2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի պահանջով իրավաբանական անձանց, այդ թվում նաև Հայաստանում գրանցված կուսակցությունների համար սահմանվել են նոր պարտավորություններ՝ կապված իրական շահառուի վերաբերյալ։ Իրավաբանական անձը պարտավոր է մինչև համապատասխան տարվա փետրվարի 20-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Օրենքի փոփոխությունը տեղի է ունեցել 2021 թ․ հունիսին։
Ապրիլի սկզբին Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանում գրանցված 117 կուսակցություններից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր են ներկայացրել միայն 7-ը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե խորհրդարան անցած կուսակցություններից որոնք են ենթարկվել օրենքի պահանջին և ներկայացրել հայտարարագրերը։
2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով անցան 6 կուսակցություններ, որոնցից ՀՅԴ-ն, «Մեկ Հայաստան» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները խորհրդարան անցան «Հայաստան» դաշինքով, իսկ «Հայրենիք» և Հանրապետական կուսակցությունները՝ «Պատիվ ունեմ» դաշինքով։
Խորհրդարան անցած 6 կուսակցություններից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր են ներկայացրել 3-ը՝ ՔՊ-ն, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։
Ընդ որում՝ երեքն էլ ժամկետների խախտմամբ։
Մյուս երեքը՝ «Մեկ Հայաստան», «Վերածնվող Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները մինչ օրս Արդարադատության նախարարություն չեն ներկայացրել իրենց կուսակցությունների իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերը։
Հիշեցնենք, որ այս կուսակցությունները ֆինանսավորվում են նաև պետական բյուջեից. միայն 2023 թվականի պետական բյուջեով ԱԺ կուսակցություններին հատկացվել է ավելի քան 520 մլն դրամ, որից իրենց մասնաբաժինն ունեն նաև վերը նշված կուսակցությունները։
Սևադա Ղազարյան