Կրեմլամերձ ռուս քարոզիչները փաստերի ստուգման հարթակ են ստեղծել, որի թողարկումների մեկնարկի մասին ապրիլի 9-ին իր ավանդական ճեպազրույցում անձամբ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 8-ին սկսել է աշխատել փաստերի ստուգման միջազգային ասոցիացիայի (Global Fact-Checking Network, GFCN) պաշտոնական կայքը։ Այժմ այս օնլայն գլոբալ հարթակը հասանելի է բոլորին։ Այն միավորում է ապատեղեկատվության դեմ պայքարի փորձագետներին և հանդիսանում է միջազգային պորտալ, որտեղ ձևավորվում է ազնիվ, բաց մոտեցում փաստերի ստուգմանը, իրականացվում են ակտուալ հետաքննություններ ու արվում հերքումներ»,- ասել է նա։
Փաստերի ստուգման ռուսական այս նախաձեռնության՝ GFCN–ի մասին հայտարարվել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, երբ ստորագրվել էր հուշագիր Փաստերի ստուգման միջազգային ասոցիացիա ստեղծելու մասին։ Դրա նախաձեռնողները Ռուսաստանի իշխանամերձ շրջանակներն են՝ ՏԱՍՍ-ի (ТАСС) գործադիր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովը և «Երկխոսություն» ոչ կոմերցիոն կազմակերպությունը (АНО «Диалог регионы»)։
ՏԱՍՍ-ը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի առաջատար պետական լրատվական գործակալություններից մեկն է և նախորդ տարի 120-ամյա գործունեության համար Պուտինի հրամանով արժանացել էր պարգևի։ Իսկ 2019-ին ստեղծված «Երկխոսություն» կազմակերպության առաքելությունը, ըստ նրանց կայքի, ինտերնետ հաղորդակցման ոլորտում «համառուսաստանյան միջգերատեսչական կենտրոն» է և «թվային օպերատոր՝ իշխանության ու հանրության միջև»։
2024 թ․ նոյեմբերին Մոսկվայում կայացած «Երկխոսություն ֆեյքերի մասին» ֆորումը, որի ժամանակ հայտարարվել էր ֆեյքերի դեմ պայքարի նախաձեռնության մասին, կազմակերպվել էր ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից։
Ի դեպ, Մարիա Զախարովան հայտարարում է, թե այս նախաձեռնությունն արևմուտքից հնչող «անթիվ-անհամար» ֆեյքերի տարածման դեմ է, թեպետ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am-ը) բազմիցս է անդրադարձել հենց իր՝ Զախարովայի հայտարարություններին, որոնց գերակշիռ մասը եղել է կեղծ ու մանիպուլյատիվ։
Կրեմլյան քարոզիչները՝ փաստեր ստուգողներ (ֆաքթչեքերներ)
GFCN-ի պաշտոնական կայքում հոդվածների մեծ մասի համար որպես հեղինակ նշվում է «Փաստերի ստուգման միջազգային ասոցիացիա»։ Օրինակ, այս հրապարակման պատրաստման պահին վերջին նյութը կրեմլյան քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած Russia Today-ի աշխատակից, իռլանդացի լրագրող Չեյ Բոուզի՝ Բուխարեստ մուտքի արգելքի մասին լուրն է։ Նա Ռումինիա էր գնում ընտրությունները լուսաբանելու համար։ Բոուզը նաև համագործակցում է այս հարթակի հետ:
Հեղինակներից է նաև ռուսական մամուլում հաճախ հայտնվող նիդերլանդացի լրագրող Սոնյա վան դեն Էնդեն, որն իր հայտարարություններով ու հոդվածներով բազմիցս աջակցել է ՌԴ իշխանությունների քաղաքականությունը և գոյաբանական անհրաժեշտություն համարել ռուս-ուկրաինական պատերազմում ՌԴ-ի հաղթանակը։

Վերջինս ռուս-ուկրաինական պատերազմից մի քանի օր անց գնացել էր Ռուսաստան, որոշել մնալ ու ստեղծագործել այնտեղ։

Սոնյա վան դեն Էնդեն գրում է Ռուսաստանի ու Ուկրաինայի մասին։ Ֆաքթչեքերների այս հարթակում իր վերջին հոդվածը ՏԱՍՍ-ի և ռուսական քարոզչության մասին նորվեգական մի հոդվածի հերքումն է։
Մեկ տարի առաջ էլ նա գրել էր, թե Ռուսաստանի դեմ սանկցիաները չեն աշխատել․ «Մոսկվայում իրավիճակը շատ լավ է, սանկցիաների գոյության պարագայում ես որևէ փոփոխություն չեմ տեսնում, և խանութներում հնարավոր է գտնել ամեն ինչ»։ Նրա այս հայտարարությունը տեղ էր գտել նաև կրեմլյան հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի հաղորդման մեջ։
Սոլովյովի հերոսներից է նաև այս հարթակի մյուս հեղինակը՝ Տիմոֆեյ Վին, որը ներկայանում է որպես հակաճգնաժամային հաղորդակցման փորձագետ։ Նա նաև ռուսական առաջին ալիքի մշտական փորձագետն է ու «Սոլովյով․Live»-ի հաղորդավարներից` «Ֆեյք-կոնտրոլ» (Фейк-контроль) հաղորդմամբ։

Ապրիլի 17-ի իր հաղորդման մեջ ռուս ֆաքթչեքերը հեգնանքով խոսում է Սումիում ռուսական զինված ուժերի հարձակման մասին ու տարօրինակ համարում հարցադրումները, թե ինչպես է հնարավոր Սուրբ զատկից առաջ, Ծաղկազարդին հրթիռակոծել քաղաքացիական օբյեկտները, քաղաքացիներին։
Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին ուկրաինական Սումի քաղաքի կենտրոնում ռուսական զինված ուժերի՝ «Իսկանդեր Մ»-ով հրթիռային հարվածների հետևանքով ավելի քան 30 քաղաքացի էր զոհվել, 100-ը վիրավորվել էին, այդ թվում՝ երեխաներ։ Տիմոֆեյը ցուցադրում է լուսանկարներ, որոնցում անտեսում է քաղաքացիական անձանց զոհվելու հանգամանքը ու շեշտում զինվորականների զոհվելու մասին։ Ավելի ուշ՝ արդեն ապրիլի 21-ին, ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ իրենց հարձակման թիրախում եղել էր քաղաքացիական օբյեկտ համարվող Սումիի համալսարանը, որտեղ եղել էին զինվորականներ։
Արժանահիշատակ հաջորդ ֆաքթչեքերը պորտուգալացի Ալեքսանդր Գերեյրոն է՝ իրավաբան ու հրապարակախոս, որի X-ի էջի հետնապատկերում Ֆրանկլին Ռուզվելտի, Սի Ծին Փինի ու Վլադիմիր Պուտինի պատկերներն են: Նրա մասին գրում են, որ նախկին գործակալ է ու պաշտպանել է Ուկրաինա ներխուժելու մասին Ռուսաստանի քաղաքականությունը։ Ավելին՝ Գերեյրոն ունի դոկտորական աշխատանք, որում միջազգային իրավունքի տեսանկյունից պաշտպանում է Ղրիմի անեքսիան ՌԴ-ի կողմից։

Գերեյրոն Յութուբի իր ալիքում կարճ հարցազրույց ունի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի հետ, որտեղ վերջինս քննադատում է Պորտուգալիային՝ Ուկրաինային պաշտպանելու համար։
Այսպիսով, փաստացի ՌԴ արտգործնախարարության կողմից նախաձեռնված «Փաստերի ստուգման միջազգային ասոցիացիան» և GFCN–ը ուղղակիորեն ու ակնհայտորեն փոխկապակցված են թե՛ ռուսական պետական մարմինների, թե՛ ռուսական նարատիվներն առաջ տանող ռուս և օտարերկրյա լրագրողների ու հրապարակախոսների հետ:
Հասմիկ Համբարձումյան