Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 8-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ BRICS-ի ընդլայնման համար մեծ թվով հայտեր կան։
«Ինչո՞ւ են բոլորը գնում BRICS։ Այս հարցը Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ դոմինանտ էր։ Պատասխանը շատ պարզ է՝ աշխարհը քվեարկում է փոխգործակցության այլ ձևաչափի օգտին։ Աշխարհը հոգնել է և արդեն արդյունք չի տեսնում ամերիկյան հարձակումների, ագրեսիաների մեջ։ Աշխարհն այլ հարաբերություններ է ուզում կառուցել։ Աշխարհն այժմ ուզում է մնալ մարդու հիմնարար իրավունքների սկզբունքների վրա։ Բայց քանի որ Վաշինգտոնը, ինչպես սեփական ֆիլմից մի սերիական մարդասպան, սղոցով կամ կացնով ամեն ինչ ոչնչացնում է, աշխարհը ստիպված է փոխգործակցության նոր ձևեր փնտրել։ Եվ այնպիսի ձևեր, ինչպիսին BRICS–ն է և ոչ թե ՆԱՏՕ–ն»,- ասել է Զախարովան։
Իսկ Известия-ին տված հարցազրույցում Զախարովան նշել է, որ BRICS-ին միանալու շատ երկրների ցանկությունը կարելի է բացատրել կազմակերպության հստակ օրակարգով, բազմակարծությամբ և ընթացիկ թեմաների՝ չքաղաքականացված լինելով։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ կազմակերպություն է BRICS-ը, ո՞ր երկրներն են «հերթ կանգնած»՝ անդամագրվելու այդ կազմակերպությանը։
BRICS-ի ծագումը
Կազմակերպությունը հիմնադրվել է 2006 թվականի հունիսին (որպես BRIC) Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ։ BRIC հապավումն առաջին անգամ օգտագործվել է Goldman Sachs-ի տնտեսագետ Ջիմ Օ’Նիլի կողմից՝ նկարագրելու այս չորս տնտեսությունները, որոնք աճը պահպանելու դեպքում կարող են մինչև 2050 թվականը գերիշխող դիրք ունենալ համաշխարհային տնտեսության մեջ:
2011 թվականին կազմակերպությանը միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ինչի արդյունքում նախկին հապավումը դարձել է BRICS:
BRICS-ը սովորաբար հասկացվում է որպես աշխարհաքաղաքական բլոկ ձևավորելու փորձ, որը կարող է հակակշռել Արևմուտքի գերակշռող գլոբալ ինստիտուտների ազդեցությունը, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Համաշխարհային բանկը:
2009 թվականին կազմակերպության առաջին գագաթնաժողովում անդամները հաստատեցին իրենց հավատարմությունը բազմաբևեռ աշխարհակարգին ու գլոբալ ոչ-միջամտողականությանը և կոչ արեցին ստեղծել նոր համաշխարհային պահուստային արժույթ՝ որպես ԱՄՆ դոլարին այլընտրանք (De-dollarisation):
2012 թվականի BRICS-ի գագաթնաժողովում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի որոշ ասպեկտներ քննադատելուց հետո կազմակերպության անդամներն առաջարկեցին ստեղծել նոր Միջազգային զարգացման բանկ՝ զարգացող տնտեսությունների զարգացման ծրագրերին ֆինանսավորում և վարկեր տրամադրելու համար: Զարգացման այս նոր բանկը սկսեց գործել 2014 թվականի հուլիսին, երբ BRICS-ի անդամները 100 միլիարդ դոլար հավաքեցին՝ որպես բանկի կանոնադրական կապիտալ:
BRICS-ը չունի կոշտ կառուցվածք, շտաբ կամ կանոնադրություն: Սա, ըստ էության, ոչ ֆորմալ ակումբ է, համագործակցության հարթակ։ Ամեն տարի խմբի նախագահ է նշանակվում այս կամ այն մասնակից երկիր, որը կազմակերպում է գագաթնաժողովը և համակարգում ակումբի ընթացիկ գործունեությունը։ BRICS-ում չկան կոնկրետ ղեկավար անձինք՝ գլխավոր քարտուղարներ, նախագահներ և այլն: Մասնակից երկրների ներկայացուցիչները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում տնտեսական աճի տեմպերի արագացման հետ կապված հարցերը և համաշխարհային ասպարեզում իրենց դիրքերն ամրապնդելու ռազմավարությունները։ BRICS-ի ստեղծումից ի վեր անցկացվել է 14 գագաթնաժողով։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով BRICS-ի անդամ Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանն օտարվել են արևմտյան միջազգային կառույցներից։ Ըստ Մոսկվայի և Պեկինի դիրքորոշման, կազմակերպությունը պետք է հակազդի գլոբալ համակարգին, որը սպասարկում է ԱՄՆ-ի շահերը:
