Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և դրա հետևանքով Արցախի բնակիչները ստիպված եղան լքել սեփական բնակավայրերը, Հայաստան տեղափոխվեց նաև պետական համակարգի ծառայողական (պետությանը պատկանող) մեքենաների մի մասը։ Մեզ հաջողվեց պարզել այդ մեքենաներից շուրջ երկու տասնյակի ճակատագիրը․ դրանք եղել են Արցախի ՆԳՆ հաշվեկշռում և այժմ հայտնվել են (քողարկված պահվում են) Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի մոտ:
Հոկտեմբերի 11-ին Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ծառայողական մեքենաների մասով դեռևս չկա որոշում և դրանց հետագա տնօրինումը պարզ կլինի միայն համապատասխան որոշումներից հետո։
Այս ընթացքում Արցախի ՆԳ վերջին նախարար Կարեն Սարգսյանը, կարծես, յուրացրել է իր նախարարության ավտոպարկի մի մասը և պահում է մեքենաներն իրեն պատկանող տարածքում:
Նախ նշենք, որ ըստ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության՝ տարածքը, որտեղ այժմ պահված են մեքենաները, 2015 թվականից սեփականության իրավունքով պատկանում է հենց Արցախի ՆԳ վերջին նախարար Կարեն Սարգսյանին։
Ընդհանուր առմամբ, տարածքում ծածկի տակ թաքցված կամ կայանված են տրանզիտ պետհամարանիշներով 3 միավոր Toyota, 10 միավոր УАЗ, 2 միավոր Chevrolet մեքենաներ, իսկ դրսում ևս 2 հատ УАЗ, 2 հատ Ford, մեկ ամբարձիչ և մեկ կցորդիչով բեռնատար մեքենա (фура)։
Թեև այս մեքենաների մեծ մասի համարանիշները փոխված են ժամանակավոր (տրանզիտ) համարանիշներով, սակայն պոկված ինքնակպչունների հետքերից ակնհայտ է, որ դրանք հենց Արցախի ՆԳՆ ոստիկանությանն ու փրկարար ծառայությանը պատկանող մեքենաներն են։ Կից լուսանկարներում կարող եք տեսնել պոկված «POLICE» գրառման հետքերը, ինչպես նաև Արցախի ՆԳՆ-ի մեքենաներին հատուկ գունային երանգներով պատված Chevrolet մեքենան, որը դեղին ներկով փորձ է արվել ջնջել։
Նույնիսկ համացանցում կարող ենք հանդիպել այս մեքենաների կադրերին։ Օրինակ՝ KAMAZ մակնիշի ամբարձիչը Արցախ էր բերվել պատերազմից անմիջապես հետո՝ 2020-ի դեկտեմբերին, իսկ ամիսներ անց կրկին հայտնվել կադրերում, երբ լրատվական կայքերում գրվել էր Արցախում տեղի ունեցող շինարարության մասին։
Իսկ նարնջագույն УАЗ մակնիշի մեքենաների կադրերը բազմիցս հայտնվել են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության սոցցանցային հրապարակումներում։ Լուսանկարները կարող եք տեսնել այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ։
Առաջին լուսանկարում Կարեն Սարգսյանին պատկանող տարածքում թաքցված մեքենաներն են, որոնք ֆիքսվել են մեր կողմից, իսկ երկրորդ լուսանկարը վերցված է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ ֆեյսբուքյան էջից՝ ծառայողների ուսումնական պարապմունքի մասին արված հրապարակումից։
Առավել հատկանշական է այն փաստը, որ այս մեքենաների մի մասը, ըստ ժամանակավոր համարանիշների, գրանցված է Կարեն Սարգսյանին փոխկապակցված անձանց անուններով։ Օրինակ, ամբարձիչը գրանցված է ՆԳՆ խորհրդական Հարութ Ավագյանի անունով։ Մյուս մեքենաները գրանցված են ՆԳՆ օգնական Վրեժ Օհանյանի, ՆԳՆ վարորդ Սասուն Բաղդասարյանի, ինչպես նաև նախարար Կարեն Սարգսյանի ընտանիքի վարորդ Արմեն Սարուխանյանի անուններով։ Գրանցումներն արվել են սեպտեմբերի 28-ին՝ Արցախից դուրս գալուց անմիջապես առաջ։
Իսկ սպիտակ գույնի կցորդիչով բեռնատարի վրա գտնվող պետհամարանիշն իրականում ամրակցված է Գարեգին Ասրյանի անունով հաշվառված կապույտ գույնի LADA մակնիշի մեքենային։
Հարկ է նշել նաև, որ այդ մեքենաներին փոքր-ինչ մոտենալիս տեղում ավտոլվացման աշխատակիցը շտապում էր տեղեկացնել, որ այդտեղ գնալ չի կարելի, քանի որ «տեսնում, զանգում են իրեն, ասում, որ չթողնի մոտենան»։
Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք Արցախի ՆԳՆ-ն որևէ առաջարկ արել է Հայաստանի իշխանություններին այս մեքենաների մասով, սակայն ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ 9-10 հրշեջ մեքենաներ տրվել են Հայաստանի փրկարար ծառայությանը, սակայն դեռևս պետական գրանցում չեն ստացել, իսկ մյուս մեքենաների մասով ոչ մի քննարկում, խոսակցություն կամ դիմում մինչ օրս Հայաստանի ՆԳՆ-ն չի ստացել։
Կարեն Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա հեռախոսահամարներն օրեր շարունակ անհասանելի են:
Հունվարի 15-ի երեկոյան փորձեցինք մեր նկարահանումներն անել բացահայտ, ինչպես նաև ավտոլվացման կետի աշխատակցի արգելքին ի պատասխան թողեցինք մեր հեռախոսահամարները, որպեսզի «տարածքի տերը զանգի»։ Արդյունքում, հաջորդ օրը՝ հունվարի 16-ի առավոտյան, մեքենաներն այլևս այդ տարածքում չէին։
Այսպիսով փաստենք, որ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Արցախից բռնի տեղահանվելուց առաջ մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ վերահաշվառել է իր մտերիմների անունով, հատկացրել տրանզիտային համարանիշեր, այնուհետև, Հայաստան հասցնելուց հետո, թաքցրել դրանք իրեն պատկանող տարածքում, իսկ մեր կողմից հետաքրքրություն նկատելուց անմիջապես հետո հեռացրել դրանք այնտեղից և տեղափոխել անհայտ ուղղությամբ։
Սևադա Ղազարյան