Եթե շտապում ես. հակիրճ՝ նյութի մասինՕրերս Միջազգային քրեական դատարանը Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած պատերազմի համատեքստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում կայացրեց: Օրեր անց հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԴ-ն դատարանի հիմքում ընկած Հռոմի ստատուտը Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել: «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է որոշ մանրամասներ՝ ստատուտի և ՄՔԴ մասին, որ երկրներն են միացել դրան, ինչու է Հայաստանը ստորագրելուց հետո շուրջ 25 տարի հետո այն սահմանադրական ճանաչում: |
Հայաստանի իշխանությունները Կանոնադրության սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմել էին նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ ՍԴ-ն հարցը վարույթ էր ընդունել այս տարվա հունվարի սկզբին՝ դատաքննության օր նշանակելով փետրվարի 14-ը։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը և Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։
ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս՝ ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար
Հայաստանի իշխանությունները դեռևս չեն հայտարարել, թե երբ են պատրաստվում հարցը խորհրդարան ուղարկել կամ արդյոք պատրաստվում են դա անել, թե ոչ։ Ստատուտի վավերացմամբ Հայաստանը հասանելիություն կստանա Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ կամ ICC), և մասնավորապես վերջին տարիներին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել դատարանում։
ՍԴ որոշումից օրեր առաջ Միջազգային քրեական դատարանը կայացրեց որոշում՝ պահանջելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալումը։ Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությունը ստատուտի սահմանադրականության հարցը որոշելու համար ՍԴ դիմել էր նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ դատարանը հարցը վարույթ ընդունել էր այս տարվա հունվարի 10-ին։
Հաշվի առնելով, որ այս երկու իրադարձություններն ակտիվորեն շրջանառվում և քննարկվում են հայկական մեդիայում և սոցիալական ցանցերում, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Հռոմի ստատուտը, պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում այն, որ երկրներն են վավերացրել և Հայաստանի՝ համաձայնագրի ստորագրման և վավերացման պատմությունը։
Միջազգային քրեական դատարանը
Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է 1998 թվականին ընդունված Հռոմի ստատուտի հիման վրա և իր աշխատանքները սկսել է 2002 թվականին։ Դատարանի իրավասության սահմաններում են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։
ՄՔԴ-ի կողմից քրեական գործերի հարցման հիմնական եղանակը ներքին դատախազությունն է, որը սկսում է հետաքննել հնարավոր այն հանցանքները, որոնք ՄՔԴ իրավասության սահմաններում են և ունեն բավարար ապացույցներ։ Հանցանքների մասին դատախազությանը կարող են տեղեկացնել կա՛մ դատարանի մասնակից (անդամ) երկրները, կա՛մ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ ՄՔԴ-ն, սակայն, ՄԱԿ կառույցների մաս չի կազմում, ի տարբերություն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (Հաագայի դատարան), որում արդեն ընթանում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի քննությունը։
ՄՔԴ իրավասության սահմանները վերաբերում են հանցանքներին, որոնք կատարվել են անդամ երկրի կողմից, անդամ երկրի տարածքում կամ այն երկրում, որը ընդունել է դատարանի իրավազորությունը։
Մինչ օրս Հռոմի ստատուտը ստորագրել է 139 պետություն, վավերացրել են 123-ը։
Հայաստանի հարևաններից Վրաստանը ստորագրել և վավերացրել է պայմանագիրը շուրջ երկու տասնամյակ առաջ, Իրանը ստորագրել է, սակայն չի վավերացրել, իսկ Ադրբեջանը և Թուրքիան ո՛չ ստորագրել են, ո՛չ վավերացրել այն։
Հայաստանը և դատարանը
Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը դեռ 1999 թվականին, սակայն չի վավերացրել այն, քանի որ 2004 թվականին՝ դատարանի հիմնադրումից երկու տարի անց, Հայաստանի Սահմանադրական դատարանը համաձայնագիրը մասնակիորեն հակասահմանադրական էր ճանաչել։ Հետագայում Հայաստանը ձեռնարկել էր Սահմանադրական փոփոխություններ, ըստ իրավաբանների, սակայն, այն հոդվածները, որոնց հետ հակասություններ ուներ Կանոնադրությունը, լուրջ փոփոխությունների չեն ենթարկվել։