BRICS-ի այն անդամները, որոնք ժամանակին եվրոպական գաղութներ են եղել, կազմակերպությունն ընկալում են որպես հետգաղութատիրական պետությունների զարգացման ճանապարհ:
Այնուամենայնիվ, ինչպես գրում է հետազոտող Մայլս Քեննին, քննադատները պնդում են, որ BRICS-ը պարզապես անվանական խմբավորում է, որի անդամներն իրականում ունեն շատ տարբեր շահեր և աշխարհաքաղաքական դիրքեր, նույնիսկ՝ տնտեսական տարբեր կառուցվածք։
BRICS-ը և ժողովրդավարությունը
BRICS-ին անդամակցության համար ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը չափանիշներ չեն, ինչպես դա եվրոպական կառույցների դեպքում է։
BRICS-ի անդամ պետությունները ռուս–ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառում, ինչպես արել է Արևմուտքը։
BRICS-ը և ընդլայնումը
BRICS-ի ընդլայնման առաջարկն առաջին անգամ արվել է 2022 թվականի մայիսին՝ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ի դեպ, այս հարցում կազմակերպության ներսում տարաձայնություններ են եղել, և, օրինակ, Հնդկաստանը դեմ է եղել կազմակերպության ընդլայնմանը։
BRICS-ի 2023 թվականի գագաթնաժողովում, որն անցկացվել էր Հարավային Աֆրիկայում, ավելի քան 20 երկրներ դիմել էին ասոցիացիային միանալու համար։
Սակայն ի վերջո, հրավեր ստացել են միայն վեց երկրներ՝ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։ Այս երկրներից հինգը պաշտոնապես դարձել են BRICS-ի անդամներ 2024 թվականի հունվարի 1-ին, իսկ Արգենտինայի նոր իշխանությունները որոշել են չմիանալ կազմակերպությանը, քանի որ «չեն ցանկանում գործ ունենալ կոմունիստների հետ»։ 2024 թ․ հունիսի 10-11-ը Նիժնի Նովգորոդում կայացել է BRICS-ի ԱԳ նախարարների նոր՝ ընդլայնված ձևաչափով առաջին հանդիպումը։
Այսօրվա դրությամբ 28 երկիր ցանկություն է հայտնել դառնալու միության լիիրավ անդամ կամ ստանալ գործընկեր պետության կարգավիճակ. դրանք են Ադրբեջանը, Ալժիրը, Բահրեյնը, Բանգլադեշը, Բելառուսը, Բոլիվիան, Զիմբաբվեն, Էրիթրեան, Թաիլանդը, Թուրքիան, Ինդոնեզիան, Կուբան, Հարավային Սուդանը, Հասարակածային Գվինեան, Հոնդուրասը, Ղազախստանը, Մարոկկոն, Նիգերիան, Նիկարագուան, Շրի Լանկան, Չադը, Պակիստանը, Սենեգալը, Սիրիան, Վենեսուելան, Վիետնամը, Ուգանդան և Քուվեյթը: Անդամակցության համար պաշտոնապես դիմել են Ադրբեջանը, Ալժիրը, Բանգլադեշը, Բելառուսը, Բոլիվիան, Զիմբաբվեն, Թաիլանդը, Կուբան, Հոնդուրասը, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը և Վենեսուելան։
Վերջերս հայտնի դարձավ, որ մի քանի ամիս առաջ Թուրքիան նույնպես պաշտոնական հայտ էր ներկայացրել BRICS-ին միանալու համար։ Կազմակերպությանը միանալու հայտ ներկայացնելու ցանկություն ունի նաև Պաղեստինը։
Այս երկրները ցանկանում են միանալ BRICS-ին, քանի որ, ըստ նրանց, կազմակերպությունը ջանքեր է գործադրում նոր աշխարհակարգ ստեղծելու համար և BRICS-ին միանալը կօգնի խուսափել «երկբևեռ հակամարտությունների» մեջ մտնելուց և հասանելիություն ունենալ նոր համաշխարհային շուկաներին, ներդրումներին և տեխնոլոգիաներին:
BRICS-ն ընդլայնումից հետո ընդգրկում է աշխարհի բնակչության գրեթե 46%-ը (միայն Չինաստանը և Հնդկաստանը կազմում են BRICS երկրների բնակչության 86%-ը), համաշխարհային ՀՆԱ-ի 36%-ը (որից միայն Չինաստանը կազմում է BRICS երկրների 65%-ը) և համաշխարհային առևտրի 25%-ը, որը չափվում է արտահանման ծավալներով:
BRICS-ի անդամները և նրանց տարբեր շահերը
