Օրեր առաջ հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը։
Մամուլում Սարգսյանը հիմնականում ներկայացվեց որպես նախկին վարչապետ և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, սակայն դա իր գործունեության միայն փոքր մասն է։
Ներկայացնում ենք Արմեն Սարգսյանի կենսագրության այլ կողմերը։
Բիզնեսմեն Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը հանդիսանում է Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար, որի գործունեության ոլորտները շատ տարբեր են։ 25 ընկերություն ներառող այս խումբը գործունեություն է ծավալում հեռուստակոմունիկացիոն, տեխնոլոգիաների, մուլտիմեդիայի, անշարժ գույքի, գյուղատնտեսական և էներգետիկայի ոլորտներում։ Գործունեության աշխարհագրությունը ևս լայն է՝ Ռուսաստան, Ուկրաինա, Չեխիա, Լեհաստան, Մոնղոլիա և Չինաստան։
2012 թվականին Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանի և Ռուսաստանի Լենինգրադի մարզի ղեկավար Վալերի Սերդյուկովի միջև ստորագրվեց նովոլադոժսկու ջրագծի կառուցման վերաբերյալ հուշագիր։ Ծրագրի ընդhանուր արժեքը կազմել էր 50 մլրդ ռուբլի։ Ինչպես նշվում է ռուսական աղբյուրում՝ մարզի ղեկավարությունը չէր կարողանում ներդրող գտնել ավելի քան 4 տարի։ Սակայն նույն տարվա սեպտեմբերին Լենինգրադի մարզի նոր նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն ասաց, որ մտադիր է վերանայել Knightsbridge-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, քանի որ կարծում է, որ մարզին պետք է «ավելի հստակ և թափանցիկ առաջարկ»: Նա նշում էր, որ որպես նոր ներդնող կարող է հանդես գալ Դոյչե բանկը:
2013թ. հունվարին Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը և ՌԴ Պոմորյեի նահանգապետ Իգոր Օրլովը հուշագիր ստորագրեցին էներգետիկայի, տրանսպորտի և տուրիզմի ոլորտներում համագործակցության մասին: Խոսքը, մասնավորապես, Արխանգելսկի օդանավակայանի ու տեղական ավիաուղիների զարգացմանն ուղղված ներդրումների մասին էր:
Նշենք, որ Knightsbridge ընկերությունը համագործակցում է Goldman Sachs, Merrill Lynch, Credit Suisse և HSBC ընկերությունների հետ, վերջինս գրասենյակներ ունի Լոնդոնում, Վիեննայում, Փարիզում, Մոսկվայում, Բուդապեշտում, Վարշավայում և Ալմաթայում։
Այլ բիզնեսներ Ռուսաստանում
Ինչպես հայտնում է Մեդիամաքսը՝ հղում կատարելով ռուսական Компания ամսագրին, 25 ընկերությունների խմբից մեկը՝ Knightsbridge Cybersystems ընկերությունը, Ռուսական շուկայում զբաղվում է համակարգչային անվտանգության խնդիրներով, իսկ տնօրենը Սարգսյանի ավագ որդին է՝ Վարդանը:
Հոդվածում նաև նշվում է, որ Knightsbridge-ը որոշակի մասնաբաժին ունի Արևմտյան Չումպասի նավթային հանքում:
Արմեն Սարգսյանի ղեկավարած մեկ այլ Highbury Grօup-ը ստեղծել է «Լենինգրադ» կորպորացիան, որն իր հերթին հանդիսանում է «Էներգոպրոեկտ» ընկերության բաժնետեր: «Էներգոպրոեկտը» համարվում է ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանի խոշորագույն կազմակերպությունը, որը զբաղվում է էլեկտրաէներգետիկ ոլորտի նախագծային և ինժեներինգային աշխատանքներով:
Ղազախական գազը և Նազարբաևի դուստրը
Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը ջերմ հարաբերություններ ունի Ղազախստանում մեծ ազդեցություն ունեցող Դարիգա Նազարբաևայի հետ, ով նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուտրն է։ 2013 թվականին Ուելսի արքայազն Չարլզի Հայաստան կատարած այցի ժամանակ, անձամբ Արմեն Սարգսյանի հրավերով, Դարիգան ևս Հայաստանում էր: Հենց Արմեն Սարգսյանն է խորհուրդ տվել Դարիգային ստեղծել ղազախական մեդիահոլդինգը, որն այժմ ղեկավարում է երկրի բոլոր հեռուստաալիքները, իսկ Արմեն Սարգսյանին պատկանում է դրա բաժնետոմսերի 5 տոկոսը։
Նշենք նաև, որ 2002թ-ից Արմեն Սարգսյանը հանդիսանում է Աստանայի ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր, որի կազմկոմիտեի նախագահը նույն Դարիգա Նազարբաևան է։
Արմեն Սարգսյանի բիզնես նախաձեռնությունները Թուրքմենստանում
2008թ. հունվարի 22-ին Knightsbridge Group ընկերության նախագահ Արմեն Սարգսյանը Աշխաբադում հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Սարգսյանն ասել էր, որ Knightsbridge Group-ը պատրաստ է հանդես գալ որպես Թուրքմենստանում անլար լայնաշերտ ցանցերի ներդրման նախագծի օպերատոր և ներդրող:
