Սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ «հայտնի հայերի» վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են ի հայտ գալիս, որոնք երբեմն մասամբ կամ ամբողջովին կեղծ են լինում։ Դրանցից մի քանիսին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է այստեղ, այստեղ և այստեղ։
Հերթական նման նյութն այս շաբաթ հայտնվել է ֆեյսբուքյան հայալեզու խմբերում և սունկ կայքերում։ Խոսքը 2000-ականների սկզբին լատինաամերիկյան հեռուստանովելներից հայտնի դերասան Օսվալդո Ռիոսի մասին է։ «Հայազգի հայտնի Օսվալդո Ռիոսը կնկարահանվի «Սասունցի Դավթի» մասին պատմող ֆիլմում», տեղեկանում ենք հուլիսի 27-ին «Հայ հանճարներ» ֆեյսբուքյան էջում դրված հրապարակումից։ Գրառումը տարածվում է կայծակնային արագությամբ՝ այն ավելի քան 5800 հավանում ունի, դրանով կիսվել են 340 անգամ։ Մեկ այլ ֆեյսբուքյան էջ՝ VideoPositive-ը, հրապարակում է արել նույն վերնագրով և բովանդակությամբ (նույնն են անգամ տառասխալները), հավաքել է 3800 հավանում, տարածվել է 247 անգամ։ Ֆեյսբուքյան նշված գրառումների հղումները տանում են դեպի սունկ կայքեր։
Ըստ նյութի բովանդակության, 2000-ականներին բրազիլական և մեքսիկական սերիալներից հայտնի («Կասանդրա», «Բլանկոյի այրին» և այլն) դերասան Օսվալդո Ռիոսին վերագրվում է հայկական ծագում և նշվում է, որ նա ներկայումս ինչ-որ ամերիկահայ պրոդյուսերների հետ համագործակցությամբ սկսել է նկարահանվել Սասունցի Դավիթի մասին պատմող կինոնկարում՝ մարմնավորելով Դավիթին։ Ենթադրյալ ֆիլմի հեղինակների անունների և այլ տվյալների մասին հիշատակում չկա։
2000-ականներին հայ հեռուստադիտողների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող սերիալների դերասան Ռիոսին նախկինում ևս հայկական ծագում են վերագրել։ Մասնավորապես, մեզ հաջողվեց գտնել 2017-ին արված այդպիսի մի հրապարակում։ Ընդ որում, Վիքիպեդիայի ռուսերեն և հայերեն հոդվածներում ևս նշվում է դերասանի հայկական ծագման մասին, թեև երկու դեպքերում էլ այդ պնդման հավաստիությունը հաստատող արտաքին հղում չկա։
Ավելին, իր հայկական ծագման մասին հարցն ըստ էության փակել է ինքը՝ դերասանը՝ 2019-ին հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հերքելով, որ հայ է, և նշելով, որ հնդկացիական, աֆրիկյան և իսպանական արմատներով պուերտոռիկացի է։
Ինչ վերաբերում է ամերիկահայ պրոդյուսերների հրավերով Սասունցի Դավիթի մասին ֆիլմում էպոսի գլխավոր հերոսի դերը խաղալուն, ապա վերը հիշատակված սունկ կայքերից բացի, որևէ այլ աղբյուրում նման տեղեկատվություն չկա։ Ուշագրավ է, որ նույն նյութերում նշվում է, որ Օսվալդո Ռիոսը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերին։ Այսինքն, այս տարի աշնանը հայ հանդիսատեսի՝ ժամանակին սիրված սերիալների դերասանը կդառնա 63 տարեկան։ Թե ինչպես է նա այդ տարիքում խաղալու Դավիթի դերը, կարելի է միայն ենթադրել։
Ամեն դեպքում, սպասենք և հուսանք․․․
Հակոբ Կարապետյան