2004 թվականին Սահմանադրական դատարանն իր եզրակացության մեջ նշել էր, որ ՄՔԴ-ի լիազորություններով սահմանված այն հոդվածը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ներպետական դատական ատյաններին, չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը։
«Արդարադատության իրականացումը հանդիսանում է դատարանների բացառիկ իրավասությունը: Ներպետական դատական համակարգի առնչությամբ ՀՀ Սահմանադրության 91 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Սահմանադրության 92 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, այդ թվում նաև քրեական իրավազորություն իրականացնող դատարաններն են առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը»։
Սահմանադրական դատարանը երկրի Սահմանադրությանն անհամապատասխան էր ճանաչել նաև Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105 հոդվածը, որով «բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը»։ Ըստ ՍԴ որոշման, այս կետը հակասում է Սահմանադրության 40 հոդվածի, 55 հոդվածի 17 կետի, 81 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
2023-ի մարտի 28-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց նաև նոր որոշման տեքստը՝ անդրադառնալով նաև 2004 թվականի որոշմանը, գրելով, որ «Կանոնադրության ու Կանոնադրության՝ 2004 թվականի օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ նշված անվանումների միջև առկա է տարբերություն», սակայն այդ տարբերության պատճառը Կանոնադրության՝ 2004 թվականի (ըստ որի՝ Կանոնադրությունը նշված է՝ «1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագիր») և 2023 թվականի հայերեն թարգմանության պաշտոնական տեքստերի միջև եղած տարբերությունն է, և այդ անհամապատասխանությունը քննության նպատակների համար իրավական տարբերություն չի ստեղծում։
ՍԴ-ն չի մանրամասնում է, թե կոնկրետ ինչ թարգմանական նրբությունների մասին է խոսքը։
Ո՞ր երկրները չեն վավերացրել ստատուտը
Ի թիվս Հռոմի ստատուտը չվավերացրած բազմաթիվ երկրների, մի քանի երկրների կողմից դրա չվավերացումը հատկապես քննարկման թեմա է դառնում։
Այսպես, պայմանագիրը չեն վավերացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը՝ Ռուսաստանը, Չինաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան վավերացրել են պայմանագիրը։
Ռուսաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը, բայց չի վավերացրել այն։ 2016 թվականին, սակայն, երկիրը որոշեց չեղարկել իր ստորագրությունը ևս, այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի՝ Ղրիմում իրականացրած գործողությունները որակեց որպես «օկուպացիա»։ Նույն թվականին դատարանը թույլատրել էր հետաքննել ենթադրյալ ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների դեպքերը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում։
Դատարանի կողմից «Ռուսաստանի դեմ» քայլերից հետո երկիրը մեղադրում էր դատարանին կողմնակալ լինելու մեջ։
Մարտի 17-ին ՄՔԴ-ն կայացրեց Ռուսաստանի և դրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ևս մեկ որոշում՝ կարգադրելով ձերբակալել Պուտինին՝ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հիմքով։
Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ դեր է խաղացել Միջազգային քրեական դատարանի և Հռոմի ստատուտի ընդունման մեջ և ընթացքում ու ստորագրել է այն, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում վավերացնել պայմանագիրը։ ԱՄՆ-ն Մասնակից երկրների խորհրդարանում դիտորդի կարգավիճակ ունի։
ԱՄՆ-ՄՔԴ հարաբերությունները, սակայն, միշտ չէ, որ դրական են եղել։ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ակտիվորեն փորձում էր համոզել պետություններին ԱՄՆ քաղաքացիներին Քրեական դատարանին չհանձնել։
Չնայած մի շարք հակասություններին՝ Հռոմի ստատուտում ներկայացված մի շարք հանցանքներ դարձել են ԱՄՆ տեղական օրենքների մաս և քննվում են ռազմական կամ քաղաքացիական դատարաններում։ Հռոմի ստատուտը նաև չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը, ըստ որի, Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից ԱՄՆ տարածքում կատարված հանցանքները կարող են քննվել միայն երկրի դատարանների կողմից։
Մյուս կողմից, ԱՄՆ-ն զգայուն է Աֆղանստանում ամերիկացի զինվորականների գործած պատերազմական հանցագործությունների հարցում և բազմիցս քննադատել է ՄՔԴ-ին այս հանցագործությունների հնարավոր քննության համատեքստում։ 2020 թվականին Դոնալդ Թրամփի վարչակազմն անգամ մուտքի սահմանափակման պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել ԱՄՆ զորքերի դեմ գործի քննության «ջանքերի» մեջ։
Անի Ավետիսյան