Հաշմանդամության կարգերում արված փոփոխությունը, հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ վերջույթներից զրկված զինծառայողների դեպքում, դժգոհություններ է առաջացրել։
Հուլիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ քաղաքացիներից մեկը բարձրացրեց պատերազմի մասնակից որդու հաշմանդամության կարգի տրամադրման հարցը՝ նշելով, որ տղայի երկու ոտքերն էլ պրոթեզավորված են, բայց կարգը փոխել են, իսկ պատճառը՝ թե ինչու, ոչ ոք չի ասում։ Նշվեց, որ սա եզակի դեպք չէ, նման դեպքերը շատ են։
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խնդիրը վերաբերում է հաշմանդամության գնահատման համակարգին, որի տրամաբանությունն այժմ համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին: «Միջազգային ստանդարտն ի՞նչ է ասում, ասում է՝ ոչ թե գնահատի՛ր՝ ոտք ունի, թե՞ չունի, այլ գնահատի՛ր՝ քայլել կարող է, թե՞ չէ: Որովհետև մարդ կա, որ երկու ոտքն էլ տեղում է, բայց չի կարողանում քայլել»,- բացատրեց Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էր պարզաբանել, որ բժշկասոցիալական փորձաքննության նոր համակարգով գնահատվում է ոչ միայն անձի առողջական կարգավիճակը, այլ նաև նրա ֆունկցիոնալությունը։ Ըստ նրա, օրինակ, մինչև պրոթեզավորման գործընթացն անցնելն այդ զինծառայողներն ունեցել են շարժունակության խնդիր, հետևաբար, այդ ժամանակ ստացել են առաջին կարգ: Պրոթեզավորումն անցնելուց հետո տեղի է ունեցել վերափորձաքննություն, որի արդյունքում, եթե վերականգնվել է շարժունակությունը, հաշմանդամության կարգում փոփոխություն է կատարվել:
Նշենք, որ պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող անձանց համար կարգի փոփոխությունը ենթադրում է, որ նրանք զրկվում են ամսական նախատեսված սոցիալական աջակցությունից։
Զինապահովագրության հիմնադրամի հաշմանդամության 2-րդ խմբի շահառուները ամսական ստանում են 150,000 դրամ սոցիալական աջակցություն։ Կառավարությունը, տեղի տալով դժգոհություններին, որոշում էր կայացրել երեք տարով երկարացնել այն շահառուների սոցիալական երաշխիքները, որոնք ի սկզբանե ունեցել են երկրորդ խումբ և վերափորձաքննության արդյունքում երրորդ խումբ են ստացել։
Նարեկ Մկրտչյանն ավելի վաղ նաև հայտարարել էր, որ նախարարությունն աշխատում է պատերազմի մասնակից, հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար զբաղվածության ծրագրերով եկամտի հավելյալ աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ. «Ճիշտ չի այն ընկալումը, որ հաշմանդամության կարգավիճակը դառնա եկամտի աղբյուր, և հուսով ենք, որ մեր զբաղվածության ծրագրերով կկարողանանք նրանց հանել այդ սոցիալական կարգավիճակից»,- ասել էր Նարեկ Մկրտչյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչ է նշանակում «ֆունկցիոնալության գնահատում» կոչվածը, պրոթեզավորված հաշմանդամություն ունեցող քանի՞ անձի հաշմանդամության խումբ է վերափոխվել, և ընդհանուր առմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում նաև զինհաշմանդամների քանի՞ տոկոսն է գործազուրկ։
Հաշմանդամության գնահատման նոր համակարգով նախատեսվում է բարելավել անձի կյանքի որակը
Այս տարվա փետրվարի 1-ից Հայաստանում հաշմանդամության գնահատումն իրականացվում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի միջոցով։ Անձի ֆունկցիոնալության համակարգի ներդրման պարտավորությունը Հայաստանը ստանձնել է դեռ 2010-ից` ըստ ոլորտի ներպետական իրավական կարգավորումները ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցողների իրավունքների կոնվենցիային համապատասխանեցնելու համաձայնագրի։ Բայց օրենսդրական փոփոխություններն արվել են միայն 2021-ին։ Մինչ այդ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները կարգավորվում էին 1993-ին ընդունված օրենքով։
Նախկին համակարգով բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովները գնահատում էին մարդու առողջական վիճակը՝ նրա համար սահմանելով հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ։ Այսինքն՝ մարդը ստանում էր որոշակի արտոնություններ, որոնք սահմանված էին իր խմբի համար։
Ընդունված գնահատման նոր կարգը հաշմանդամությունը բացառապես բժշկական մոդելից փոփոխումն է սոցիալական կամ մարդու իրավունքների մոդելով։
Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում նախատեսվում է մշակել յուրաքանչյուր անձի համար ծառայությունների անհատական ծրագիր, որոնք պետք է օգնեն բարելավելու անձի կյանքի որակը։
ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանցից աշխատանք ունի ընդամենը 13.8%-ը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներով՝ 2023 թ. հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 188,363 անձ, որից 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացել է 897 անձ։ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանցից պրոթեզավորվել է 157 անձ։
Պրոթեզավորված հաշմանդամություն ունեցող 11 անձի հաշմանդամության խումբը վերափոխվել է (1-ինից դարձել 2-րդ կամ 3-րդ)։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը նախնական շրջանում մինչև 1500 էր։
Նախարարությունից նաև փորձեցինք տեղեկանալ, թե խոստացված զբաղվածության ծրագրերով հաշմանդամություն ունեցող քանի՞ անձի համար է պետությունը եկամտի հավելյալ աղբյուրներ ստեղծել։
Ի պատասխան հարցման, նախարարությունից տեղեկացրեցին՝ 2023 թ. հուլիսի 11-ի դրությամբ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող 188,363 անձանցից աշխատանք ունի 26,024 անձ (13.8%):
44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող 897 անձանցից աշխատանք ունի 298 անձ (33%)։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ 44-օրյա պատերազմի հետևանքով պրոթեզավորված հաշմանդամություն ունեցող 11 անձի հաշմանդամության խումբ է վերափոխվել, իսկ հաշմանդամություն ունեցող 897 անձանցից աշխատանք ունի 298-ը կամ 33 տոկոսը, ինչը ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձանց միջին ցուցանիշից ավելի է։
Նելի Լազարյան