ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 10-ի համարում տեղ են գտել Ամուլսարի հանքի վերաբերյալ երկու մանիպուլյատիվ հոդվածներ՝ ««Ազնիվ քյարփինջների» քարոզչական հովանավորները» և «Ղրղզական Ամուլսարի ճգնաժամը․ Սոլթոն-Սարիի ցույցերը» վերնագրերով։
Մարտի 1-ի և Ամուլսարի զուգահեռները
««Ազնիվ քյարփինջների» քարոզչական հովանավորները» հոդվածը սկսվում է այս ուղենշող նախադասությամբ․ «Քարոզչական մանիպուլյացիաները, իհարկե, մեծ դերակատարում ունեն մարդկանց ուղեղները լվանալու հարցում»։ Հեղինակը, որի անունը թերթում չի նշվում, ասածն ապացուցելու համար բերում է, իր ձևակերպմամբ, փոքր օրինակներ ու հավելում, թե նույն հնարքները կիրառվում են ավելի մեծ հարցերում, օրինակ՝ Ամուլսարի։
Հոդվածը կառուցված է Ամուլսարի հանքի չշահագործման իրավական հիմքերի բացակայության մասին Փաշինյանի սեպտեմբերի 9-ի հայտարարության արձագանքներից մեկի վրա՝ «կամ դեպի հանք տանող ճանապարհները փակ են մնալու, կամ նա ստիպված է գնալ նոր Մարտի 1-ի»։
Կարևոր է նկատել, որ Փաշինյանի ուղիղ եթերի և հանքի շահագործման վերաբերյալ արձագանքները բազմաշերտ ու բազմաբնույթ էին, ուստի թերթի կողմից դժվար թե պատահական լինի այս կարծիքի թիրախավորումն ու քննադատումը։
Այս արտահայտությունը, կարծես, արտահայտել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ սեպտեմբերի 9-ին «Հայելի» ակումբի մամուլի ասուլիսի ժամանակ։ Սակայն հոդվածում մտքի հեղինակի անունը չի նշվում, փոխարենը հոդվածագիրը նրան բնորոշում է բնապահպաններ կամ գործիչներ՝ բառերը չակերտի մեջ դնելով։
Այս, ըստ էության, խմբագրական հոդվածում մանրամասն բացատրվում է, որ այս երկու երևույթները ոչ մի ընդհանուր բան իրար հետ չունեն և «խնդիրը մասշտաբները չեն, ընդհանուր տրամաբանությունն է հակադիր»։ Հեղինակը նշում է, որ Մարտի 1-ի դեպքում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ օրինականությունը վերականգնելու պահանջով, իսկ «Ամուլսարի դեպքում ճիշտ հակառակն է․ իշխանություններն անընդհատ փորձում են մարդկանց բացատրել, որ ամեն ինչ պետք է անել օրենքի շրջանակում․․․ իսկ ահա ընդդիմախոսները օրենքով կարծես չեն հետաքրքրվում»։ Ու ճշտող հարցով եզրափակում է. «Հասկացա՞ք տրամաբանությունը։ Մի դեպքում մի քանի հարյուր հազար հոգի պահանջում էին հարգել օրենքը, մյուս դեպքում մի քանի հարյուր (կամ հազար) հոգի պահանջում են արհամարհել օրենքը»։
Նաև գրում է, թե «քարոզչական այս մանիպուլյացիայի հեղինակները» շատ լավ հասկանում են տրամաբանությունը, բայց նրանք ուզում են, որ այս փուլում Փաշինյանն արհամարհի օրինականությունն ու լրջագույն խնդիրներ ունենա միջազգային կառույցներում ու տնտեսության ոլորտում, կամ մյուս ճանապարհով գնա` ուժ կիրառի ու նորից խնդիրներ ունենա ներսում ու դրսում։
Հեղինակը, սակայն, անտեսում է բնապահպանների այն ահազանգը, համաձայն որի՝ մասնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են էկոլոգիական նոր հանգամանքներ և հաստատել են, որ «Լիդիանն» իր ՇՄԱԳ-ում չի ապահովել փաստերի ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և սրանով իսկ խախտվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ։
Բնապահպանները դեռ նախորդ տարիներին ահազանգում էին այս գործով այլ անօրինությունների մասին։ Օրինակ, Ջերմուկ քաղաքը 2009 թվականից ներգրավված չի եղել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում որպես ազդակիր համայնք, այնտեղ չեն անցկացվել հանրային քննարկումներ, որի արդյունքում խախտվել է գործունեության սկզբնական փուլերում որոշումների կայացմանը մասնակցելու՝ ջերմուկցիների ու Արփայի հովտի բնակիչների իրավունքը: Եվ այս դեպքում խնդիրը ոչ միան բնապահպանական է, այլև իրավական, քանի որ կասկածի տակ է դրվում ՀՀ և «Լիդիան» ընկերության միջև կնքված պայմանագրերի օրինականությունը։
Այլ կերպ ասած՝ «ՀԺ»-ի խմբագրականում արվող պնդումը, թե Ամուլսարի հանքի դեմ պայքարողները պահանջում են արհամարհել օրենքը, իրականում չի համապատասխանում իրականությանը։
Ղրղզական ոսկու և Ամուլսարի զուգահեռները
Մյուս՝ առավել մանիպուլյատիվը «Սոլթոն-Սարիի ցույցերը. «ղրղզական Ամուլսարի» ճգնաժամը» հոդվածն է։ «ՀԺ»-ն փորձում է ցանկալի զուգահեռներ տանել ղրղզական ոսկու հանքի շուրջ օգոստոսի սկզբի բախումների և Ամուլսարի միջև։
Ինչպես տեղեկացնում է eurasianet.org-ը, օգոստոսի 5-ին մոտ 300 բնակիչներ գնացել են արևելյան Ղրղզստանում գտնվող Սոլթոն-Սարիի ոսկու հանքավայր՝ պահանջելով, որ այն շահագործող չինական ընկերությունը դադարեցնի աշխատանքները և լքի տարածաշրջանը։ Այս ընթացքում բնակիչների և հանքավայրի աշխատակիցների միջև սկսվել են բախումներ, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել։ Նման բախումներ էլի են եղել՝ նույնիսկ 2011-ին, երբ հանքարդյունաբերողը սկսել էր ուսումնասիրություններ անել, իսկ հաջորդ տարի ստացել հանքի շահագործման թույլտվությունը։
Չնայած, որ վերջին բախումները տեղի էին ունեցել գրեթե մեկ ամիս առաջ, բայց «ՀԺ»-ի տեղեկատվական առիթը սեպտեմբերի 5-ին ընդդիմադիր խմբակցության պատգամավորի հայտարարությունն է, թե հանքը շահագործող չինական ընկերության լիցենզիան և պայմանագիրը վերանայման կարիք ունեն, քանի որ դրանում հաշվի չեն առնվել «ժողովրդի կարծիքը և շահը»:
Այնուհետ հեղինակը որոշում է հայկական իրականության հետ զուգահեռներ տանել ու բացել Ղրղզստանի դեպքի մանրամասները՝ ցանկալին ընդգծելով․
✓ Զուգահեռ 1․ Մինչև չինական ընկերության գալը տեղացիներն են այստեղ հանքարդյունաբերությամբ զբաղվել, գումար աշխատել, իսկ հիմա շատերը զրկված են եկամտի աղբյուրից։ Հոդվածագիրը գրում է, թե Ամուլսարի դեպքում նման խնդիր չկա՝ մտահոգությունները բացառապես բնապահպանական են: Սակայն հեղինակը մոռանում է նշել, որ տեղացիներն իրենց գումարն աշխատում են առողջարանային քաղաքի բրենդի շնորհիվ այստեղ եկող զբոսաշրջիկների հոսքով, անասնապահությամբ և հողագործությամբ, որը, հանքի շահագործման դեպքում, ռիսկի տակ է լինելու։
✓ Զուգահեռ 2․ Հաջորդ կետը սկսվում է ակնհայտ մանիպուլյատիվ նախադասությամբ․ «Սոլթոն-Սարիի օգոստոսյան ցույցերում ևս փորձ արվեց բնապահպանական երանգ հաղորդել բողոքին»։ Այնուհետ օրինակ է բերվում «սոցիալական ցանցերով ակտիվ մեղադրական քարոզչությունը ոչխարների մասսայական անկման դեպքի մասով», որը պայմանավորված է հանքի թունավոր արտանետումներով։ Սա, ըստ հեղինակի, հետագայում հերքվել է փորձաքննության արդյունքում։ Հոդվածում հատուկ ընդգծված է, որ «անգամ այդ դեպքում չինական ընկերությունը համաձայնեց փոխհատուցել կրած վնասները՝ դրական իմիջ ապահովելու համար»:
Կենդանիների անկման դեպքերի մասին խոսվել է նաև Ջերմուկում, և նման զուգահեռ տանելը, հանքի շահագործման հետ դրա կապ չունենալը և օտարերկրյա ներդրողի բարյացակամությունն ընդգծելը դժվար թե պատահական ընտրություն լիներ։ Փոխարենը, թերթը բաց է թողնում բնակիչների մեկ այլ փաստարկ, որի մասին գրել է «Ազատություն Եվրոպան»՝ մահացությունների բարձր թիվը, որը ջերմուկցիները պայմանավորում են հանքարդյունաբերության թողած ազդեցության հետ։
✓ Զուգահեռ 3․ Հեղինակը պնդում է, թե Ղրղզստանի դեպքում սոցցանցերում աշխարհաքաղաքական երանգներ էլ կան, ինչը Ամուլսարի դեպքում բացառվում է։ Հեղինակն արձանագրում է, որ ներկա փուլում Ամուլսարի և Սոլթոն-Սարիի իրավիճակները նման են, իսկ եզրակացության մեջ ընդգծում, որ հանգուցալուծումները տարբեր են լինելու, քանի որ հանքը շահագործող «Չժոնգ Ջի Մայնինգը» փոխկապակցված է չինական պետական կորպորացիաների հետ, և նրան լիցենզիայից զրկելը կարող է բարդացնել հարաբերությունները Չինաստանի հետ:
Հեղինակն առանց փաստարկ բերելու եզրակացնում է, թե «մեր դեպքում շահագործողի «ծագման երկիրը» կարևոր չէ. այն ուղղակի պետք է չաղտոտի բնությունը»:
Իրականում այս եզրակացությունը ևս մանիպուլյատիվ է, քանի որ արտաքին ճնշումների մասին վերջին շաբաթներում մի քանի հրապարակումներ եղան։ Սեպտեմբերի 2-ին opendemocracy.net-ը գրեց, թե ինչպես են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները շարունակաբար սատարել «Լիդիան» կորպորացիային՝ ճնշում գործադրելով ՀՀ կառավարության վրա։ Իսկ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը նույն օրը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Պալատի անդամ «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ, և նշել, որ ակնկալում է «ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում»: Շահարկվում է նաև այն հարցը, որ Ամուլսարի հանքի արգելումը բացասական ազդակ կլինի օտարերկրյա ներդրողների համար և նրանք կհրաժարվեն ներդրում անել ՀՀ-ում։
Ի դեպ, այս երկրորդ հոդվածը ևս անստորագիր է։
Արշալույս Բարսեղյան