Այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անհնազանդության երթի ընթացքում լրատվամիջոցների հետ զրույցում, պատասխանելով իր՝ վարչապետի թեկնածու դառնալու մասին հարցին, նշել է, որ «եթե ժողովուրդը ցանկանա, դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ»։
Նա նաև հայտարարել է, որ չի թաքցնում, որ երկքաղաքացի է և ունի նաև Կանադայի քաղաքացիություն։ Կանադայի անձնագիրը, ըստ Գալստանյանի, իրեն տրվել է Կանադայում հոգևոր ծառայություն իրականացնելու 10 տարիների ընթացքում և ավելի շատ ճանապարհորդական նշանակություն ունի։
Արդյո՞ք երկքաղաքացիություն ունեցող անձը կարող է դառնալ ՀՀ վարչապետ
ՀՀ Վարչապետը, ըստ Սահմանադրության 147-րդ հոդվածի, հանդիսանում է Կառավարության անդամ, իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի՝ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»:
ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն էլ՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Այսպիսով, ՀՀ վարչապետը, ինչպես Ազգային ժողովի պատգամավորը, ըստ Սահմանադրության, չի կարող լինել երկքաղաքացի, այլ միայն ՀՀ քաղաքացի:
Անդրադառնալով Սահմանադրության այս արգելքին՝ Բագրատ Սրբազանը նշել է․ «Հիմա եթե ժողովուրդը որոշի Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել, որ ինքն էլ կարող է վարչապետ լինել, ձեր ի՞նչ գործն է»։
Այդուհանդերձ, Բագրատ Գալստանյանը, ըստ ՀՀ Սահմանադրության, չի կարող վարչապետ դառնալ, քանի որ վերջին չորս տարիներին հանդիսանում է և՛ Կանադայի, և՛ ՀՀ քաղաքացի։
Արփինե Հովհաննիսյան