Հունիսի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայտարարություններին, թե ինչու են պետական համակարգում պարգևատրումներ հատկացվում, հայտարարել է, որ եթե, օրինակ, պետական համակարգը մի ամիս աշխատավարձ չստանա, թոշակները հնարավոր կլինի բարձրացնել 1400 դրամով։
«Եթե 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով: Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ պետական համակարգը՝ դատարաններով, դատախազությունով, նախարարություններով և այլնով, բոլորը՝ 0 աշխատավարձ»,- նշել է նա։
Սակայն «Փաստերի ստուգման հարթակի» կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը սխալ է։
Այսպես, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թվականի տարեվերջին կենսաթոշակառուների թիվը 498,188 է։ Նույն աղբյուրի համաձայն, 2025 թվականի փետրվարին Հայաստանում պետական աշխատողների թիվը 220,168 է, որոնք ստանում են միջինում մոտ 213 հազար դրամ աշխատավարձ։
Հաշվարկների համաձայն, եթե 220,168 պետական աշխատողները մեկ ամիս աշխատավարձ չստանան, ապա կտնտեսվի մոտ 47 մլրդ դրամ։
220,168×213,000 = 46,895,784,000 դրամ
Սա նշանակում է, որ միայն մեկ ամսում 47 մլրդ դրամ է վճարվում պետբյուջեից պետական ծառայողների աշխատավարձերի վճարման համար։ Եթե այս գումարը բաժանենք կենսաթոշակառուների թվին՝ 498,188, ապա կստանանք մոտ 95 հազար դրամ։
46,895,784,000 / 498,188 ≈ 95,000 դրամ
Այսինքն, եթե պետական համակարգի աշխատողները մեկ ամիս աշխատավարձ չստանան, ապա կենսաթոշակառուների կենսաթոշակը այդ ամիս կավելանա շուրջ 95 հազար դրամով։
Ի դեպ, Հայաստանում միջին կենսաթոշակը շուրջ 50 հազար դրամ է։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե պետական համակարգի աշխատողները եթե մեկ ամիս աշխատավարձ չստանան, ապա թոշակները հնարավոր կլինի բարձրացնել 1400 դրամով, սխալ է։
Սյուզաննա Համբարձումյան