«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) ստուգել է վրաստանցի օգտատերերից մեկի տարածած լուսանկարը, որում գրված է, թե իբր ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ մինչև չհաղթի Ռուսաստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային և Չինաստանին. «Մենք կարող ենք այսօր էլ ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում, բայց նախ նա պետք է հաղթի Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին և Հյուսիսային Կորեային, որպեսզի արժանանա մեր վստահությանը»: Իրականում, Սթոլթենբերգը նման հայտարարություն չի արել: ՆԱՏՕ-ի ղեկավարի կողմից նման բովանդակությամբ պնդում չի հայտնաբերվել ոչ մի որոնման համակարգում և վստահելի լրատվամիջոցների կայքերում:
Ապրիլին խոսելով Ուկրաինայի մասին՝ Սթոլթենբերգը հայտարարել է. «Ես երեկ Կիևում ասացի, որ Ուկրաինայի ապագան եվրաատլանտյան ընտանիքում է, և ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Բայց հիմնական խնդիրը, իհարկե, այն է, թե ինչպես ապահովել Ուկրաինայի հաղթանակը: Ոչ ինքնիշխան, ոչ անկախ Ուկրաինայի անդամակցության մասին խոսելն իմաստ չունի»:
Ղազախստանյան factcheck.kz-ն ուսումնասիրել է սոցցանցերի ղազախական տիրույթում տարածված պնդումները, թե Գերմանիայում սոցիալական գովազդներ են հայտնվել, որոնց հիմնական ուղերձն այն է, որ երեխաները վնասում են կլիման: «Zukunft oder klimakiller?» (հայ.- «Ապագա՞ն, թե՞ Կլիմայասպանը»)՝ իբր գրված է պաստառներին:
Գրառումների հեղինակները պնդում են, որ այս «սոցիալական գովազդը» «հրապարակայնորեն դատապարտում» է մայրությունը և այն համարում է «ամոթալի հարձակում ընտանիքի ու մարդկային կյանքի վրա»։
Նկարը համացանցում հայտնվել է դեռևս 2020 թվականին և ARTE հեռուստաալիքի վավերագրական շոուի գովազդ է։ Շոուի հյուրերը երեխաներ ունեցող և առանց երեխաների ընտանիքներ էին, որոնք քննարկում էին, թե ինչ ազդեցություն են երեխաներն ունենում կլիմայի վրա: Հետևաբար, սա սոցիալական գովազդ չէ, և պաստառը պետական օրակարգի հետ կապ չունի։
Ռուսական Проверено медиа-ն ստուգել է սոցցանցերում տարածված մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ Նյու Յորքում հայտնվել է մեծ պաստառ, որտեղ ասվում է, թե առանց Ուկրաինայի նախագահի պատերազմ չի լինի։ Կայքի տեղորոշումը ցույց է տվել, որ տեսանյութում իսկապես Նյու Յորքն է: Տեսանյութը վերցված է 43 րոպեանոց ֆիլմից, որը կոչվում է «Քայլելով Նյու Յորքում [4K-ով. Հինգերորդ պողոտա. Մարդիկ, մեքենաներ և փողոցային ձայներ»: Դրա բնօրինակը հրապարակվել է CoolVision յութուբյան ալիքում 2021 թվականի հուլիսի 15-ին։ 01:06-ի սահմաններում հենց այն կադրն է, որտեղ իբրև թե Զելենսկու պաստառը պետք է երևար, մինչդեռ շենքի վրա երևում է աղջկա պատկերով պաստառ, այլ ոչ թե «Ոչ Զելենսկի, ոչ պատերազմ» գրությամբ պաստառը։ Ըստ երևույթին, անհայտ հեղինակները փոխել են բնօրինակ կադրերը՝ մոնտաժելով դրանք։ Փաստորեն, տարածված տեսանյութը կեղծ է, իսկ նման պաստառ Նյու Յորքում չկա:
Աշխարհ
Ամերիկյան Snopes-ը ստուգել է սոցցանցերի տարբեր հարթակներում տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ-ում 19 հազար բժիշկ է մեղադրվում կորոնավիրուսի հետ կապված հանցագործությունների համար: Տեղեկության սկզբնաղբյուրը Real Raw News-ն է, որի կայքում հենց նշվում է, որ այն հումորային բնույթ ունի: Տեղեկությունը հասցրել է տարածվել Թվիթերում, Ֆեյսբուքում և Ռեդդիթում: Օգտատերերը տարածել են այն՝ չնշելով, որ դա հումորային տեղեկություն է:
Բրիտանական Reuters-ը ստուգել է շրջանառվող գրառումները, թե Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարվել է, որ կլիմային վնաս չհասցնելու համար մինչև 2030 թ. նորաձևությունը կվերացվի և բոլոր մարդիկ կհագնեն համազգեստներ:
Are you ready for this? 🤨#WEF #KlausSchwab pic.twitter.com/2lPWO3eanv
— Wall Street Silver (@WallStreetSilv) July 6, 2023
Իրականում, նման վերնագրով հրապարակում է կատարել The People’s Voice անունով կայքը՝ հղում անելով Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր ARUP դիզայներական ընկերության զեկույցին, որը վերլուծում է կամավոր փոփոխությունները, որոնք քաղաքները կարող են կատարել արտանետումները նվազեցնելու համար: Սակայն դա որևէ կապ չունի Ֆորումի հետ: Դրա ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ իրենք երբևէ կոչ չեն արել մարդկանց համազգեստներ հագնելու վերաբերյալ: Փաստացի, տարածված տեղեկությունը կեղծ է:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը