Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները շարունակաբար փորձում են հակափաստարկներ ներկայացնել վերջին տարիներին տեղի ունեցող հարկային փոփոխությունների դրական ու բացասական տենդենցների մասին՝ հակադրելով բարեփոխումների առավելություններն ու բացթողումները:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել և ի մի է բերել արդեն իսկ գրանցված, ինչպես նաև 2025 թ.-ին սպասվող տեղական և պետական տուրքերի դրույքաչափերի կարևորագույն փոփոխությունները՝ ներկայացնելով դրանց հնարավոր ֆինանսական ազդեցությունը քաղաքացիների վրա:
Մայրաքաղաքի տեղական տուրքերի դրույքաչափեր․ աղբահանության վարձավճարը կբարձրանա
2025 թ.-ից երևանցիները ստիպված կլինեն աղբահանության համար վճարել շատ ավելին, քան նախկինում: Եթե մինչ այժմ աղբահանության համար ամսավճարը կազմում էր 200 դրամ՝ 1 անձի հաշվով, ապա հաջորդ տարվանից այն կհաշվարկվի ըստ մակերեսի՝ 1քմ-ի համար 13 դրամ սակագնով:
Ըստ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվարկված բնակարանների միջինացված մակերեսի,
- 35 քմ մակերեսով 1 սենյականոց բնակարանում 1 անձ բնակվելու դեպքում մինչ այժմ վարձավճարը ամսական 200 դրամ էր, 2025-ին կկազմի 525 դրամ:
- 53 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարանում 3 անձ բնակվելու դեպքում մինչ այժմ ամսավճարը կազմում էր 600, այսուհետ՝ 689 դրամ:
- 75 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարանում 4 անձ բնակվելու դեպքում մինչ այժմ ամսավճարը կազմում էր 800, այսուհետ՝ 975 դրամ:
- 99 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարանում 5 անձ բնակվելու դեպքում մինչ այժմ ամսավճարը կազմում էր 1000 դրամ, այսուհետ՝ 1287 դրամ:
Կշարունակի գործել «Կարմիր գծերի» բարձրացված դրույքաչափը
Դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանին 32 կողմ, 1 ձեռնպահ ձայնով կողմ քվեարկեց նախորդ տարվանից 13 անգամ ավելացված կարմիր գծերի դրույքաչափը նաև 2025 թ.-ին կիրառելու մասին հարցին:
Հիշեցնենք, որ 2024-ի հունվարի 1-ից Երևանի ավագանին կարմիր գծերի գումարը տարեկան 12,000-ից դարձրեց 160,000 դրամ՝ շուրջ 13 անգամ բարձրացնելով գինը փոքր կենտրոնի համար։
Օրեր առաջ ՀՀ վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումը: Մինչ որոշումը մեկամսյա ժամկետում օրինական ուժի մեջ կմտներ, Երևանի քաղաքապետարանից հայտարարեցին, որ բողոքարկելու են դատարանի որոշումը, իսկ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։
Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա
Մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման թեման վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվում է թե՛ լրատվամիջոցներով, թե՛ սոցիալական հարթակներում: Առաջարկվող ուղեվարձի սակագինը տարբեր է՝ կախված փաթեթներից:
Վերջերս տեղի ունեցած Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը պնդել էր՝ հաջորդ տարի մեկ ուղևորափոխադրման միջինացված արժեքը կլինի 144 դրամ՝ ներկայիս 100 դրամի փոխարեն:
Թեպետ, դասական մեկամսյա անսահմանափակ ուղևորությամբ և 8800 (9000 դրամ) դրամանոց փաթեթի դեպքում աշխատանքային օրերին հասարակական տրանսպորտից օրական երկու անգամ և շաբաթական 5 աշխատանքային օր օգտվող շարքային քաղաքացու համար ուղետոմսի համար օրական ծախսը կկազմի 440 դրամ, այսինքն՝ մեկ ուղղության համար 220 դրամ։ Իսկ եթե քաղաքացին որոշեց ամսվա մեջ բոլոր 30 օրերին էլ օրական երկու անգամ օգտվել հասարակական տրանսպորտից, ապա այդ դեպքում մեկ ուղղության արժեքը կկազմի 147 դրամ և ոչ թե 144, ինչպես պնդում է Ավինյանը։
Այդուհանդերձ, 2025-ին, նոր փաթեթներին զուգահեռ, 100 դրամանոց ուղևորատոմսերը դեռ կգործեն մինչև փետրվար։ Քաղաքապետարանից հավաստիացնում են, որ հունվարի 1-ից սկսած ուղետոմսերի համար պետք է վճարել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Telcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։
Հարկային ոլորտ․ հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձը Երևանում կսահմանափակվի
2025 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխությունները։ Եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում, ապա հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով ևս եկամտային հարկը չի վերադարձվելու։ Նշված սահմանափակումը չի կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ։
Այս սահմանափակումներն ավելի ուշ կտարածվեն նաև մարզերի վրա:
Մասնավորապես,
- 2027 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ՝ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,
- 2029 թ.-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, բացառությամբ՝ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի։
ՀՀ բնակչության լայն զանգվածներին կամ որոշակի խմբերին վերաբերող փոփոխություններ
Գույքահարկը կշարունակի թանկանալ
2020 թ. հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել էր «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, ըստ որի, սահմանվել էին նոր դրույքաչափեր՝ անշարժ գույքի գույքահարկի համար:
Ըստ օրենսգրքի, անշարժ գույքի գույքահարկը 2021-2026 թվականներին աստիճանաբար թանկանալու է: Այդ թվում, 2021 թ.-ին՝ հաշվետու տարվա համար անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և օրենքով սահմանված դրույքաչափի արտադրյալի 25%-ի չափով,
2022 թ.-ին՝ 30 %-ի չափով,
2023 թ.-ին՝ 35 %-ի չափով,
2024 թ.-ին՝ 50 %-ի չափով,
2025 թ.-ին՝ 75 %-ի չափով
2026 թ.-ին ու հետագա տարիներին՝ 100 %-ի չափով։
Սա նշանակում է, որ գույքահարկի շեշտակի թանկացման բեռը (75 և 100 %-ի չափով) քաղաքացիները կզգան առաջիկա երկու տարիների ընթացքում:
Տաքսի ծառայություն մատուցողների պետական տուրքի նոր դրույքաչափը
2024 թ. սեպտեմբերի 1-ից գործում են նոր դրույքաչափեր՝ տաքսի ծառայություն մատուցող անհատների ու կազմակերպությունների համար:
Պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից, և դրույքաչափերը տարբեր են կանխիկ և անկանխիկ եղանակով վճարելու դեպքում։
- Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,
3.5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,
5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից:
- Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,
2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,
4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
Բնակարանը վարձակալության տրամադրելու դեպքում՝ 10 տոկոս եկամտահարկ
2024 թ.-ից բնակարանը վարձակալությամբ տրամադրող քաղաքացիների համար ավելացված հարկային բեռը կշարունակի գործել նաև 2025-ին:
ֆիզիկական անձը անշարժ գույքը վարձակալության հանձնելիս վարձակալության վճարներից պարտավոր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։
Տարբեր հարկատեսակների մասով
Եկամտային հարկ
2020 թ․ հունվարի 1-ից սկսած՝ պրոգրեսիվ հարկման կարգից (23, 28 և 36 տոկոս դրույքաչափերի կիրառությունից) անցում է կատարվել դեպի համահարթ հարկում:
2023 թվականից Հայաստանում գրանցված աշխատող անձինք վճարում են եկամտահարկ՝ 20 տոկոսի չափով, այսինքն՝ ավելի քիչ, քան 2020-ին:
Սոցիալական վճար
Ապագա կենսաթոշակի համար աշխատավարձից գանձվող գումարի՝ սոցիալական վճարի չափը 2023-ից դարձել է 5 տոկոս, եթե քաղաքացու «կեղտոտ» աշխատավարձը չի գերազանցում ամսական 500 հազար դրամը: Եվս 5% էլ աշխատողի աշխատավարձի չափով պետությունն է ավելացնում քաղաքացու կենսաթոշակային հաշվին:
Սոցիալական վճարների դրույքաչափերը ըստ տարիների այս տեսքն ունեն.
• 2020 թ. հունվարի 1-ից՝ 2.5%
• 2021 թ․ հունվարի 1-ից՝ 3.5%
• 2022 թ․հունվարի 1-ից՝ 4.5%
• 2023 թ․ հունվարի 1-ից՝ 5%:
Եկամտային հարկի 1 տոկոս նվազեցման և սոցիալական վճարների 0.5 տոկոս ավելացման պարագայում ստացվում է, որ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից 450.000 քաղաքացիների համար հարկային բեռն այս մասով նվազել է 0.5 տոկոսով, իսկ մնացած՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից չհանդիսացող քաղաքացիների համար 1 տոկոսային կետով:
Շահութահարկ
2020 թ.-ից շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն գործում է 18% դրույքաչափը:
Շրջանառության հարկ
2025 թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի այս տարվա հունիսի 12-ին ընդունված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:
Կատարված փոփոխություններով, շրջանառության հարկի դրույքաչափը բարձրացվեց՝ կրճատելով ԱԱՀ-ով և շահութահարկով աշխատող տնտեսվարողերի միջև հարկային բեռի տարբերությունը։
Շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների շրջանառության հարկը այսուհետ կհաշվարկվի հետևյալ դրույքաչափերով.
- առևտրի սուբյեկտների համար՝ 10%
- արտադրության դեպքում` 7%
- հանրային սննդի դեպքում` 12%։
Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում վերոնշյալ դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեկ այլ նախագծով առաջարկվում է 2025 թ. հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ, ինչի արդյունքում կավելանա այդ ոլորտներում գործունեություն ծավալողների հարկային բեռը:
Այդ ոլորտների թվում են՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, շենքերի շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական կամ ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, մասնագիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն և առողջապահություն:
Գայանե Մարկոսյան