Տարեսկզբին՝ հունվարի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ կնքված սպառազինության մատակարարման $400 մլն-անոց գործարքի ճակատագրին։
Նա, հղում անելով, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, նշել է․ «Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պիտի պակասեցվի: Իհարկե, կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել»։
Ավելի վաղ՝ 2024 թվականի դեկտեմբերին․ լրագրողների հետ զրույցում նախարար Հովհաննիսյանն անդրադառանալով խնդրո առաջակա գործարքին նշել էր, որ կողմերն ունեն «որոշակի երկխոսություն առկա պարտքը հաշվանցելու»։
Հովհաննիսյանը, սակայն այդպես էլ չէր հստակեցրել, թե կոնկրետ որ երկկողմանի պարտավորությունների սպասարկմանը պետք է ուղղվի չմատակարարված զենքի դիմաց վճարված գումարը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ռազմավարական դաշնակիցը», չնայած Երևանի վճարած 100 մլն-ավոր դոլարների, չի կատարել իր պայմանագրային պատվարությունը և զենք չի մատարարել Հայաստանին։
Արդեն 2024 թվականի հունվարին կառվարող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտնեց, թե ռուսական զենքի «որոշակի խմբաքանակ Հայաստանը վերջերս է ստացել»։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝ չմատակարարված զենքի գումարը մասնավորապես ՀՀ-ՌԴ ինչ միջպետական պարտավարությունների/վարկերի սպասարկմանը պետք է ուղղվի։
Գործադիրից FIP.am-ի հարցումը վերահասցեգրել էին ՀՀ պաշտպանության նախարարություն։ Սակայն գերատեսչությունը հրաժարվել է հավելյալ տեղեկատվություն տրամադրել մեր հարցման վերաբերյալ։
Այսպիսով, իշխանական թևից այս հարցի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ են հնչում։ 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մի շարք կարևոր հարցեր մնում են չպարզաբանված․ մասնավորապես, հայկական կողմը չի հստակեցնում ի վերջո ի՞նչ եղավ 400 մլն դոլարը, որով պետք է ռուսական զենք գնվեր և եթե չի գնվում, ապա ո՞ր միջպետական վարկային պարտավարությունները մարելուն է ուղղվելու այդ գումարը։
Նանե Մանասյան