Տարեսկզբին BRICS-ի ընդլայնումը՝ հինգ նոր անդամ պետությունների ընդգրկմամբ, հարցեր է առաջացրել դրա քաղաքական և տնտեսական հետևանքների վերաբերյալ: Կազմակերպության տնտեսական չափանիշները պարզ չեն՝ ո՛չ չափի, ո՛չ աճի, ո՛չ էլ կազմակերպման առումով։ Ընդլայնումից հետո կազմակերպության մեջ տնտեսական համերաշխություն չկա։ Ոչ բոլոր անդամներն ունեն բարձր տնտեսական աճ։
Կազմակերպության իրական հզորությունն էլ ավելի է խարխլվում առանցքային անդամ պետությունների ներքին խորը խնդիրներով։ Հետազոտող Մայլս Քեննին գրում է, որ վերլուծաբանները մատնանշում են տնտեսական և քաղաքական լուրջ մարտահրավերներ, որոնք, եթե չլուծվեն, կարող են դանդաղեցնել կամ նույնիսկ հակադարձել տնտեսական աճը և առանցքային անդամ պետությունների աշխարհաքաղաքական ազդեցությունը:
BRICS-ի անդամները նույնակարծիք չեն նաև անվտանգության քաղաքականության առումով։ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական մրցակիցներն են, մինչդեռ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրություններն անվտանգության ոլորտում սերտ կապեր ունեն ԱՄՆ-ի հետ:
Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Պիտեր Մարկուս Քրիստենսենի պնդմամբ՝ BRICS-ը կարող է ներկայացվել որպես ավելի «բազմաբևեռ» աշխարհակարգի անցման խորհրդանիշ՝ բազմաթիվ տարածաշրջանային ուժային կենտրոններով, որտեղ Արևմուտքը պետք է հարմարվի շատ ուրիշների շարքում հավասար խաղացող լինելուն, սակայն ոչ բոլորն են ցանկանում ազատվել միջազգային լիբերալ կարգից։
BRICS-ի մի քանի անդամներ չեն ցանկանում «կողմեր ընտրել» Ռուսաստան-Չինաստան առանցքի կամ Արևմուտքի միջև: Բրազիլիան, մասնավորապես, ընդգծել է, որ BRICS-ը այլընտրանք չէ, այլ լրացում է այլ հարթակների, ինչպիսին է, օրինակ, G7-ը:
BRICS-ի ներսում լարվածությունը նույնպես հեշտ է նկատել։ Հնդկաստանը և Չինաստանը աշխարհաքաղաքական մրցակիցներ են, որոնք ներգրավված են ավելի քան 60 տարվա ցամաքային սահմանների վեճի և ծովային մրցակցության մեջ՝ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերիշխանության համար:
Իրանը և Սաուդյան Արաբիան պատմականորեն տարածաշրջանային մրցակիցներ են եղել՝ չնայած Չինաստանի միջնորդությամբ վերջերս տեղի ունեցած մերձեցմանը:
Եգիպտոսը և Եթովպիան հակամարտության մեջ են Նեղոս գետի պատճառով՝ չնայած բանակցությունների շարունակական փորձերին։
Պիտեր Մարկուս Քրիստենսենը նշում է, որ BRICS-ի ընդլայնումը ոչ միայն չի ամրապնդի խումբը, այլև միայն կթուլացնի դրա նախկին համախմբվածությունը: «BRICS-ի խումբը և դրա որոշ անդամներ ձգտում էին իրենց ներկայացնել որպես գլոբալ հարավի միասնական ձայն՝ միջազգային քաղաքականության մեջ: Բայց գլոբալ հարավի համախմբված խոսափողը դառնալու փոխարեն, BRICS-ը, ամենայն հավանականությամբ, կլինի տարածաշրջանում տարաձայնությունների և մրցակցության ֆորում»,— գրում է Քրիստենսենը:
Կազանի օրակարգը
2024 թվականին կազմակերպության նախագահությունը ստանձնել է Ռուսաստանը՝ «Բազմակողմանիության ամրապնդում հանուն արդար գլոբալ զարգացման և անվտանգության» կարգախոսով։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կանցկացվի BRICS-ի գագաթնաժողով, որտեղ կորոշվեն թեկնածուների և նրանց անդամակցության ձևաչափի հետ կապված հարցերը։
Ռուսաստանը 36 օտարերկրյա ղեկավարների է հրավիրել BRICS-ի գագաթնաժողովին։ Բացի կազմակերպության անդամ երկրներից, գագաթնաժողովին հրավիրել են ԱՊՀ երկրների ղեկավարներին, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի ազդեցիկ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում նախագահող պետությունների ղեկավարներին, ինչպես նաև այն երկրների ղեկավարներին, որոնք հավակնում են անդամակցել կազմակերպությանը կամ հետաքրքրված են BRICS-ի հետ համագործակցությամբ: Ի դեպ, Հայաստանը նույնպես մասնակցելու է գագաթնաժողովին։
Սյուզաննա Համբարձումյան