Այս օրերին գործող իշխանություն-Հայ-առաքելական եկեղեցի ակտիվ հակամարտության ընթացքում շատ հոգևորականներ իրենց հարցազրույցներում բարձրացնում են կառավարության ղեկավարին, նրա կնոջը և իշխանության տարբեր ներկայացուցիչներին բանադրանքի կամ անեծքի ու նզովքի ենթարկելու հարցը (1, 2, 3)։ Բագրատ Գալստանյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Մայր Աթոռը նրան (Փաշինյանին-խմբ․) բանադրանքի պետք է ենթարկեր վաղուց, իսկ հոգևորականներից մեկն էլ իր հարցազրույցում նշել էր․ «Մայր Աթոռը դիտարկում է բանադրանքի հարցը։ Որևէ կերպ չեմ կասկածում Մայր Աթոռի խորագիտության, իմաստնության վրա»։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել Մայր Աթոռ սբ․ Էջմիածին՝ փորձելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանը՝ ի՞նչ է ենթադրում Հայաստանում Հայ-առաքելական եկեղեցու կողմից բանադրանքի կիրառումը, ի՞նչ է հետևում դրան, ի՞նչ նախադեպեր են եղել՝ ե՞րբ և ո՞ւմ նկատմամբ է ՀԱԵ-ն բանադրանք կիրառել և վերջապես՝ արդյո՞ք հնարավոր է նոր ժամանակներում ՀԱԵ-ն կիրառի պատժի այդ գործիքը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից FIP.am-ին ուղարկել են Շահե վարդապետ Անանյանի և պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանի հոդվածը՝ «Նզովե՞ս․․․»։ «Ձեր հարցերի պատասխանները կարող եք գտնել կցված ֆայլում»,- պատասխանել են Մայր Աթոռից։
Այս հոդվածը եկեղեցական բարձրագույն պատիժների կանոնագիտական վերլուծություն է ըստ Հայ եկեղեցական իրավունքի ավանդության։ Այս աշխատության մեջ անդրադարձ է կատարվում եկեղեցական բարձրագույն պատիժների իմաստային, կանոնական և պատմական առանձնահատկություններին։
Հոդվածում, որպես եկեղեցական բարձրագույն պատժաձևեր, ներկայացվում են նզովքը, անեծքը, բանադրանքն ու կապանքը։
Նշվում է, որ այս պատիժներից ազատվելու միակ միջոցն ուղղափառ հավատով և հոգևոր սիրով դարձն է։ Պատիժների ժամկետը հստակեցված չէ, ինչը հիմք է տալիս հեղինակներին եզրակացնելու՝ մեղավորին թողություն տրվում է միայն մահվան մահճում։ Այդուհանդերձ, որոշ կանոնների համաձայն, կախված մեղքի ծանրությունից, պատիժն անմիջապես դադարում է մեղավորի դարձով։
Այսպես, նզովքը, բանադրանքը և կապանքը, չնայած իմաստային նույնությանը, հայոց լեզվում և եկեղեցական կանոնական ավանդության մեջ ունեն կիրառման տարբեր ձևեր։ Ըստ այդմ, քրիստոնեական հնագույն ավանդության համաձայն, կապանքն ու բանադրանքը ունեին ժամանակավոր բնույթ, սահմանվում էին եպիսկոպոսի, վարդապետի կամ քահանայի կողմից՝ իբրև պատիժ գործած ծանր մեղքերի համար։ Դրանք ունեին ժամանակավոր բնույթ, նախատեսում էին եկեղեցու խորհուրդներին և աղոթական կյանքին մասնակցելու ժամանակավոր արգելանք։ Իսկ եթե անձը չի զղջում, մեղսագործը մնում է առանց հուղարկավորության կարգի։ Ըստ այս աշխատության, եկեղեցագիտական բառարանում այն հաճախ կոչվում է նաև «փոքր նզովք, հեռացում եկեղեցուց և ժամանակավոր զրկում Սուրբ Հաղորդությունից»։
Նզովքը եկեղեցու բարձրագույն պատիժն է, որը «տրվում է սովորաբար ուղղափառ հավատից հեռացածներին և հերձվածի (աղանդավորություն–խմբ․) մեջ ընկածներին, և հրապարակվում է հասարակական մակարդակով՝ ժողովի կամ եկեղեցապետի (Կաթողիկոս–խմբ․) կողմից»։
Նզովքը կամ այս դեպքում արդեն՝ բարձրագույն պատիժը, տրվում է հրապարակայնորեն՝ ժողովի և եկեղեցապետի համատեղ հայտարարությամբ։ Այն կարող է լինել ինչպես ցկյանս, հետմահու, այնպես էլ՝ ժամանակավոր, մինչև մեղավորի դարձն ու զղջումը։ Ընդ որում, ըստ հոդվածի, նզովքն առավելագույն պատիժն է, որով մեղավորն այլևս երբեք չի հիշատակվում նույնիսկ մահվանից հետո՝ հոգեհանգստյան կարգի ժամանակ։
Հայ կանոնական մտքի ավանդույթի համաձայն՝ մեծ նզովքը նույնպես կարող է վերացվել, եթե մեղավորը հրապարակայնորեն զղջա և անցնի ապաշխարության սահմանված ժամկետը։
Ինչ վերաբերում է ապաշխարանքին, ապա ըստ այս վերլուծության, ապաշխարանք նշանակվում է եպիսկոպոսի կողմից այն հանցավորների ու մեղավորների նկատմամբ, որոնք գործած զանազան հանցանքների պատճառով զրկվում էին եկեղեցում հավատացյալների հետ աղոթելու իրավունքից։
Տարբերում են չորս տեսակի ապաշխարողներ՝ա․ լացողներ, որոնք կանգնում էին եկեղեցու դռան մոտ,
բ․ ունկնդիրներ, կանգնում էին միայն եկեղեցու գավթում,
գ․ ներսի ունկնդիրներ, որոնք կանգնում էին եկեղեցու խորանի ետեւում,
դ․ հավատացյալների հետ աղոթողներ, բայց Սուրբ Հաղորդությունից զրկվածներ։
Ի՞նչ է ասում պատմությունը, ովքե՞ր են բանադրվածները
Այս աշխատության մեջ ներկայացված պատմությունների գերակշիռ մասում բանադրանքի կամ նզովքի ենթարկված անձինք հոգևոր դասի ներկայացուցիչներ են, որոնք խախտել են եկեղեցական կարգը։ Ներկայացված մի օրինակում է նշվում աշխարհիկ անձի մասին՝ Դավիթ Ծարեց անունով մի ջրաղացպան, որը 13-րդ դարում աղանդավորական (հերձվածողական) շարժում էր ծավալել։
Մեկ այլ օրինակ էլ Կ․ Պոլսից․ Ավետիս Պեշիրյանը և նրա կինը՝ Գայանեն, ենթարկվում են բանադրանքի, քանի որ նրանց պսակադրության արարողությունը 1868 թվականին կատարել էր Երուսաղեմի միաբան Հովհաննես Վարդապետ Չիլինկիրյանը։ Վերջինը, այնուհետև, Կ․ Պոլսի պատրիարք Պողոս Թաքթաքյանի կողմից բողոքականությանը հարող հայացքների համար կարգալույծ է հռչակվում, արդյունքում պատրիարքը անվավեր է ճանաչում նրա կողմից իրականացրած պսակը, իսկ Ավետիս Պեշիրյանը և Գայանեն դրվում են բանադրանքի տակ, քանի որ հրաժարվում են ենթարկվել պատրիարքի և կրոնական ժողովի որոշմանը՝ պսակն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Հայկական թագավորներից եկեղեցու կողմից նզովքի է ենթարկվել Պապ թագավորը, որը ըստ եկեղեցական աղբյուրների, փորձել է միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Արշակունիների արքայական ընտանիքին պատկանող Պապ թագավորը, ըստ որոշ պատմական աղբյուրների, հակամարտության մեջ է եղել այդ ժամանակի Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Մեծի հետ, քանի որ որոշ բարեփոխումներ էր իրականացնում՝ վերցնելով եկեղեցապատկան հողերը և եկեղեցուն տրվող հարկերը։
2019 թվականին գրված այս աշխատության մեջ չի խոսվում նոր ժամանակներում Հայ-առաքելական եկեղեցու կողմից պատժի այս տեսակների, դրանց կիրառության մասին։ Բաց աղբյուրներում չկա տվյալ՝ արդյո՞ք ՀԱԵ-ն նորագույն ժամանակներում կիրառել է պատժի այդ գործիքը։ FIP.am-ի հարցը, թե առհասարակ, հնարավո՞ր է պատժի նման մեխանիզմներ գործեն հիմա եկեղեցու կողմից, մնացել է անպատասխան։
Հասմիկ Համբարձումյան