Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների 6 պատգամավորների պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։
Այս մասին, մեր հարցմանն ի պատասխան, հայտնում են ՀՀ դատախազությունից:
Միևնույն ժամանակ, FIP.am-ի մեկ այլ հարցմանն ի պատասխան, Սահմանադրական դատարանից հայտնեցին, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից 26 պատգամավորներ՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, դիմել են Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով:
ՍԴ-ից պարզաբանեցին, որ հայտը դեռևս վարույթ չի ընդունվել և նախնական ուսումնասիրության փուլում է։
Դատարան դիմած պատգամավորների անուններն ի հայտ կգան հայցի վարույթ ընդունվելու դեպքում։ Մինչ այդ փաստենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը վիճարկում է մի օրենքի սահմանադրականությունը, որն անմիջապես վերաբերում է իրենց պատգամավոր գործընկերների անձնական շահերին։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։ Ըստ օրենսդրական փաթեթի հիմնավորման, «առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման մեխանիզմը․․․ թույլ է տալիս անօրինական ճանապարհով ստացված գույքի վրա արգելանք կիրառել և այն բռնագանձել առանց անձի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման։ Սա հատկապես կարևոր գործիք է, այն դեպքերի համար, երբ քրեական հետապնդումն իրականացնելն անհնար է օբյեկտիվ պատճառներով»։
Նանե Մանասյան