«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է ռուսամետ տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունը, թե Դոնեցկի մարզում տեղակայված «Վրացական լեգեոնի» շտաբի ռմբակոծման հետևանքով 60 մարտիկ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել է։ Ըստ վրաստանցի փաստեր ստուգողների՝ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. այն արդեն հերքել է «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին: Փաստեր ստուգողները հավելել են, որ Ուկրաինայում զոհված զինվորներին առանձնահատուկ պատվով են ուղեկցում Վրաստան, և ոչ ոք չի փորձում թաքցնել նրանց մահը։ Այսպես, ապրիլին Ուկրաինայում 3 վրացի կամավոր է մահացել:
Ղազախստանյան factcheck.kz-ն ուսումնասիրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը երկրում ջրի սղության վերաբերյալ: «Փորձագետները կարծում են, որ 2040 թվականին ջրի պահանջարկը կավելանա 50 տոկոսով։ Մինչև 2050 թվականը Ղազախստանը կարող է հայտնվել «ջրի ծայրահեղ կարիք ունեցող» երկրների շարքում»,— ասել է նա։ Թեև նախագահը չի նշում, թե որ փորձագետներին է հղում անում, ըստ երևույթին, նա նկատի ունի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կանխատեսումը, ըստ որի՝ մինչև 2040 թվականը Ղազախստանը կարող է բախվել ջրի պակասի 50%-ի չափով: Դեռ 10 տարի առաջ երկրի Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարար Նուրլան Կապպարովը հայտարարել էր, որ նախարարության գնահատականներով՝ մինչև 2040 թվականը Ղազախստանում ջրի պահանջարկը կաճի 56%-ով։ Հետևաբար, Տոկաևի պնդումը ճիշտ է:
Ուկրաինական Vox Check-ը ստուգել է ռուսական տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունները, թե Ուկրաինայում վերջերս շրջանառության մեջ դրված օրինագծի համաձայն՝ ռազմական դրության ընթացքում կառավարությանը քննադատելու համար քաղաքացիները կպատժվեն 5-7 տարի ազատազրկմամբ: Ուկրաինացի փաստեր ստուգողները բացատրել են, որ նման պատիժ նախատեսվում է միայն Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնալիք ստեղծելու դեպքում և միայն ռազմական դրության պայմաններում։ Այնուամենայնիվ, օրենքի նախագիծը խիստ քննադատության է արժանացել և ամենայն հավանականությամբ՝ չի ընդունվի։
Աշխարհ
Բրիտանական Reuters Fact Check-ը ստուգել է սոցցանցերում տարածված տեսանյութը, որում Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի ուղղությամբ ձու են նետում: Գրառումների հեղինակները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել 2023 թ.-ին՝ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահը ստորագրել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրենքը:
French President Emmanuel Macron was stabbed in the forehead with an egg. pic.twitter.com/bLKHbNrnNb
— Spriter (@Spriter99880) April 19, 2023
Սակայն իրականում դեպքը տեղի է ունեցել 2017 թ.-ին Փարիզում, երբ Մակրոնը մի միջոցառման էր մասնակցում՝ որպես նախագահի թեկնածու:
Ամերիկյան Politifact-ը ստուգել է համացանցում տարածված տեղեկությունները, թե Իսրայելում մտադրված են արգելել քրիստոնեությունը: Ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը կեղծ է: Օրինագիծը, որը ներկայացրել են Իսրայելի օրենսդիր մարմնի՝ Կնեսեթի երկու ծայրահեղ ուղղափառ պատգամավորները, արգելում է մեկ անձի փորձել մեկ այլ կրոնից կրոնափոխություն իրականացնել: Այնուամենայնիվ, խիստ անհավանական է, որ նախագիծը կընդունվի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կկանխի օրինագծի օրինականացումը։
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը