«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱԺ պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմ Հայկ Ղալումյանի (ՔՊ) և նրա ընտանիքի անդամների՝ վերջին մի քանի տարիների հայտարարագրերը։ Արդյունքում մի շարք անճշտություններ ու անհամապատասխանություններ են վեր հանվել։
Ըստ Ղալումյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ պատգամավորը և նրա ընտանիքի անդամներն իրենց հայտարարագրերի մի մասը կամ ոչ ճիշտ են լրացնում, կամ թաքցնում են որոշ էական տվյալներ։
Վահե Ղալումյանը հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի հունիսի 1-ին, նշանակվել է Տավուշի մարզպետ։
Պաշտոնն ստանձնելուց 29 օր անց նա իրեն պատկանող «Վահե և Վահան Ղալումյաններ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է հորը՝ Վոլոդյա Ղալումյանին։
Հաջորդ օրը պաշտոնի ստանձնման հայտարարագրում տեսնում ենք, որ այդ պահի դրությամբ Ղալումյանն ունեցել է 4 կտոր հողամաս, մեկ բնակելի տուն, երկու բեռնատար՝ KRAZ 256 և GAZ 3302։ Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա, ըստ հայտարարագրի, Ղալումյանը որևէ տեղ չի աշխատել, աշխատավարձ չի ստացել։ Միակ եկամուտը որպես նվիրատվություն ստացած 150 հազար ռուբլին է։ Չնայած, ինչպես նշեցինք, Ղալումյանը «Վահե և Վահան Ղալումյաններ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն էր ստեղծման օրվանից՝ 2000 թվականից։ Ավելին՝ իր հայտարարագրում Ղալումյանը որևէ կերպ չի հիշատակում ոչ իրեն պատկանող ՍՊԸ-ն, ոչ էլ դրա օտարման/վաճառքի մանրամասները։
Արդեն 2018-ի տարեկան հայտարարագրում տեսնում ենք, որ Ղալումյանը 1.9 մլն դրամով վաճառել է KRAZ 256 բեռնատարը, սակայն տարեկան եկամուտների բաժնում չի նշել ո՛չ դրա վաճառքից ստացված եկամուտը, ո՛չ մինչև պաշտոնը ստանձնելու օրը ստացած 150 հազար ռուբլի նվիրատվությունը։ Ղալումյանի ընտանիքի անդամները ևս չեն հայտարարագրել ոչինչ, բացառությամբ կնոջ՝ Աննա Եգանյանի, որը․ ըստ 2018 թվականի տարեկան հայտարարագրի․ ստացել է ընդամենը ֏660 հազար աշխատավարձ։
2019
Հաջորդ՝ 2019-ի տարեկան հայտարարագրում Ղալումյանը որպես անշարժ գույք ներկայացրել է 4 հողամաս։ Թե ո՞ւր է «անհետացել» նախորդ տարի հայտարարագրված բնակելի տունը՝ հայտնի չէ։ Այդ տարի Ղալումյանը ֏1 մլն-ով վաճառել է նաև մյուս բեռնատարը։
Որպես աշխատավարձ՝ Ղալումյանը հայտարարագրել է Տավուշի մարզպետարանից և ԱԺ-ից ստացած աշխատավարձերը՝ ընդհանուր ֏9․8 մլն։ Հայտարարագրում կրկին բացակայում է բեռնատարի վաճառքից ստացած եկամուտը։
Ղալումյանի կինը հայտարարագրել է 700 հազար դրամ աշխատավարձ, իսկ որդիներից մեկը՝ Աշոտ Ղալումյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ հողամաս և Իջևանի Բենտոնիտ կոմբինատից ստացած 800 հազար դրամ աշխատավարձը։ Թե երբ, որքանով ու ինչ միջոցներով է ձեռք բերվել հողամասը՝ հայտարարագրում պաշտպանված է (փակ է)։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փոխանցմամբ՝ Աշոտ Ղալումյանն այս հողամասը ձեռք է բերել 2018 թվականին։ Սակայն այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ այն չէր հայտարարագրվել 2018-ի տարեկան հայտարարագրում։
2020
Հաջորդ՝ 2020 թվականը ևս Ղալումյանների հայտարարագրերում ոչ ամբողջական է ներկայացված։ Ավելի ճիշտ՝ հարցեր են առաջանում որդու՝ Աշոտ Ղալումյանի հայտարարագրի ուսումնասիրությունից։
Ըստ հայտարարագրի՝ Վահե Ղալումյանի գույքի ու եկամուտների տեղաշարժ, որպես այդպիսին, չի եղել։ Պատգամավորը որևէ գույք չի վաճառել և չի գնել, իսկ որպես եկամուտ նշել է ԱԺ-ից ստացած ֏7,8 մլն աշխատավարձը։ Կինը ևս որևէ արտառոց գործարք չի իրականացրել այդ տարի և հայտարարագրել է 816 հազար դրամ աշխատավարձ։ Աննա Եգանյանը հայտարարագրել է նաև երկու վարկ՝ ընդհանուր մոտ 290 հազար դրամ մայր գումարի մնացորդով։
Որդիներից Վլադիմիր Ղալումյանը կրկին ոչինչ չի հայտարարագրել, իսկ Աշոտ Ղալումյանի հայտարարագրում «անհետացել է» նախորդ տարի հայտարարագրված հողամասը, փոխարենը հայտնվել է VAZ ավտոմեքենա, որի համար Աշոտ Ղալումյանը վճարել է ֏5 մլն։
Որպես եկամուտ՝ Աշոտ Ղալումյանը հայտարարագրել է արդեն Արևելյան մաքսատուն-վարչություն, Բագրատաշենի մաքսային կետից ստացած ֏2,3 մլն աշխատավարձը։ Կրտսեր Ղալումյանը հայտարարագրել է նաև 300 հազար դրամ վարկային գծի մայր գումարի մնացորդ։ Ակնհայտ է, որ ո՛չ նախորդ տարվա աշխատավարձով, ո՛չ հաշվետու տարվա աշխատավարձով Աշոտ Ղալումյանը չէր կարող գնել ո՛չ հողամասը, ո՛չ մեքենան։ Եվ կրկին հարցը մնում է բաց․ ի՞նչ միջոցներով է Աշոտ Ղալումյանը ձեռք բերել ավտոմեքենան։
Ի դեպ, դեռևս նախորդ տարվա հունվարին լրատվամիջոցները գրեցին, որ 2018 թվականի հունիսից ՊԵԿ-ում աշխատող Աշոտ Ղալումյանը վերջերս ՊԵԿ նախագահից նկատողություն է ստացել։ Այս տեղեկությունը հաստատել էր նաև Վահե Ղալումյանը։ Սակայն եթե ընդունենք, որ Աշոտ Ղալումյանն առնվազն 2018-ից աշխատում է ՊԵԿ-ում, ապա կստացվի, որ վերջինս 2018-ի հայտարարագրում թաքցրել է աշխատավարձի վերաբերյալ տեղեկությունը, իսկ 2019-ին ներկայացրել է միայն Իջևանի Բենտոնիտ կոմբինատից ստացած 800 հազար դրամ աշխատավարձը։
2021
2021 թվականի հայտարարագրում Վահե Ղալումյանի անշարժ գույքերն ավելացել են 2-ով։ Հայտարարագրի ուսումնասիրությունից տեսնում ենք, որ Ղալումյանը տարվա սկզբի դրությամբ, բացի նախկինում հայտարարագրված 4 կտոր հողամասից, հայտարարագրել է նաև մեկ բնակելի տուն (որը ձեռք է բերել 2014 թվականին, բայց շարունակաբար չէր հայտարարագրել), ինչպես նաև մեկ բնակարան Երևան քաղաքում։
Հատկանշական է, որ ֏35 մլն արժողությամբ այդ բնակարանը Ղալումյանը ձեռք է բերել 2021-ի հոկտեմբերին, հետևաբար՝ չէր կարող ունենալ տարվա սկզբում։ Ամենայն հավանականությամբ, հայտարարագրում սա չիմացության կամ այն լրացնելու թյուրընկալման հետևանք է, քանի որ նույն բնակարանը Ղալումյանը տարվա վերջի դրությամբ ունեցած անշարժ գույքերի ցանկում ներկայացրել է 2 անգամ։ Ի դեպ, Ղալումյանին է պատկանում այս բնակարանի ⅓-րդ մասնաբաժինը։
