«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) ստուգել է Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեի պնդումը, թե ԼԳԲՏ մարդիկ Վրաստանում չունեն ոչ մեկի պաշտպանության կարիքը, որովհետև պաշտպանված են օրենքով և պետության կողմից: «Փաստմետրը» պարզել է, որ Կալաձեն ստում է: Ըստ հոդվածի՝ Վրաստանը, որպես պետություն, ո՛չ օրենսդրական մակարդակով է ապահովում ԼԳԲՏ+ համայնքի իրավունքների համարժեք պաշտպանությունը և ո՛չ էլ հող է նախապատրաստում իրավունքների իրացման համար։ Ավելին, պետության կողմից մշակված տարբեր քաղաքական փաստաթղթերում, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը, ընդհանրապես չեն էլ հիշատակվում ԼԳԲՏ+ անձինք:
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է տարբեր սոցցանցերում (Ինստագրամ, Տիկտոկ) տարիներ շարունակ շրջանառվող տեղեկությունը, թե Ճապոնիայում գործատուներն աշխատավարձը փոխանցում են աշխատողի կնոջ հաշվեհամարին, որովհետև երկրում ամրապնդված է կնոջ՝ ընտանեկան բյուջեն վերահսկելու մշակույթը: Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ սա ուռճացված է և կիսով չափ է ճշմարիտ: Ընտանիքի ֆինանսները կանանց կողմից կառավարելու ավանդույթն իսկապես գոյություն ունի Ճապոնիայում: Այնուամենայնիվ, այսօր այս պրակտիկան համընդհանուր չէ. առկա վիճակագրության համաձայն, ընտանիքների մոտ կեսն է միայն հավատարիմ մնում կանանց՝ բյուջեի կառավարման մշակույթին:
Միաժամանակ, կասկածելի է այն պնդումը, թե աշխատավարձն ուղղակիորեն փոխանցվում է կնոջ հաշվին։ Փաստեր ստուգողները ենթադրել են, որ դրա հիմքն է դարձել Mir24 հեռուստաալիքի՝ 2019-ին հրապարակած տեսանյութը: Ճապոնիա տեղափոխված և ճապոնացու հետ ամուսնացած ռուս կնոջ՝ Մարիա Գրիգորևայի մասին ռեպորտաժում Գրիգորևան լրագրողներին ասել է, որ ամեն ամսվա 25-ին ամուսնու աշխատավարձը փոխանցվում է իր քարտին։ Ինքը՝ սյուժեի հերոսուհին, չի հստակեցրել՝ դա անում է ընկերությո՞ւնը, թե՞ ուղղակիորեն ամուսինը։ Սակայն փաստեր ստուգողների ուսումնասիրած բազմաթիվ աղբյուրներում ասվում է, որ ամուսինը կնոջը գումար է փոխանցում միայն իր հաշվին աշխատավարձ ստանալուց հետո։
Ռուսական Проверено медиа-ն ստուգել է լայնորեն տարածված միտքը, թե առաջին արցունքը արտասվելիս տարբեր աչքերից է ընկնում՝ կախված նրանից, թե դրանք ուրախության, թե՞ տխրության արցունքներ են: Պարզվել է, որ ոչ մի գիտական հետազոտություն չի ապացուցում, որ հույզերի բնույթը և առաջին արցունքը որևէ առնչություն ունեն իրար հետ: Արցունքի առաջացման մեխանիզմը նույնպես չի ենթադրում որևէ տարբերություն աջ և ձախ աչքի արցունքների առաջացման միջև։ Հեղինակավոր բժշկական կազմակերպությունները նույնպես պնդում են, որ այս լայնորեն տարածված փաստը ոչ այլ ինչ է, քան հորինվածք։ Որոշ մարդկանց մոտ մի աչքում իսկապես կարող է ավելի շատ հեղուկ լցվել, քան մյուսում, սակայն դրա պատճառը ոչ թե հույզերն են, այլ աչքի օրգանների կառուցվածքի կամ աչքի աշխատանքի բնածին կամ ձեռքբերովի անոմալիաները:
Աշխարհ
Ամերիկյան Snopes-ը ստուգել է պնդումը, թե Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը (Յոզեֆ Ռատցինգեր) Հիտլերյուգենդի նախկին անդամ էր: Հիտլերյուգենդը նացիստական երիտասարդական կազմակերպություն էր՝ ԽՍՀՄ-ի Կոմերիտմիության նման: Պարզվել է, որ պապի մասին տեղեկությունը ճիշտ է: Ըստ նացիստական Գերմանիայի օրենքների՝ 14 տարեկան դառնալուց հետո ապագա պապը օրենքով պարտավոր էր միանալ Հիտլերյուգենդին: Տարբեր աղբյուրների համաձայն՝ նա կազմակերպության անդամ է եղել 1941-1943 թվականներին։ Նրա ծնողները կաթոլիկներ էին և թշնամաբար էին տրամադրված ռեժիմի նկատմամբ: Ինքը՝ Ռատցինգերը, ընդունվել է ճեմարան 1939 թվականին։ 1941 թվականին նա ստիպված է եղել միանալ Հիտլերյուգենդին, իսկ 1943 թվականին զորակոչվել է գերմանական բանակ։
Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցցանցերում հայտնված պնդումը, թե ստեղծվել է Human Meat Project («Մարդու միս նախագիծ») անունով կայք, որը զբաղվելու է մարդու մսի առաջարկով: Կայքի «Մեր մասին» բաժնում գրված է. «Մարմիններ նվիրաբերելով մարդկանց սպառման համար՝ մենք քայլեր ենք ձեռնարկում գերբնակեցման խնդիրը լուծելու համար, որը հանգեցնում է կլիմայի փոփոխության և ջերմոցային էֆեկտի»։ Այնուամենայնիվ, կայքի պայմաններ (terms and conditions) բաժնում ասվում է. «Սա զուտ կոնցեպտուալ արվեստի նախագիծ է և չի իրականացվում իրական կյանքում: Human Meat Project-ը կոնցեպտուալ արվեստի նախագիծ է՝ հասկանալու համար ցանկացած ծառայությունների պայմանների ընդունման կարևորությունը»,- ասվում է կայքում: Այսինքն՝ ծրագրի նպատակն իրականում շեշտադրելն էր պայմանների ընդունման կարևորությունը, այլ ոչ թե իրական մարդակերությունը:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը