Հունիսի 23-ին «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր մարտիկների ճամբարին հրթիռային հարված հասցնելու մեջ և հայտարարեց դեպի Մոսկվա «արդարության երթ» իրականացնելու մտադրության մասին։ Դրանից հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց զինված ապստամբության հատկանիշներով։ Առաջին իսկ օրը «Վագներին» հաջողվեց վերահսկողություն հաստատել Դոնի Ռոստով քաղաքի վրա, որը Ուկրաինայի դեմ ՌԴ հարձակման հիմնական հենակետերից է։
Կիրակի երեկոյան հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ իրավիճակը կարգավորվել էր: Պրիգոժինը հայտնեց, որ մարտիկները թողնում են Դոնի Ռոստովը և ՌԴ տարածքում առաջ շարժվելու պլաններն ու հեռանում են դաշտային ճամբարներ:
Քանի որ ռազմական հեղաշրջման այս փորձը Ռուսաստանում շարունակում է մնալ գլխավոր թեմաներից մեկը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ներկայացնել, թե ով է Եվգենի Պրիգոժինը և ինչով է հայտնի «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը, ինչպես նաև, թե ինչպիսի զուգահեռներ կան «Վագների» և Հայաստանում հասարակական հիմունքներով գործող ռազմականացված կառույցների միջև։
Ով է Եվգենի Պրիգոժինը
Եվգենի Պրիգոժինը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ հետագայում ծավալել է իր գործունեության մեծ մասը:
Ըստ ռուսական աղբյուրների՝ երիտասարդ տարիներին նա առնվազն երկու անգամ դատապարտվել է ազատազրկման՝ առաջին անգամ 2, երկրորդ անգամ 13 տարով (գողության, խարդախության, կողոպուտի և այլ մեղադրանքներով):
Բանտից դուրս գալուց հետո Պրիգոժինը սկսել է իր ձեռնարկատիրական գործունեությունը՝ «հոթ դոգերի» վաճառքի կետեր բացելով: 1995-ին նա հիմնել է «Կոնկորդ» ընկերությունը, որը այժմ ներառում է հասարակական սննդի, շինարարական և այլ կազմակերպություններ:
Հետագա տարիներին նրա բիզնես գործունեությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով բարեր և էլիտար ռեստորաններ Պետերբուրգում: Դրանց հաճախակի հյուրն էր ՌԴ ապագա նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ այլ երկրներից:
Պրիգոժինը հիմնադրել է նաև, այսպես կոչված, «ֆեյքերի ֆաբրիկան»: Ըստ ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոյի՝ նրա ստեղծած Համացանցային հետազոտությունների գործակալությունը լայն ապատեղեկատվական արշավ էր սկսել՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։
2014-ին արդեն Եվգենի Պրիգոժինը ստեղծել է «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը, թեև տևական ժամանակ դրա հետ իր կապը ակտիվորեն գաղտնի էր պահում և հաստատել է միայն 2022 թ.-ին:
«Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը
Ստեղծումից ի վեր «Վագներ» խմբի հազարավոր անդամներ մասնակցել են ռազմական գործողությունների Ուկրաինայում, Սիրիայում, Սուդանում և այլ երկրներում:
Ռազմական խումբը 2015 թ.-ից սկսած մասնակցել է Սիրիայում ռազմական գործողությունների: Կազմակերպությունը գործել է թեժ կետերում, ականատեսների պնդմամբ՝ մարտի մեջ մտնելով ՌԴ և Սիրիայի կառավարական զորքերից առաջ: Հատկանշական է, որ հայտնի OCCRP-ն՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը, խմբի անդամներին մեղադրել է պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեջ:
«Վագների» զինվորականները 2017 թ.-ից մասնակցել են ռազմական գործողությունների Սուդանում: Վագներականներին Սիրիայից Սուդան էին ուղարկել այն բանից հետո, երբ Սուդանի նախագահ, ցեղասպանության մեջ մեղադրվող Օմար ալ-Բաշիրը Ռուսաստանի նախագահ Պուտինին հայտնել էր, որ իր երկիրը պաշտպանության կարիք ունի «ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններից»: Բազմաթիվ տեղեկություններ կան, որ «Վագները» շահույթ է ստանում Սուդանի ոսկու հանքերից:
Կազմակերպությանը մեղադրում են ռազմական հանցագործությունների իրականացման մեջ նաև Մալիում: BBC-ի հետաքննություններից մեկը բացահայտել էր կազմակերպության հնարավոր պատերազմական հանցագործությունները Լիբիայում:
Ուշագրավ է, որ թեև վարձկան ռազմական կազմակերպություններն արգելված են Ռուսաստանում, 2022 թ. դեկտեմբերին «Վագները» գրանցվել է ՌԴ իրավաբանական անձանց միասնական ռեեստրում և բացել մասնաճյուղ Պրիգոժինի հայրենի քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում: Ըստ Forbes-ի՝ ընկերությունում այս պահին գործում է 25 հազար վարձկան զինվորական: Ըստ ռուսական աղբյուրների՝ շարքային զինվորականները ստանում են 150 հազար ռուբլի աշխատավարձ:
«Վագներն» Ուկրաինայում
Ստեղծման առաջին օրերից՝ 2014-ից սկսած, «Վագները» մասնակցել է Ուկրաինայի դեմ պատերազմին՝ ներգրավվելով Ղրիմի բռնակցմանը, այնուհետև մարտերին Լուգանսկում և Դոնեցկում՝ Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերի կողմից:
2022-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա կատարած ներխուժումից հետո կազմակերպությունը սկսեց այլ երկրներից իր զինվորականներին տեղափոխել Ուկրաինա: Ըստ Times-ի՝ Աֆրիկայից 400 վարձկան էր տեղափոխվել Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սպանելու հրամանով: Ըստ գերմանական DER SPIEGEL-ի՝ «Վագները» մեծ դեր է ունեցել Բուչայում խաղաղ բնակչության կոտորածների ժամանակ:
2022-ի հուլիսից հայտնվեցին տեղեկություններ, որն «Վագները»՝ անձամբ Պրիգոժինի մասնակցությամբ, հավաքագրում է ազատազրկվածների՝ Ուկրաինա ուղարկելու նպատակով: BBC-ի հետաքննությունը պարզել էր, որ բանտարկյալները համաներում են ստանում Վլադիմիր Պուտինի հրամանագրով և դրանից հետո ուղարկվում ռազմաճակատ: New York Times-ի հրապարակումը ցույց էր տվել, որ վարձկանները մեծ ծավալի կորուստներ են ունենում: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ փետրվար ամսվա դրությամբ «Վագները» 30 հազար կորուստ է ունեցել (մահեր և վիրավորներ):
Ռուսաստանում ռազմական հեղաշրջման փորձը հայկական սոցցանցերում
Հունիսի 23-ին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին մեծ ուշադրությամբ հետևում էին Հայաստանում:
Շատ օգտատերեր, հետևելով ռուսական մեդիային, Ֆեյսբուքում Պրիգոժինին անվանում էին «Պուտինի խոհարար»։ Իրականում, «Վագների» հիմնադիրն ուղիղ իմաստով չի եղել ՌԴ նախագահի խոհարարը, այլ եղել է այն ռեստորանների ցանցի սեփականատերը, որի հաճախակի հյուրն է եղել Պուտինը: Հենց այդ պատճառով նա ստացել է «Պուտինի խոհարար» մականունը:
Սոցիալական ցանցերում սկսեցին քննարկվել տեսություններ, թե ինչպես տեղի ունեցավ այդ գործողությունը:
Մասնավորապես, դավադրապաշտական տեսությունների տարածմամբ հայտնի լրագրող Նաիրի Հոխիկյանը կարծիք հայտնեց, որ «Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները և «Վագներ» խմբի ապստամբությունը բեմադրություն են, որոնց հեղինակը Վլադիմիր Պուտինն է»։ «ՊՆ նախարար Շոյգուի և նրա կլանի հարցերը առաջիկա օրերին Պուտինը կլուծի, իսկ «Վագներ» խմբավորումը կտեղափոխվի Բելառուս, որտեղից արագ տեմպով նոր արշավանք կսկսվի Ուկրաինայի ուղղությամբ»,- հաջորդիվ արված մեկ այլ գրառմամբ կանխատեսեց նա։
Սոցցանցերում համեմատություններ կատարվեցին նաև Հայաստանում գործող «Ողջ մնալու արվեստ» և «Ազատազէն» կազմակերպությունների ու «Վագներ» խմբավորման միջև:
Ըստ «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված ընդհանուր տեղեկությունների՝ ՈՄԱ-ի նպատակը ՀՀ բնակչությանը ռազմական պատրաստություն տրամադրելն է պոտենցիալ պատերազմներից առաջ: Կայքում ընդգծվում է, որ դասընթացներին մասնակցությունը չի նշանակում ռազմական գործողություններին պարտադիր մասնակցություն: Ֆինանսական եկամուտները և ծախսերը նույնպես ներկայացված են կայքում: Ըստ ներկայացված տվյալների՝ կազմակերպությունում վարձատրվում են միայն հրահանգիչները, իսկ սահմանին կատարած ծառայությունը տեղի է ունենում կամավոր հիմունքներով. կազմակերպությունը չի վարձատրում դրա համար:
Պաշտոնապես «Ազատազէն» կազմակերպության գործունեության նպատակն է՝ «Նպաստել Հայաստանում զենք կրելու և կիրառելու մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, զինագործության զարգացմանը, զենք ձեռք բերելու, կրելու և կիրառելու օրենսդրական բարելավումներին»: Դրա կանոնադրությունը հրապարակված է պաշտոնական կայքում: Կազմակերպության խորհրդի անդամների անունները նույնպես հայտնի են հրապարակված են կայքում:
Այսպիսով, հայաստանյան «Ազատազէն» ու «Ողջ մնալու արվեստը» կազմակերպությունների և «Վագների» համեմատությունները տեղին չեն առնվազն այն պատճառով, որ դրանց անդամները վարձի դիմաց ռազմական ծառայություններ չեն մատուցում այլ երկրներում ու ներգրավված չեն որևէ արտաքին հակամարտության մեջ, ի տարբերություն վագներականների:
Մասնավոր ռազմական ընկերություններն այլ երկրներում
Ըստ ՄԱԿ-ի՝ 1989 թ.-ին ընդունած կոնվենցիայի՝ վարձկան զինվորականները չունեն այն իրավունքները, ինչ կանոնավոր բանակների ներկայացուցիչները: Բանաձևը հստակ սահմանում է, թե ովքեր են վարձկանները: Ըստ դրա՝ նրանք հատուկ հավաքագրված են տեղում կամ արտերկրում զինված հակամարտությունում կռվելու համար:
Նրանց՝ պատերազմական գործողություններին մասնակցելու դրդապատճառը հիմնականում անձնական շահ ստանալու ցանկությունն է, և, փաստորեն, հակամարտող կողմը խոստանում է վարձկաններին նյութական փոխհատուցում, որը էականորեն գերազանցում է այն, ինչ խոստացել կամ վճարվել է նմանատիպ կոչում ունեցող մարտիկներին, որոնք գործում են այդ կողմի զինված ուժերում: Վարձկանները չեն ուղարկվում ռազմական գործողության վայրեր պետության կողմից և կանոնավոր զորքերի, օրինակ, պաշտպանության նախարարության զինվորականներ չեն: Կոնվենցիան ստորագրած պետությունները պարտավորվել են հակամարտություններին չներգրավել վարձկանների: Ըստ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության, թեև վարձկանները չունեն ռազմագերու կարգավիճակ, սակայն գերեվարվելու դեպքում ձերբակալած կողմը պարտավորվում է մարդկայնորեն վերաբերվել տվյալ անձին:
Տարբեր երկրներ ազգային օրենքներով արգելել են վարձկանների գործունեությունը: Մի շարք երկրներում անձինք, որոնք կասկածվում են վարձկան լինելու համար, կարող են զրկվել քաղաքացիությունից (Գերմանիա): Ֆրանսիայում վարձկանությունը քրեական հանցագործություն է:
Ներկայումս, գործունեությունը օրինականացնելու համար մարտական ծառայությունները մատուցող կազմակերպությունները գրանցվում են որպես անվտանգային կամ մասնավոր ռազմական ընկերություններ: Այդպիսիք են, օրինակ, նույն «Վագները», ինչպես նաև ռուսական այլ ընկերություններ, որոնք ներգրավված են ուկրաինական պատերազմում՝ «Պատրիոտ», «Ռուսիչ» և այլն, կամ գերմանական «Ասգաարդը», որը ներգրավված է եղել Սոմալիում):
Ըստ նախկին զինվորական, ներկայումս անվտանգության փորձագետ, պրոֆեսոր Շոն Մըքֆեյթի՝ ռազմական մասնավոր ընկերությունները համաշխարհային մասշտաբի բիզնես են ստեղծել՝ շահույթ ստանալով հակամարտություններից: Ռազմական մասնավոր ընկերությունները նա համարում է վարձկանների ժամանակակից տեսակ: «Ոչ ոք իրականում չգիտի, թե քանի միլիարդ դոլար է շրջանառվում այս անօրինական շուկայում: Մենք միայն գիտենք, որ այս բիզնեսը ծաղկում է: Վերջին տարիներին Եմենում, Նիգերիայում, Ուկրաինայում, Սիրիայում և Իրաքում վարձկանների ակտիվ գործունեություն է նկատվել: Այս շահույթ հետապնդող մարտիկներից շատերը գերազանցում են տեղի զինվորականներին, և մի քանիսը կարող են նույնիսկ դիմակայել Ամերիկայի ամենաբարձրակարգ ուժերին, ինչպես ցույց է տալիս Սիրիայի ճգնաժամը»,- գրել է նա «Վարձկանները և պատերազմը. հասկանալով այսօրվա մասնավոր բանակները» գրքում: Հեղինակի բերած օրինակներից մեկը վերաբերում է Եմենի հակամարտությանը: Ըստ նրա՝ Արաբական Միացյալ Էմիրությունները Լատինական Ամերիկայից հազարավոր վարձկաններ է վարձել Եմենում Իրանի կողմից աջակցվող հութիների դեմ կռվելու համար, իսկ ահա Սաուդյան Արաբիան վարձել է աֆրիկացի զինվորականների: Երկուսն էլ, ըստ Շոն Մըքֆեյթի, ավելի էժան «աշխատուժ» են՝ համեմատած ամերիկացի և բրիտանացի վարձկանների:
Ինչ վերաբերում է ուկրաինական հակամարտությանը, ըստ փորձագետի, այնտեղ պատերազմը հեղեղված է ռուս, չեչեն, ֆրանսիացի, իսպանացի, շվեդ և սերբ վարձկաններով, որոնք կռվում են երկու կողմերի համար:
«Ուկրաինական հակամարտությունում վարձկաններն ամենուր են: «Վագների» նման ընկերություններն իրականացրել են գաղտնի առաքելությունների լայն շրջանակ, որոնք բոլորը հերքվել են Ռուսաստանի կառավարության կողմից: Ուկրաինացի օլիգարխները նույնպես վարձկաններ են վարձել, բայց ոչ հանուն երկրի. միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկին աշխատանքի է ընդունել մասնավոր մարտիկների՝ UkrTransNafta նավթային ընկերության կենտրոնակայանում իր ֆինանսական ակտիվները պաշտպանելու համար»,- գրված է գրքում, որը հրապարակվել է 2019 թ.-ին՝ մինչև 2022 թ.-ին ՌԴ լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա:
Լուսինե Ոսկանյան