Մայիսի 16-ին Իտալիայի ոստիկանությունը տեղեկացրեց, որ առգրավվել է Հայաստան ուղևորվող 2,7 տոննա կոկաին տեսակի թմրամիջոց։
Որոշ ժամանակ անց Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարեց, որ բանանի ներմուծմամբ զբաղվող «Մրգենի» ընկերությանը պատկանող ապրանքի մեջ իրենք ևս հայտնաբերել են մոտ մեկ տոննա կոկաին։
Մի քանի օր անց հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը տեսաուղերձով հայտնեց, որ ինքն է «Մրգենի» ՍՊԸ-ի սեփականատերը: Նրա խոսքով՝ իրենց համար ևս անակնկալ էր ստացված բանանի մեջ հայտնաբերված թմրանյութը, ինչի մասին ինքն է անձամբ տեղեկացրել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, և միայն դրանից հետո է ԱԱԾ-ն առգրավել է թմրանյութն ու քրեական գործ հարուցել։
Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվեցին ընկերության տնօրենը, պահեստապետը և ներմուծումների և գնման բաժնի պետը, իսկ սեփականատիրոջ նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
«Փաստերի ստուգման հարթակը» նկատեց, որ տեսանյութում Միհրան Պողոսյանը խոստովանել է, որ ինքն է «Մրգենի» ընկերության իրական սեփականատերն ու շահառուն։
«Ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» կազմակերպությանը, որի իրական շահառուն ու սեփականատերը հանդիսանում եմ ես», — իր տեսաուղերձն այսպես սկսեց Պողոսյանը։
Մինչդեռ, Իրավաբանական անձանց պետռեգիստրում որպես «Մրգենի» ընկերության իրական շահառու ներկայացված է տնօրենի՝ Լևոն Աթաջանյանի անունը։
Փաստացի, Պողոսյանը բացահայտում է, որ իրեն պատկանող ընկերությունը խախտել է օրենքը՝ իրական շահառուի կեղծ տվյալներ գրանցելով։
Սևադա Ղազարյան