քիչ ջուր, քան սովորաբար տարվա այս եղանակին: Անցյալ տարվա հուլիսին Իտալիան ապրեց վերջին 70-ամյա պատմության մեջ ամենամեծ երաշտը, ինչի պատճառով Պո գետի շրջակա տարածքներում հայտարարվել էր արտակարգ դրություն։ Բնապահպանության փորձագետների կարծիքով՝ Վենետիկ քաղաքը, որի հիմնական խնդիրը նախկինում ջրհեղեղն էր, այժմ բախվում է ջրանցքների չորացման և ջրի ցածր մակարդակի հետ կապված խնդիրների։
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից հետո համացանցի ղազախական տիրույթում տարածվող տեղեկությունները, թե թուրքական Էրզին քաղաքում աղետի հետևանքով զոհ չի գրանցվել քաղաքապետ Օքեշ Էլմասօղլուի շնորհիվ, որը արգելել էր ապօրինի կառուցապատումը: Տեղեկությունը մեծամասամբ ճիշտ է: Չնայած քաղաքի՝ երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվելուն, զոհեր չեն եղել, թեև մի քանի շենք ավերվել է: Կան մի շարք գործոններ, որոնք նպաստել են, որ քաղաքը մեծ կորուստներ չունենա, մասնավորապես՝ հողի երկրաբանական առանձնահատկությունները, որոնց վրա գտնվում է Էրզինը, ինչպես նաև քաղաքի դիրքը խզվածքի գծի համեմատ, ցածրահարկ շենքերի ու առանձնատների գերակշռությունը։ Այս պարագայում ապօրինի շինարարությունն արգելելու քաղաքապետի քաղաքականությունը, եթե դա ինչ-որ ազդեցություն է ունեցել, միակ որոշիչ գործոնը չի կարող համարվել։ Սակայն ղազախստանցի փաստեր ստուգողները նշում են, որ հենց դա են մատնանշում բազմաթիվ լրատվամիջոցներ և հրապարակումներ սոցիալական ցանցերում՝ դրանով իսկ մոլորեցնելով ընթերցողներին
Ռուսական provereno.media-ն ստուգել է Ռուսաստանի դպրոցներում սեռական դաստիարակության ներդրման մասին քննարկումների համատեքստում հաճախ հնչող կարծիքը, թե նման առարկաների՝ դպրոցներում դասավանդելը հանգեցնում է սեռական առավել վաղ փորձառությունների: Սակայն ռուսաստանցի փաստեր ստուգողները չեն գտել ուսումնասիրություններ, որոնք կհաստատեն դպրոցական ուսումնական ծրագրում սեռական դաստիարակության դասերի ներդրման և առավել վաղ տարիքում սեռական փորձառություն ունենալու միջև կապը: Շատ երկրներում, որտեղ առկա է նման կրթություն, սեռական առաջին փորձառություն ունենալու տարիքը ավելի բարձր է, քան այնտեղ, որտեղ նման դասեր չկան: Մասնավորապես, Ռուսաստանում դեռահասներն իրենց առաջին սեռական փորձը ունենում են ավելի վաղ, քան ԱՄՆ-ում կամ Նիդեռլանդներում, որտեղ սեռական դաստիարակությունը վաղուց դպրոցական ծրագրի մաս է:
Աշխարհ
Բրիտանական Reuters-ը ստուգել է Թվիթերում տարածված տեսանյութերը, որոնք, օգտատերերի պնդմամբ, արձանագրել էին չճանաչված թռչող օբյեկտի թռիչքը Երկիր մոլորակի շուրջ: Ըստ գրառումների՝ դրանք խոցվել են Լեհաստանի երկնքում:
🚨Now in Poland… the Air Force shot down a “UFO” 👽🛸🍿🥤😎🎬 pic.twitter.com/62KMTvY9ac
— vegastar (@vegastarr) February 13, 2023
Սակայն իրականում օգտատերերը տարածել են հին տեսանյութ, որում պատկերված է Հարավային Կորեայում հրթիռի արձակումը:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է համացանցում շրջանառվող ձայնագրությունը, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իբրև թե ընդունում է, որ նախագահական ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքներ է կատարել: Սակայն ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, որ իրականում ձայնագրությունը կեղծ է: Որևէ ապացույց չկա, թե Բայդենը կեղծել է նախորդ ընտրությունները: Միաժամանակ կայքը նկատել է, որ վերջերս հաճախակի է դարձել Բայդենի մասնակցությամբ կեղծ ձայնագրությունների տարածումը:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը