Հայաստանի կառավարությունը, մասնավորապես` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոստացել էր, որ այս տարվա առաջին կեսին Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։
Ընդ որում, նման խոստումներ հնչել էին դեռ 2019-ից, իսկ անցած տարի՝ 2023-ին, վարչապետը խոստացավ, որ 2024-ի առաջին կեսին YouTube-ի մոնետիզացիան հայաստանցիների համար իրական կդառնա։ Սակայն տարին արդեն ավարտվում է, բայց Հայաստանի հասարակության համար YouTube-ի դրամայնացումն ակտիվ չէ։
Դեռևս 2023 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում պատասխանելով ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին, YouTube-ի մոնետիզացիայի մասին հարցին պատասխանել էր, թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից խոստում են կորզել, որ 2024 թվականի առաջին կեսին YouTube-ի մոնետիզացիան կաշխատի:
«Մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից խոստում ենք կորզել, որ 2024 թվականի առաջին կեսին Յութուբի մոնետիզացիան կաշխատի, տեսնենք և հետևողական կլինենք»,— ասել էր վարչապետը ու հավելել․ «Հույս ունենք, որ մեր գործընկերները, որոնք պատասխանը տվել են, հասկանում են պատասխանատվությունը, նաև մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, հույս ունեմ, մենք դա անպայման կանենք»:
Նշված ժամկետներն անցել են, սակայն YouTube-ի մոնետիզացիան Հայաստանում չի աշխատում։
Թեմայի շուրջ մի շարք հարցեր պարզելու համար «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
Fip.am-ը, նախ, հետաքրքրվել էր, թե որո՞նք են պատճառները, որ Հայաստանը դեռևս ներառված չէ YouTube-ի գործընկերների ծրագրում, ո՞ր մարմինն է թերացել այդ հարցում։
Նախարարությունից տեղեկացրել են, որ Հայաստանում YouTube-ի դրամայնացման ծառայություններն ակտիվացնելը պայմանավորված է միայն YouTube ընկերության մասնավոր, գործարար որոշմամբ:
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ակտիվորեն աշխատում է անհրաժեշտ քայլերի իրականացման ուղղությամբ սեղմ ժամկետներում նշված որոշման կայացումն ապահովելու նպատակով»,— նշվում է ԲՏԱ նախարարության նամակում:
Fip.am-ը նաև խնդրել էր ներկայացնել, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում ծրագրում ներառվելու համար, ի՞նչ մեխանիզմներ են մշակվել: Նախարարությունից պատասխանել են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում YouTube-ի դրամայնացման ծառայություններն ակտիվացնելը պայմանավորված է միայն YouTube ընկերության մասնավոր, գործարար որոշմամբ, 2024 թ. հունվար ամսին Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի ամենամյա նիստի շրջանակում կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հանդիպումը YouTube ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ։ Վերջինը նշել է, որ սահմանված ժամանակացույցով դիտարկում են բոլոր անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը՝ համակարգը հնարավորինս արագ ակտիվացնելու համար:
Այնուհետև YouTube ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հրավերով նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է առաջին անգամ աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Google (YouTube-ի սեփականատերը) ընկերության պատվիրակությանը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև YouTube-ի դրամայնացման հարցերը:
Նաև հայտնել են, որ նախարարությունն այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ակտիվորեն շարունակում է աշխատանքային հանդիպումները և քննարկումները YouTube ընկերության տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ դեռևս 2019 թ. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն իր տարեվերջյան ասուլիսում հայտնել էր, որ Հայաստանը երեք ուղղություններով աշխատանքներ է տանում՝ ներառվելու YouTube-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program):
«Գոյություն ունի YouTube Partner Program (YouTube-ի գործընկերների ծրագիր), որը թույլ է տալիս, որ իր գործընկեր լինելով՝ կարողանաս YouTube-ում դրվող բովանդակությունից գումար գեներացնել: Հայաստանը ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել YouTube Partner Program-ի մաս: Կարելի է գումարը գեներացնել, սակայն հնարավոր չէ հայկական բանկային քարտով հանել այն: Բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են կոնտենտից գումար աշխատել, գնում և այլ երկրներում են գրանցում իրենց ընկերությունները»,— ասել էր Արշակյանն ու նշել, որ այդ ուղղությամբ «3 ճակատով աշխատում են»:
Դրանցից առաջինը պաշտոնական խողովակներն են․ այն ժամանակ նախարար Արշակյանն ասել էր, որ գրություն է փոխանցել ու խնդրել, որ աջակցեն: Երկրորդը, ըստ Արշակյանի, այն էր, որ ինքը հանդիպել էր Google-ում ու YouTube-ում աշխատող հայերի խմբի հետ, առաջադրել խնդիրները: Արդյունքում նրանք նույնպես, ըստ Արշակյանի, փորձել էին մեխանիզմներ գտնել: Նախկին նախարարի նշած երրորդ ուղղությամբ՝ սփյուռքահայերն էին փորձում աջակցել:
Ի՞նչ է մոնետիզացիան կամ դրամայնացումը
Fip.am-ի այն հարցին, թե ինչ կտա YouTube-ի դրամայնացումը Հայաստանին, նախարարությունից արձագանքել են, որ YouTube-ի դրամայնացման արդյունքում կարող է ստեղծվել ավելի մեծ հասանելիություն ստեղծագործ և այլ ոլորտների մասնակիցների համար՝ կապված YouTube-ի ընձեռնած հնարավորությունների հետ:
YouTube-ի դրամայնացումը դինամիկ գործընթաց է, որը թույլ է տալիս բովանդակություն ստեղծողներին եկամուտ ստանալ հարթակում հրապարակված իրենց տեսանյութերից: Դրամայնացումը YouTube-ը դարձրել է եկամտաբեր տարածք թե՛ պրոֆեսիոնալների, թե՛ սիրողականների համար՝ առաջարկելով գումար վաստակել գրավիչ բովանդակություն հրապարակելու միջոցով: Եկամուտը գոյանում է տարբեր ուղիներով, հիմնականում՝ գովազդով, որոնք ցուցադրվում են տեսանյութի նվագարկումից առաջ, ընթացքում կամ հետո։ YouTube-ի դրամայնացման ծրագրին մասնակցելու համար՝ բովանդակություն ստեղծողները պետք է հետևեն հարթակի կողմից սահմանված հատուկ չափանիշներին՝ հետևել YouTube-ի դրամայնացման քաղաքականությանը, վերջին 12 ամիսների ընթացքում հավաքել առնվազն 4000 ժամ դիտում, ունենալ նվազագույնը 1000 բաժանորդ, ունենալ AdSense հաշիվ՝ YouTube ալիքին կցված, պահպանել համայնքի կանոնները, ունենալ երկքայլ հաստատում:
Սյուզաննա Համբարձումյան