Ռուսաստանյան «Նաստոյաշեե Վրեմյա» (Настоящее Время) լրատվական կայքը մարտի 24-ին հոդված է հրապարակել «Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ Հռոմի ստատուտի պարտավորությունները։ Այժմ այնտեղ էլ կարող են ձերբակալել Պուտինին» վերնագրով: «Նաստոյաշեե վրեմյան» «Ազատություն ռադիոկայան/Ազատ Եվրոպա ռադիոկայանի» ստեղծած հեռուստաալիքն է՝ «Ամերիկայի ձայնի» մասնակցությամբ:
Հոդվածում հեղինակը գրել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) վերաբերյալ Հռոմի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչեց Սահմանադրությանը համապատասխան. «Այժմ Հայաստանի կառավարությունը, որը փաստաթուղթը վավերացրել է դեռ 2022 թվականին, կարող է այս փաստաթուղթը ներկայացնել երկրի խորհրդարանի վավերացմանը։ Սակայն Սահմանադրական դատարանի որոշումն արդեն իսկ նշանակում է որոշման անհապաղ ուժի մեջ մտնելը»։
Իրականում այս պնդումը սխալ է:
Մարտի 17-ին միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության միջազգային օրդեր է տվել։ Նրանք մեղադրվում են ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման համար։
Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը դեռ 1999 թվականին, սակայն չի վավերացրել այն, քանի որ 2004 թվականին՝ դատարանի հիմնադրումից երկու տարի անց, Հայաստանի Սահմանադրական դատարանը համաձայնագիրը մասնակիորեն հակասահմանադրական էր ճանաչել։
Ըստ դատարանի եզրակացության՝ ՄՔԴ-ի լիազորություններով սահմանված այն հոդվածը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ներպետական դատական ատյաններին, չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը։
Դեռևս 2022 թ. դեկտեմբերին կառավարությունը դիմել է ՍԴ՝ խնդրելով հստակեցնել, թե արդյո՞ք այն համապատասխանում է Սահմանադրությանը: Հունվարին գործը վարույթ էր ընդունվել:
2023 թ․ մարտի 28-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց նաև նոր որոշման տեքստը՝ անդրադառնալով նաև 2004 թվականի որոշմանը, գրելով, որ «Կանոնադրության ու Կանոնադրության՝ 2004 թվականի օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ նշված անվանումների միջև առկա է տարբերություն», սակայն այդ տարբերության պատճառը Կանոնադրության՝ 2004 թվականի (ըստ որի՝ Կանոնադրությունը նշված է՝ «1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագիր») և 2023 թվականի հայերեն թարգմանության պաշտոնական տեքստերի միջև եղած տարբերությունն է, և այդ անհամապատասխանությունը քննության նպատակների համար իրավական տարբերություն չի ստեղծում։
Այնուհանդերձ, Սահմանադրական դատարանի որոշումը բավարար չէ Հռոմի ստատուտը վավերացված համարելու համար, ինչպես պնդել են ռուսաստանցի լրագրողները:
Ըստ Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը (որը ֆորմալ առումով միջազգային պայմանագիր է — խմբ.) ՍԴ հիշյալ որոշման ընդունման բերումով չի կարող ինքնաբերաբար համարվել ուժի մեջ մտած:
Այսպիսով, «Նաստոյաշեե Վրեմյան» սխալ է. Հռոմի ստատուտը Ազգային ժողովը չի վավերացրել, և Հայաստանում այս պահին չեն կարող ձերբակալել Պուտինին՝ միջազգային դատարանի որոշումով:
Հռոմի ստատուտի և Միջազգային քրեական դատարանի մասին ավելի մանրամասն կարդացեք «Փաստերի ստուգման հարթակի» «Հռոմի ստատուտը, ՄՔԴ-ն և Հայաստանը» հրապարակման մեջ:
Լուսինե Ոսկանյան