«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը նոյեմբերի 20-ին «Բաց հասարակության հիմնադրամների» (ԲՀՀ) գրասենյակի դիմաց «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ակցիա է իրականացրել, որի ժամանակ իրականությանը չհամապատասխանող մի շարք հայտարարություններով է հանդես եկել։
«Հուզանք ու զանգ» ներկայացման մասին
Անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած «Հուզանք ու զանգ» ներկայացմանը՝ Նարեկ Մալյանը նշել է, որ իրենց տեղեկություններով՝ ԲՀՀ գրասենյակը նույնպես ֆինանսավորել է այն։
Նոյեմբերի 4-ին «ԱԺԶ» մշակութային-հասարակական կազմակերպությունը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում բեմադրել էր «Հուզանք ու զանգ» ներկայացումը, որը, սակայն, ավարտվել էր սկանդալով։ Ներկայացումը միանշանակ չէր ընդունվել անցորդների կողմից, այնուհետև մեծ քննադատության էր ենթարկվել։
Ներկայացումն իրականացվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած դրամաշնորհով։ Համաձայն կնքված պայմանագրի՝ նախարարությունը շուրջ 2 միլիոն 700 հազար դրամ էր տրամադրել ներկայացման համար։ «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց նաև ԲՀՀ գրասենյակի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ԲՀՀ-ն ևս ֆինանսավորել է «Հուզանք ու զանգ» ներկայացումը։ Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը. «Միանշանակ սուտ է, ոչ մի լումա դուրս չի գրվել «Հուզանգ ու զանգ» ներկայացման համար, անգամ այդպիսի պահանջ կամ խնդրանք չի եղել։ Մեզ չեն էլ դիմել»,- հայտնեց Մինասյանը։
Այսպիսով, Մալյանի վերոնշյալ տեղեկությունները սխալ են. ներկայացման համար հիմնադրամից ֆինանսավորում չի եղել։
Տրանսգենդեր անձի և Արայիկ Հարությունյանի հանդիպման մասին
ԲՀՀ գրասենյակի դիմաց Մալյանն իր ելույթում նաև հայտարարել է. «Տրանսվիստիտ մարմնավաճառ Կարաբինան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջել է դպրոցներում տրանսվիստիտների համար լայն իրավունքներ և իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ բավարարված է այդ հանդիպումից։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ տրանսվիստիտների մուտքը դպրոցներ արդեն արտոնված է»։
Fip.am-ն ուսումնասիրեց Մալյանի նշած քաղաքացու (Գարիկ Ամոլիկյան) ֆեյսբուքյան հրապարակումը։ Նա իսկապես գրում է, որ բավարարված է Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից, բայց հանդիպման մանրամասների մասին տեղեկություն չի հայտնում։ Իսկ ահա լրատվական կայքերից մեկի հետ զրույցում քաղաքացին պարզաբանում է, որ նախարարին դիմել է իր խախտված իրավունքների վերականգնման համար. «Կրթության ոլորտում ինձ ոչ մի խնդիր չի հետաքրքրել, իրականում ապատեղեկատվություն է տարածվել, թե ես գնացել եմ նախարարի մոտ և բարձրաձայնել եմ որոշ խնդիրներ: Ես նախարարի պաշտոնակատարին ասել եմ, որ իմ կրթության իրավունքը խախտվել է, ու ես միջնակարգ կրթության վկայականի անհրաժեշտություն ունեմ: Ինձ հետաքրքրում էր, թե որտեղ, երբ ու ինչ քննություններ պետք է հանձնեմ: Ես որևէ խնդիր չեմ բարձրաձայնել, որ լուծում պահանջեր դա, կամ Արայիկ Հարությունյանն ինձ խոստումներ տար»,- Тert.am-ի հետ զրույցում հայտնել էր քաղաքացին։ Այսպիսով, Մալյանը աղավաղում է նաև նախարարի և քաղաքացու հանդիպման իրական պատճառները։
«Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին
Անդրադառնալով Եվրոպայի չեմպիոն, այժմ Նիդերլանդներում մշտական բնակություն հաստատած Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին, որի համար ֆինանսավորում է հատկացրել նաև Հայաստանի կառավարությունը, Մալյանը խեղաթյուրել է փաստերը։
Այսպես, նա նշում է, որ ֆիլմի տևողությունը 22 րոպե է, և որ հարկատուների գրպանից յուրաքանչյուր րոպեի համար 1 մլն դրամ է վճարվում. «Պետությունը ձեր փողից 20 մլն դրամ է հատկացնում 22 րոպեանոց ֆիլմի համաֆինանսավորման համար, այսինքն՝ դուք որպես պարտաճանաչ հարկատու, դուք որպես խանութում ՀԴՄ պահանջող հպարտ քաղաքացի, ձեր գրպանից այդ ֆիլմի ամեն րոպեի համար վճարում եք 1 մլն դրամ»։
Այնինչ, ինչպես տեղեկանում ենք ֆիլմը արտադրող ընկերության պաշտոնական կայքում հրապարկված տեղեկատվությունից, ֆիլմի տևողությունը ոչ թե 22 րոպե է, այլ 70։ Փաստացի, Մալյանը ստում է նաև ֆիլմի տևողության վերաբերյալ։
«Հայոց լեզու» առարկայի մասին
