2018-ի Ամանորին ընդառաջ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահի պաշտոնում իր հերթական և վերջին ամանորյա ուղերձը կհղի համայն հայությանը։ Սա կլինի Սարգսյանի 10-րդ ուղերձը Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ։ Սարգսյանի ամանորյա ուղերձները կենացներ են հիշեցնում, սակայն անգամ այդ կենացներում վերջինս հաջողել է իրականությունն աղավաղող հայտարարություններ անել, խոստումներ տալ, որոնք այդպես էլ չիրականացրեց այս տարիներին։
2009 թվական։ «Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցին մենք ամրագրեցինք բոլոր անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու մեր ծրագրերը»:
Սարգսյանի նախագահ դառնալուց 9 տարի և Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց Գյումրիում հազարավոր ընտանիքներ շարունակում են մնալ անօթևան։ Իշխանությունները հայտարարում են, թե 90 տոկոսով իրագործել են աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրը։ Տարբեր հաշվարկների համաձայն՝ այժմ միայն Գյումրիում 2500-3000 ընտանիք է ապրում տնակներում։ Երկրաշարժի հետևանքով տնակներում ապրող մարդիկ առ այսօր իրենց բնակարաններին են սպասում նաև Սպիտակում, Ստեփանավանում և այլ համայնքներում։
2010 թվական։ «2009 թվականին Հայաստանում արձանագրվել է ծնունդների և ամուսնությունների աճ․․․Այս իրողություններն ինձ համար շատ թանկ են և խոսում են գալիքի մասին, այն մասին, որ մեր երիտասարդները հավատում են իրենց երկրին, իրենց կյանքն ու իրենց զավակների ապագան կապում են հայրենիքի հետ: Վաղվա օրվա նկատմամբ վստահության չափանիշ է սա» :
Եթե Սարգսյանն իսկապես ծնուդների և ամուսնությունների աճը դիտարկում է որպես վաղվա օրվա նկատմամբ վստահության վարկանիշ, ապա պետք է արձանագրել, որ նրա պաշտոնավարման տարիներին վստահության այդ վարկանիշն իջել է։ Նվազել է ամուսնությունների թիվը և աճել է ամուսնալուծություններինը։
Եթե Սարգսյանն իսկապես ծնուդների և ամուսնությունների աճը դիտարկում է որպես վաղվա օրվա նկատմամբ վստահության վարկանիշ, ապա հարկ է արձանագրել, որ նրա պաշտոնավարման տարիներին այդ վստահության վարկանիշն ակնհայտ անկում է ապրել։ Ծնելիության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով 2009-ի 14,5-ից 2016-ին իջել է 13,5-ի։
Նվազել է նաև ամուսնությունների թիվը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2009 թվականին ՀՀ-ում գրանցվել է 18773 ամուսնություն։ 2016-ին այդ թիվը ոչ միայն չի աճել, այլ նվազել է՝ հասնելով 16294-ի։ Փոխարենն աճել են ամուսնալուծությունները։
2011 թվական։ «2011 թվականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրացած արատների դեմ հետևողական պայքարի ու պակասը լրացնելու տարի» :
Աշխատանքի տարի Սարգսյանը խոստացավ նաև 2011-ի ավարտին։ «2012-ը աշխատանքի՛ տարի է լինելու»: Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարվա համեմատ Հայաստանում աճել է գործազրկության մակարդակը՝ կազմելով մոտ 18 տոկոս։ Հայաստանը գործազրկության մակարդակով առաջինն է ԱՊՀ-ում։
Հիշեցնելով Ազգային ժողովի ընտրությունների մասին՝ Սերժ Սարգսյանը խոստացավ․ «Ընտրությունները մեզանում շատ դեպքերում ընկալվել են, կրկնում եմ` ընկալվել են, միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել` անել ինձնից կախվածը արատավոր կարծրատիպից հրաժարվելու, իրոք ազգային և իրոք պետական մոտեցման սկզբունքները քաղաքական կյանքում արմատավորելու համար»:
2012-ի մայիսի 6-ին կայացած ընտրություններում, սակայն, միջազգային դիտորդական խմբերն ու տեղական լրատվամիջոցներն արձանագրեցին բազմաթիվ ընտրախախտումներ, այդ թվում՝ վարչական միջոցների չարաշահման դեպքեր, հատկապես կրթական ոլորտի աշխատողների կողմից քարոզչության և պաշտոնական պարտականությունների համակցում, և դեպքեր, երբ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ուսուցիչներին և աշակերտներին ակտիվորեն ներգրավել է քարոզչական միջոցառումներում: Իսկ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրվեցին լայնածավալ ձայնագողության մասին վկայող փաստեր, որոնց նրբորեն ակնարկեց նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը:
2014 թվական։ Սարգսյանը, նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, հայտարարեց․ «Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ»։ Արդեն տարեվերջին՝ 2015 թվականին ընդառաջ իր ամանորյա ուղերձում Սարգսյանն անձամբ արձանագրեց․ «2014-ը հատկանշվեց մեր սահմանների վրա լարվածության աննախադեպ աճով»:
2016 թվական։ «Ցավոք, 2015 թվականը ոչ միայն չբերեց լիցքաթափում և առկա պատերազմների սառեցում, այլև որոշ դեպքերում մեծացավ լարվածությունը, թեժացան պատերազմների օջախները ․․․ Մենք շարունակեցինք լինել աշխարհի ամենաապահով երկրներից մեկը»:
Սարգսյանը պնդում էր, թե Հայսատանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է․ մինչդեռ 2015 թվականի Խաղաղության համաշխարհային ինդեքսի զեկույցում, Հայաստանը 163 երկրների շարքում 91-րդ հորիզոնականում էր։ 2014-ին Հայաստանն այդ ինդեքսում 97-րդն էր։ 2017 թվականին այն գտնվում է 110-րդ հորիզոնականում։
2017 թվական։ «2017 թվականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրությունները: Մեր հասարակությունը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կվստահի նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ»:
2017-ի Ազգային ժողովի ընտրությունները, սակայն, հիշվեցին արձանագրված այնպիսի խախտումներով, ինչպիսիք էին վարչական ռեսուրսի չարաշահումը, ձայների գնումը։ ԶԼՄ-ներում հայտնված ձայնագրությունները լրագրողների գրանցած ընտրակաշառքների բաժանման ինպես նաև ցուցակների կազմման դեպքերը, փաստում են, որ Սարգսյանը չկարողացավ կազմակերպել խոստացված վստահելի գործընթացը։
Բացի այս 2017-ին ընդառաջ իր ամանորյա ուղերձում Սարգսյանն առաջարկեց բաժակ բարձրացնել նոր սերնդի համար․ «Նրանց կրթության և աճի համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու»:
Նույն տարում կառավարությունը որոշում ընդունեց 2018-2020 թվականներին կրթության ոլորտի ֆինանսավորումը տարեցտարի կրճատել՝ ՀՆԱ-ի 2.85%-ից հասնելով ՀՆԱ-ի 1.85%-ի:
Ծաղրանկարը՝ Մեդիալաբի