Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ ճեպազրույցում համեմատել էր Երևանում և Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների մասին Արևմուտքի արձագանքները և զարմացել՝ ինչո՞ւ են քննադատում վրաց իշխանության գործողությունները ցուցարարների նկատմամբ, մինչդեռ Հայաստանի դեպքում «մեռելային լռություն» է պահպանվում։
«Ի՞նչ ենք մենք տեսնում, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները գրեթե ամեն օր հարձակում են գործում Վրաստանի իշխանությունների դեմ՝ ցուցարարների նկատմամբ իբրև թե բռնություն գործադրելու համար։ Դա տարբեր կերպ է արվում․ հայտարարում են, թե Վրաստանի իշխանություններն արևմտյան արժեքներին դեմ են գնում և որ այդ ամենը կխոչընդոտի ԵՄ անդամ դառնալուն, այսինքն՝ վախեցնում են, սարսափեցնում են։ Իսկ ի՞նչ ենք տեսնում Հայաստանի դեպքում․ մեռելային լռություն է պահպանում Արևմուտքը այն դեպքում, երբ Հայաստանում զանգվածային ձերբակալություններ են ու այնտեղ նույնպես բռնի ուժ է կիրառվում», — ասել էր Զախարովան։
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչն ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը՝ նույն հարթության վրա ներկայացնելով երկու երկրների բողոքի ակցիաների նկատմամբ իշխանությունների հակազդեցությունը։
Դեռևս ապրիլի 15-ից Վրաստանում բողոքի զանգվածային ցույցեր են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի կամ, այսպես կոչված, «ռուսական օրենքի» դեմ։ Այս օրենքը ոչ կառավարական կազմակերպություններին ու ԶԼՄ-ներին պարտադրում է գործել թափանցիկ, ներկայացնել ֆինանսավորման աղբյուրներն ու հայտարարագրել դրանք։ Մայիսի 14-ին օրենքն ընդունվել է, Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրենքի վրա, բայց այդ երկրում բողոքի ակցիաները շարունակվում են։ Ցուցարարները նաև բողոքում են ոստիկանական բռնի գործողությունների դեմ՝ այդ երկրի Ներքին գործերի նախարարության մոտ պահելով դաժանորեն ծեծի ենթարկված մարդկանց լուսանկարները։
Վրաստանի ոստիկանությունը բողոքի ցույցերը ցրելու համար գործի է դրել կոշտ ուժ՝ մահակներով ծեծի ենթարկելով ցույցի մասնակիցներին, նրանց ցրելու համար կիրառել ջրանետ մեքենաներ։
BBC-ն գրում է, որ ցույցերի մեկնարկից ի վեր ավելի քան 200 անձ է բերման ենթարկվել, ձերբակալվել, տուգանվել, տասնյակ ցուցարար էլ դաժանորեն ծեծի են ենթարկվել, որոնց մի մասը դեռ շարունակում է բուժումը հիվանդանոցում։
Լուսանկարում՝ ակցիա Վրաստանի ՆԳՆ-ի մոտ՝ ի նշան ցուցարարների դեմ բռնության բողոքի
Դաժան ծեծի էր ենթարկվել նաև հակակոռուպցիոն «Ուժը միասնության մեջ է» շարժման առաջնորդ Դավիդ Կացարավան, որին ելույթի ընթացքում մի քանի ոստիկաններ ուժ կիրառելով նստեցրել էին ոստիկանական մեքենան։ Ավելի ուշ, ըստ BBC-ի, նրան գտել են հիվանդանոցներից մեկում՝ դիմային ոսկրերի կոտրվածքով, գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ։ Նրա դեմքին բազմաթիվ հեմատոմաներ են եղել, իսկ վզին՝ բռնության հետքեր։ Նա նույնիսկ վիրահատության է ենթարկվել։
Լուսանկարում՝ Կացարավան
Հայաստանում, ի տարբերություն վրաստանյան դեպքերի, ոստիկանների կողմից ցույցի մասնակիցների նկատմամբ դաժան ծեծի, բռնության դեպքերի մասին ահազանգ չի եղել։ Այստեղ սահմանազատման ու սահմանագծման դեմ բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 19-ից՝ Կիրանց գյուղում, ու այժմ շարունակվում են Երևանում։ Մայրաքաղաքում մարդաշատ հանրահավաք տեղի ունեցավ մայիսի 9-ին, որն անցավ խաղաղ մթնոլորտում։ Հանրահավաքից հետո անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները «հասարակական կարգը խախտելու» կամ «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու» հիմքերով մի քանի տասնյակ քաղաքացիների են ուժով բերման ենթարկել ոստիկանության բաժանմունքներ, սակայն նրանց նկատմամբ ծեծ, բռնություն կամ մահակ գործի չի դրվել։
Ստացվում է՝ Մարիա Զախարովան առնվազն լավ տեղեկացված չէ երկու երկրներում բողոքի գործողությունների և դրանց նկատմամբ իշխանության հակազդեցությունների նրբությունների մասին։
Հասմիկ Համբարձումյան