Վերջին տարիներին Հայաստանում կեսարյան հատումների թիվը զգալի աճ է գրանցել։ 2023 թվականի դրությամբ կեսարյան հատումների թիվը հասել է ծննդաբերությունների ընդհանուր թվի գրեթե 40%-ին, ինչը զգալիորեն գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող 10-15%-ը:
1985 թվականից ի վեր միջազգային առողջապահական հանրությունը կեսարյան հատումների իդեալական ցուցանիշը համարում է 10%-ից 15%-ը: Չնայած դրան, այդ ժամանակից ի վեր կեսարյան հատումները ավելի հաճախակի են դառնում և՛ զարգացած, և՛ զարգացող երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում կեսարյան հատումների մակարդակը 2021 թ․-ին կազմել է 21.1%։ Մեր տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում արձանագրվել էին հետևյալ մակարդակները՝ Իրան 48%, Վրաստան՝ 46․6%, Հայաստան՝ 37․5%, Բելառուս՝ 29․6%, Ռուսաստան՝ 20․8%, Ղազախստան՝ 18%, Ղըրղըզստան՝ 8․3%:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանում կեսարյան հատումների վերաբերյալ տվյալները։
Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, Հայաստանում ևս կեսարյան հատումների թիվն աճում է։ Եթե 90-ականներին դրանց թիվը կազմել է 3.3 տոկոս, ապա 2023 թ․-ին այն արդեն 39.5 տոկոսի է հասել։ Աճին նպաստում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։ Օբյեկտիվ գործոններ են՝ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացումը և կիրառումը մանկաբարձության մեջ, որոշ ծանր ախտաբանությունների տարածվածության աճը, 35 տարեկանից բարձր առաջնածինների թվի աճը, մեկ կամ ավելի կեսարյան հատում ունեցող հղի կանանց թվի շարունակական աճը, պտղի կողմից ցուցումների ավելացումը և այլն։ Իսկ սուբյեկտիվ գործոններ կարող են լինել կանանց ցանկությունը և բժիշկների մոտեցումը՝ լրացուցիչ ռիսկերից խուսափելու համար:
Տվյալները՝ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրք․ 2024
Հայաստանի բնակչության թիվը, ըստ Վիճակագրական կոմիտեի, 3 մլն է, որի մեջ կանանց թիվը 1․6 մլն է կազմում։ Ըստ մասնագետների, Հայաստանում արդեն ամեն երկրորդ մայրացողը ծննդաբերությունն ավարտում է կեսարյան հատմամբ։
2022 թ․-ին հրապարակված՝ Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրության զեկույցի համաձայն, վերջին 3 տարիների ընթացքում կեսարյան հատմամբ ծննդալուծված կանանց բժշկական քարտերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ կեսարյանների 81.4% դեպքերում կեսարյան հատումն իրականացվել է մանկաբարձական (մոր կողմից), 46.8% դեպքերում՝ պտղի կողմից ցուցումներով, իսկ 24.2% դեպքերում՝ ոչ մանկաբարձական ցուցումներով:
Կեսարյան հատումների ցուցանիշն էականորեն տարբերվում է Երևանում և մարզերում։ Եթե 2022 թ․-ին Երևանում կեսարյան հատումների թիվը կազմել է 9503 (43․8), ապա մարզերում՝ 4186։
Տվյալները՝ «Մոր և մանկան առողջություն» վիճակագրական տարեգիրք․ 2023
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024 թ․ նոյեմբերին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը հայտարարել է, որ ծննդօգնության ծախսային ուղղությունները վերանայել են՝ մտքում ունենալով Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշները: «Ամեն բան պետք է արվի այդ ցուցանիշների կրճատման ուղղությամբ: Մեր ներդրած փոխհատուցման նոր ծրագրի հիմքում հենց դա է: Բարդացած ծնունդների, սովորական ծնունդների փոխհատուցման արժեքը հավասարեցվել և որոշ դեպքերում ավելի է, քան կեսարյան հատումների պարագայում»,— ասել է Ավանեսյանը:
Նա նաև նշել է, որ պետությունն առաջին անգամ փոխհատուցում է ցավազրկման համար անհրաժեշտ էպիդուրալ միջամտությունը, ինչը կարևոր խոչընդոտներից է, որ կանայք խուսափում են բնական ճանապարհով երեխա ունենալուց:
Սյուզաննա Համբարձումյան