Ղալումյանի՝ 2014-ին ձեռք բերված բնակելի տունը չհայտարարագրելու, այդպիսով՝ հայտարարագրում ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022-ին Ղալումյանին տուգանել է 200 հազար դրամով։
Կինը՝ Աննա Եգանյանը, կրկին անշարժ գույք չի հայտարարագրել։
Ղալումյանի կնոջ հայտարարագրի լրացուցիչ տեղեկությունների բաժնում տեսնում ենք, որ վերջինս 2021 թ․ սեպտեմբերի դրությամբ ամբողջությամբ մարել է 2020 թ․-ին առկա վարկերը։ Մեկ վարկի համար վճարվել է 351 հազար դրամ, իսկ մյուս վարկի համար՝ 517 հազար դրամ։ Անհասկանալի է, թե ինչպես է նախորդ տարի գումարային 290 հազար դրամ մայր գումարի մարման համար վճարվել մոտ 870 հազար դրամ։ Տեղեկացնենք, որ վերը նշված վարկը հայտարարագրերում հայտնվել է հենց 2020 թվականին և հենց այն չափով, որը նշեցիք՝ 290 հազար դրամ։
Ղալումյանի զավակներից 2021 թվականի հայտարարագիր ներկայացրել է միայն ավագ որդին՝ Վլադիմիրը, և կրկին ոչինչ չի հայտարարագրել, ո՛չ անշարժ գույք, ո՛չ մեքենա, ո՛չ դրամական միջոցներ։
Մյուս որդին՝ Աշոտ Ղալումյանը, դադարել է հայտարարագիր ներկայացնել, չնայած ըստ ընտրողների ռեգիստրի՝ գրանցված է նույն հասցեում, ինչ Վահե Ղալումյանը և ըստ Հանրային ծառայության մասին օրենքի 34-րդ հոդվածի՝ պարտավոր էր ԿԿՀ-ին ներկայացնել տարեկան հայտարարագիրը։
Ի դեպ, Աշոտ Ղալումյանը 2021-ի դեկտեմբերին ամուսնացել է, սակայն դա չի ազատում նրան տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից։ Մեզ հետ զրույցում Վահե Ղալումյանը հայտնեց, որ որդին ամուսնանալուց հետո բնակվում է առանձին։ Իսկ ըստ օրենքի՝ պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող (տարվա ընթացքում փաստացի 183 օր և ավելի բնակվող) անձը պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, ինչը Աշոտ Ղալումյանի դեպքում չի արվել։
Եթե հավատանք 2022 թվականի հայտարարագրին, Վահե Ղալումյանը ևս մեկ անգամ «գնել է» 2021-ին գնված բնակարանը։ Ամենայն հավանականությամբ, հայտարարագիրը լրացնելիս Ղալումյանը թույլ է տվել վրիպակ, քանի որ բնակարանի ձեռքբերման ամսաթիվը համընկնում է նախորդ տարի գնված բնակարանի գնման օրվա հետ։
Իսկ Ղալումյանի անչափահաս դուստրը, բացի 2018 թվականի հայտարարագրից, այլ հայտարարագիր չի ներկայացրել, մինչդեռ նույն օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձն իր հայտարարագրում լրացնում է նաև իր ընտանիքի անչափահաս անդամների, ինչպես նաև իր խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ իրեն հայտնի տվյալները և պատասխանատու է դրանց իսկության համար: Հետևաբար՝ տարիներ շարունակ Վահե Ղալումյանը խախտել է օրենքը՝ անչափահաս դստեր հայտարարագիրը ԿԿՀ չներկայացնելով։ Իսկ իր ու ընտանիքի մյուս անդամների հայտարարագրերում բազմաթիվ անհամապատասխանությունների ու կասկածելի բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը «Փաստերի ստուգման հարթակը» կուղարկի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քննելու և գնահատական տալու։
Սևադա Ղազարյան