Արմեն Սարգսյանը նաև ներկայացրել էր Թուրքմենբաշի քաղաքում ժամանակակից նավահանգստի կառուցման, էներգետիկ համագործակցության զարգացման, նավթի ու գազի արդյունահանմանն ու վերամշակմանը մասնակցելու առաջարկները:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել էր, որ հնչած առաջարկներն «արժանի են ուշադիր և մանրամասն ուսումնասիրության»: Նա Knightsbridge Group-ին առաջարկել էր նաև քննարկել ցեմենտի գործարանների շինարարության միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորությունը:
«Երևան իմ սեր» հիմնադրամ
2009 թվականին Արմեն Սարգսյանը հիմնել է «Երևան իմ սեր» բարեգործական հիմնադրամը, որը հայտարարել է մի շարք ծրագրերի մասին։
Դրանցից մեկը Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում կարիքավոր ընտանիքների լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար ստեղծվելիք կենտրոնն էր։ Այս ծրագիրը իրականցնելու համար կառավարությունն անհատույց հիմնադրամին է տրամադրել եկեղեցու հարակից տարածքում 1005 քմ մակերեսով, շուրջ 400 մլն դրամ արժեք ունեցող հողամասը։
Այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ սա պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագիր է, որտեղ պետության մասնակցությունն էական տեսակարար կշիռ ունի։ «Այսօրվա որոշումով մենք շուկայական արժեքով շուրջ 400 մլն դրամի գույք ենք հանձնում հիմնադրամին, որպեսզի ծրագիրն իրականանա։ Բացի այդ, հիշում եք, որ ծրագիրը գտնվում էր հանրապետության նախագահի անմիջական հովանու ներքո, ինչի շնորհիվ էլ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հայ գործարարները ֆինանսական միջոցներ հատկացրին ծրագրի իրականացման համար։ Այսինքն, սա համատեղ ջանքերով իրականացվող ծրագիր է», — ասել էր վարչապետը։
Սակայն Սերժ Սարգսյանի հովանու ներքո գտնվող Հայաստանի ապագա նախագահի այդ ծրագիրն այդպես էլ չիրագործվեց։
Մեկ այլ ծրագրով նախատեսվում էր Ազգային զբոսայգի հիմնել Եղեռնի հուշարձանի և Համերգային համալիրի շրջակա բլրի վրա: Զբոսայգում, որը զբաղեցնելու էր շուրջ 101 հեկտար հողատարածք, պետք է ստեղծվեր նաև Սփյուռքի թանգարան:
Արքայազն Չարլզ, «Լիդիան» ընկերություն
2013 թվականի մայիսի 28-ին մասնավոր այցով Հայաստան էր ժամանել Ուելսի արքայազն Չարլզը որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր։ Վերջինիս հրավիրել էր մի քանի ամիս բրիտանական Lydian International ընկերության տնօրենի պաշտոնում նշանակված Արմեն Սարգսյանը: Այդ ընկերությունը հանդիսանում է հայկական «Գեոթիմ» ընկերության հիմնադիրը, որը զբաղվում է Ջերմուկի մոտ գտնվող Ամուլսարի ոսկու հանքի հետախուզմամբ: Թեև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության պաշտոնյաները հայտարարեցին, որ արքայազնի այցելությունը Հայաստան մասնավոր է և որևէ առնչություն չունի Ամուլսարի հանքի հետ, սակայն այդ օրերին մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիաներ անցկացրին՝ դիմելով արքայազնին, որպեսզի նա խոսի իր ընկեր Արմեն Սարգսյանը հետ՝ Ամուլսարը հանք դարձնելու մտքից հրաժարվելու համար։
Նշենք, որ արքայազն Չարզլի հովանավորությամբ գործող Վայրի բնության համաշխարհային կազմակերպության՝ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի ջանքերով դեռևս 2005-2006թթ. նախագծվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Ջերմուկ ազգային պարկի նախագիծը՝ Ջերմուկ առողջարանային գոտիով, Կեչուտի ջրամբարով, Ամուլսարով հանդերձ, որի հետագա աշխատանքները և վերջնական հաստատումը կասեցվեցին հանքավայրի հետախուզական աշխատանքների և դրա շահագործումը լիցենզավորելու պատճառով:
Արմեն Սարգսյանը ըստ հայտարարագրերի
Հատկանշական է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Արմեն Սարգսյանի հայտարարագրերը թերի են ներկայացված, չկա որևէ նշում նրա աշխատավարձի վերաբերյալ: 2013 թվականին, երբ Սարգսյանը նշանակվել է դեսպանի պաշտոնում, հայտարարագրել է 3 առանձնատուն, 2 բնակարան:
Նշանակվելու օրվա դրությամբ ունեցել է 8 միլիոն եվրո: 2014 թվականին 70 հազար ֆունտ ստերլինգով ձեռք է բերել Range Rover մակնիշի ավտոմեքենա: 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 6.1 միլիոն եվրո: 2016 թվականին այդ գումարը կրկին նվազել է՝ դառնալով 5.7 միլիոն եվրո:
Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013-ից մինչև 2016 թվականը հայտարարագրել է միայն դրամական միջոցները: Ըստ այդմ՝ Նունե Սարգսյանի դրամական միջոցները մոտ 1 միլիոն եվրոյից տարիների ընթացքում նվազել են՝ դառնալով 780 հազար եվրո:
Նշենք նաև, որ Նունե Սարգսյանը մանկական գրքեր է գրում։ 2017 թվականի հունիսին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ վերջինիս գրքի շնորհանդեսը։
Ռաֆայել Աֆրիկյան