Վերջին օրերին համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ ադրբեջանցիները ավերում են Ստեփանակերտի հայտնի փողոցներից մեկը՝ Թումանյան փողոցը։
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային ոչնչացում»:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտի Թումանյան փողոցի երկայնքով, մայրաքաղաքի ամենահին պատմական թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը»,— գրել էր նա։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է համացանցում հասանելի տեսանյութը, համադրել այն քարտեզների հետ ու պարզել, որ տեսանյութում իսկապես Թումանյան փողոցն է և որ այն ոչնչացվում է ադրբեջանցիների կողմից։
Թումանյան փողոցը Ստեփանակերտի ամենագեղեցիկ փողոցներից մեկն էր, որտեղ համադրված էին բնակելի տարածքները, խանութները և սրճարանները։ Փողոցը կարևոր նշանակություն ուներ ինչպես բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Թումանյանը Ստեփանակերտի այն փողոցներից էր, որտեղ պահպանվել էր հայկական ճարտարապետությունը, նիստն ու կացը: Փողոցի վրա հիմնականում միահարկ և երկհարկանի տներ էին, փայտաշեն պատշգամբներով։
Ստեփանակերտի այլ շինություններ, որոնք ադրբեջանցիները քանդել են
2024 թվականի մարտին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները սկսել են քանդել Արցախի խորհրդարանի շենքը։
Ուսումնասիրելով google earth ծրագրով վերջին տվյալները, պարզ է դառնում, որ ադրբեջանցիները քանդել են ոչ միայն Արցախի խորհրդարանի շենքը ամբողջությամբ, այլ նաև խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Արցախի Ազատամարտիկների միության շենքը, որը շահագործման էր հանձնվել և պաշտոնապես բացվել 2014 թվականին, և Արմենիա հյուրանոցը։
Ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրվել էր Ազգային ժողովի շենքի քանդման մասին պաշտոնական տեսանյութը, որտեղ քանդման աշխատանքները մեկնաբանվել էին որպես անջատողականության խորհրդանիշների ոչնչացում։
Արցախի Ազգային ժողովի շենքը կառուցվել էր 2003-2007 թվականներին։ Այն Արցախի քաղաքական ինքնության խորհրդանիշներից մեկն էր։
Գարնանը համացանցում հայտնված այլ տեսանյութերից ակնհայտ էր, որ ադրբեջանցիները քանդել են նաև Արցախի պետական համալսարանի հարևանությամբ գտնվող՝ Մխիթար Գոշի և Ազատամարտիկների փողոցների մի շարք բնակելի շենքեր։
Բացի համալսարանի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի հիմնահատակ ոչնչացումը, ադրբեջանցիները փոխել են նաև համալսարանի արտաքին տեսքը։
Համալսարանը ստեղծվել է 20-րդ դարի երկրորդ կեսին՝ 1969 թվականին:
Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն` լեզվի և գրականության ու մաթեմատիկայի, որտեղ դասավանդումը կատարվում էր հայերեն, ադրբեջաներեն, հետագայում՝ նաև ռուսերեն:
1973 թ.-ին բուհն ստացել էր ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ:
Արցախյան պատերազմի թեժ ժամանակահատվածում՝ 1992 թ. հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում էր ընդունել միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ:
Ստեփանակերտի արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ քաղաքի օկուպացիայից որոշ ժամանակ անց ադրբեջանցիները սկսել են թալանել հայերի ունեցվածքը: Աղբակույտերի մեծ կուտակումներ կարելի է տեսնել Ստեփանակերտի բնակելի շենքերի և առանձնատների բակերում:
Բացի բնակելի տարածքներից և այլ շինություններից, ադրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել ու տապալել են նաև Ստեփանակերտ քաղաքի մի շարք խորհրդանիշներ, օրինակ՝ Ստեփան Շահումյանի արձանը:
Շահումյանի բրոնզաձույլ արձանի բարձրությունը 2․5 մետր էր, որի հեղինակներն էին քանդակագործներ Սուրեն Ստեփանյանը և Ադիբեկ Գրիգորյանը։ Պատվանդանն ուներ չորս մետր բարձրություն։ Այն պատրաստված էր տեղական մարմարից։ Արձանի բացումը տեղի էր ունեցել 1957 թվականի մայիսի 1-ին:
Կամ՝ Ստեփանակերտի լուսատու խաչը:
Խաչը տեղադրվել էր 2017 թվականի մայիսի 9-ին ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների: Այն իր բարձրությամբ երկրորդն էր եվրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսավորված էր հատուկ լույսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաև գիշերը։
Ադրբեջանցիները հանել են նաև Աշոտ Բեկորի, Շառլ Ազնավուրի, Վահրամ Փափազյանի, Հովհաննես Բաղրամյանի, ծովակալ Իսակովի և այլոց արձանները։
Սյուզաննա Համբարձումյան