Սեպտեմբերի 13-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեղադրեց ընդդիմադիր պատգամավորներին 2011 թվականին վարչատարածքային բաժանման մասին օրենքն ընդունելով Գերագույն խորհրդի որոշումը խախտելու մեջ:
«92 թվականի Գերագույն մարմնի որոշումը բերեց իմ հարգարժան գործընկեր պարոն Խաչատրյանը։ Ուզում եմ հիշեցնել, որ 2011 թվականին են վարչատարածային միավորման մասին օրենքը, էտի գոնե ներպետական ա։ Այ երբ որ էտ ժամանակ ընդունում էիք, հիշեիք էդ 92 թվականի Գերագույն մարմնի որոշումը և կողմ չքվեարկեիք»,- հայտարարեց Գաբրիելյանը։
Խոսքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման մասին է, որտեղ Գերագույն խորհուրդը Հայաստանի համար անընդունելի է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Պատգամավորի խոսքով՝ Վարչատարածքային բաժանման մասին օրենքն ընդունելով նախկին իշխանությունները խախտել են Գերագույն խորհրդի որոշումը, մինչդեռ օրենքը որևէ կերպ չի հակասում ԳԽ որոշմանը։
Ինչպես նշեցինք, ԳԽ որոշմամբ սահմանված է, որ Հայաստանի համար անընդունելի է ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում, իսկ Վարչատարածքային բաժանման մասին օրենքն ընդամենը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանները։ Իսկ երկրի արևելյան սահմանների դեպքում այն նկարագրված է հետևյալ կերպ․ «*** համայնքը արևելքից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը»։
Լեռնային Ղարաբաղն իր անկախությունը հռչակել է 1991 թ․ սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի սահմաններում։ Հետևաբար, Լեռնային Ղարաբաղը որևէ կերպ սահմանակից չէր Հայաստանի որևէ բնակավայրի, ըստ այդմ՝ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով ևս չէր կարող Հայաստանի որևէ բնակավայր սահմանակից լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։
Իսկ այն բնակավայրերը, որոնց դեպքում որպես սահման նշված էր Ադրբեջանի Հանրապետությունը, սահմանակից էին Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո հայկական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներին՝ Քարվաճառին ու Լաչինին, որոնք Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից չեն ճանաչվել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս և ենթակա են եղել ադրբեջանական կողմին վերադարձվելու՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումից հետո:
Հետևաբար, Սիսակ Գաբրիելյանի պնդումը, թե նախկինում պատգամավորները կողմ քվեարկելով վարչատարածքային բաժանման մասին օրենքին՝ խախտել են Գերագույն խորհրդի որոշումը, մանիպուլյատիվ է, քանի որ Հայաստանը երբեք ընդհանուր սահման չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ, հետևաբար՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքով ևս չէր կարող սահմանակցել Լեռնային Ղարաբաղին։
Սևադա Ղազարյան