Անդրադառնալով բուհերում հայոց լեզվի դասավանդման պարտադիր չլինելու ԿԳՄՍ նախարարության առաջարկին՝ Մալյանն այն անվանում է արշավ հայոց լեզվի ու հայոց պատմության դեմ։ «Ընդամենը ամիսներ առաջ Փաշինյանի կառավարության ծրագիրն եմ նայում, կրթության և գիտության բաժնում սևով սպիտակի վրա գրված է՝ ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառնության ու զարգացման համար,- նշում է Մալյանը և շարունակում,- …բուհերից հայոց լեզուն հանելո՞վ են ստեղծվում անհրաժեշտ պայմաններ հայերենը ժամանակակից գիտության լեզու դարձնելու համար. այս ի՞նչ հրեշավոր սուտ է, հայոց լեզվի նկատմամբ պետության նման վերաբերմունքը վտանգում է հանրային առողջությունը»։
Իրականում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հայտարարել է, որ հայոց լեզու առարկան բուհերից ոչ ոք չի հանում։ Նախարարության առաջարկած փոփոխությունների փաթեթով առաջարկվում է հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների դասավանդման պարտադիր լինել-չլինելը թողնել բուհերի հայեցողությանը։ Դեռևս առկա է միայն նախագծի աշխատանքային տարբերակը, որն էլ ուղարկվել է բուհերին՝ կարծիքների համար։ Այս մասին նախարարը հայտարարել է պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ։ Դրանով առաջարկվում է բուհերին տալ ավելի լայն ինքնավարություն՝ որոշելու այս առարկաների դասավանդման ձևը։ Ըստ այդմ՝ բուհերը իրենք են որոշելու, թե յուրաքանչյուր ֆակուլտետում որքան ժամաքանակով են դասավանդվելու այս առարկաները։ Հետևաբար, Մալյանի այն պնդումը, թե հայոց լեզուն բուհերից հանում են, մոլորեցնող է։
#բռնությանձայնը նամակների շարքի մասին
Խոսելով լրագրող Լյուսի Քոչարյանի կողմից հրապարակված՝ սեռական բռնության ենթարկված անձանց անանուն նամակների մասին, որոնք սկսեցին տարածվել #բռնությանձայնը հեշթեգով, Նարեկ Մալյանը նշում է, որ դրանք կեղծ էին. «Ոստիկանության կողմից պաշտոնապես հերքվեց այդ նամակների իսկությունը, այսինքն՝ պաշտոնապես էտ նամակները կեղծ էին»,- հայտարարում է Մալյանը։
Նշենք, որ Մալյանն առաջին անգամը չէ, որ այս պնդումն է անում․ «Փաստերի ստուգման հարթակը» մեկ անգամ անդրադարձել է այս հայտարարությանը։ Մենք նշել էինք, որ Լյուսի Քոչարյանի կողմից հրապարակված նամակներն անանուն էին, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն՝ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու հիմք չէ: Որպես հանցագործության մասին հաղորդում՝ գնահատական և ընթացք է տրվում այն տեղեկություններին, որոնք ունեն որոշակի կոնկրետություն, նախնական տեղեկության հիման վրա հնարավոր է եզրահանգում անել կատարված հանցագործության վերաբերյալ՝ վայրի, եղանակի, ժամանակի կամ այն կատարած անձանց մասին: Ըստ այդմ՝ միանգամայն տրամաբանական է, որ ոստիկանությունը չէր կարող քրեական գործեր հարուցել անանուն նամակների հիման վրա։
Ոստիկանությունն իր տարածած պարզաբանման մեջ նշել էր. «Եթե կանայք ենթարկվում են բռնության, ապա մեղավոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության հարցը լուծելու համար անհրաժեշտ է, որ նրանք բանավոր կամ գրավոր ոստիկանությանը տեղեկություններ տրամադրեն հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ»: Այսինքն՝ ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել ոչ թե նամակների կեղծ լինելու, այլ դրանցում առկա տվյալների անբավարար լինելու հիմքով։
Ստամբուլյան կոնվենցիայի մասին
Խոսելով Ստամբուլյան կոնվենցիան վավերացրած երկրների մասին՝ Նարեկ Մալյանը հայտարարում է, որ Եվրոպայի խորհրդի 13 երկիր այն չի վավերացրել. «…Կոնվենցիան չի վավերացվել Եվրոպայի խորհրդի 13 երկրների կողմից. այդ երկրներն են՝ Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Լիխտենշտեյն, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Մոլդովա, Չեխիա, Ուկրաինա, իսկ Բուլղարիան ընդհանրապես հակասահմանադրական է ճանաչել այն»։
Այս հայտարարությունը մասամբ է ճիշտ։ Այսպես, բացի Լեհաստանից, մնացած երկրները իսկապես չեն վավերացրել կոնվենցիան, իսկ Բուլղարիան, իրոք, այն հակասահմանադրական է ճանաչել։ Լեհաստանը, ի տարբերություն այս երկրների, և՛ ստորագրել, և՛ վավերացրել է կոնվենցիան։ Ըստ այդմ, կարող ենք փաստել, որ Մալյանի այս հայտարարությունը մեծամասամբ ճիշտ է։
Այսպիսով, ԲՀՀ գրասենյակի դիմաց իրականացված ակցիայի ժամանակ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և մանիպուլյատիվ են։