ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 16-ին երկրի Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին, ի թիվս մի շարք խնդրահարույց հայտարարությունների, պնդել է, թե «օրական հազարավոր մարդիկ են կամավորագրվում ՌԴ զինված ուժեր»։
«Ամեն օր հազարից ավելի ռուսաստանցիներ պայմանագրով ծառայության են անցնում ՌԴ զինված ուժերում, մարդիկ կամավոր մեկնում են ռազմաճակատ»,- ասել է Պուտինը։
Հատկանշական է, որ 2022 թվականի աշնանը Ռուսաստանի իշխանությունների հայտարարած մոբիլիզացիային հաջորդել էին հանրային մեծ դժգոհությունն ու զանգվածային արտագաղթը։ Տարբեր հաշվարկներով, միայն 2022 թվականին ՌԴ-ն լքել էր 600 հազարից 1 միլիոն մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը զորակոչի ենթակա տղամարդիկ էին։
«Փաստերի ստուգման հարթակը» ի մի է բերել միջազգային և ռուսաստանյան մեդիառեսուրսների բազմաթիվ հետաքննություններ, որոնք հակասում են Պուտինի՝ կամավոր կերպով հազարավոր քաղաքացիների ռազմաճակատ մեկնելու մասին պնդումներին։
Խուսափելով երկրորդ մոբիլիզացիայից
Այսպես, Настоящее Время («Իրական ժամանակ») լրատվամիջոցը բացահայտել է անօրինական մեթոդները, որով մասնավոր ընկերություններն օգնում են ՌԴ իշխանություններին ռուսաստանցիների և միգրանտների հավաքագրել զինված ուժեր։
Մասնավորապես, աղբյուրի հետաքննություններից մեկը բացահայտել է, որ խոշոր ձեռնարկությունները ձևական, գոյություն չունեցող հաստիքներ են ձևակերպում, ապա իբրև թե աշխատանքի ընդունելով ՌԴ քաղաքացիների և միգրանտների՝ նրանց ուղարկում են ռազմաճակատ։
Ըստ հետաքննության՝ ռազմաճակատ ուղարկվածները, որոնք մեկ օր անգամ չեն աշխատել իրենց «գործատու» ընկերությունում, շատ բարձր վարձատրության առաջարկներ են ստանում։
Ռուսաստանյան աղբյուրները գրում են, որ «թաքնված» մոբիլիզացիան իրականացվում է ամենուրեք տեղադրված գովազդային վահանակների, տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքների, օրինակ՝ զբաղվածության կենտրոններում, հիվանդանոցներում, հանրակրթական հաստատություններում իրականացվող ագիտացիայի միջոցով․ լրատվամիջոցները հաշվել են, որ միայն ռուսաստանյան VK սոցիալական ցանցում նման գովազդ-առաջարկությունների թիվը հասնում է 50,000-ի։

Մի շարք հետաքննություններ վկայում են քաղաքացիների՝ հատկապես նախկին կալանավորների ստիպողաբար հավաքագրելու դեպքերի մասին։ Նման դեպքերից մեկը նկարագրել է ռուսաստանյան united24media.com-ը՝ բացահայտելով, թե ինչպես են կալանավայրում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղված նախկին կալանավորներից մեկին երկընտրանքի առաջ կանգնեցրել՝ կամ զորակոչվել, կամ «գրպանումդ թմրանյութ կհայտնվի»։
Կամ այսպիսի մի դրվագ՝ Мобилизация տելեգրամյան ալիքում մայրը բողոքում է, որ ժամկետային զինծառայող որդուն պարտադրել են ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, որը հետո պարզվել է «հատուկ ռազմական գործողությանը» (ռուս–ուկրաինական պատերազմ–հեղ․) մասնակցելու մասին պայմանագիր է։ Կինը դիմել է բոլոր հնարավոր պաշտոնյաներին՝ հրամանատարներին, քննչական կոմիտեին, ռազմական դատախազությանը, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Նա ասում է՝ ինքը նման խնդրով միայնակ չէ, կան բազմաթիվ մայրեր, որոնց որդիների անունից առանց իրենց հետ համաձայնության կնքվել են պայմանագրեր։ Կինը ստիպված է եղել տեսաուղերձ պատրաստել՝ դեկտեմբերի 19-ին կայանալիք Պուտինի հետ «ուղիղ կապ» ուղարկելու համար։
Այսպիսով, պնդումները, թե ռուսաստանցիներն օրական հազարներով սեփական կամքով կամավորագրվում են զինված ուժեր՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու նպատակով, առնվազն մանիպուլյատիվ են․ թե՛ մոբիլիզացիայից հետո արտահայտված հանրային դժգոհությունն ու արտագաղթը և թե՛ ապօրինի մեթոդներով՝ սպառնալիքով ու բարձր վարձատրության խոստումների միջոցով պայմանագրայինների ներգրավման մասին փաստող տասնյակ հետաքննությունները հակասում են Պուտինի նկարագրած իրականությանը։
Զելենսկու ոչ լեգիտիմ լինելու պնդումը
Նույն նիստում Պուտինը ևս մեկ անգամ կրկնել է քարոզչական այն կեղծ պնդումը, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ լեգիտիմ ղեկավար է, քանի որ նրա նախագահությունը հակասահմանադրական է։
ՌԴ նախագահը, մասնավորապես, պնդել է, թե Ուկրաինայի սահմանադրությունը նախատեսում է միայն Ուկրաինայի Գերագույն ռադայի (խորհրդարանի) լիազորությունների երկարաձգում և չի երկարաձգում նախագահի լիազորությունները նույնիսկ ռազմական դրության պայմաններում։
Ըստ Ուկրաինայի սահմանադրության, երկրի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով․ Զելենսկին նախագահ է ընտրվել 2019 թվականի մայիսին, և ընթացիկ 2024 թվականին պետք է կազմակերպվեին նախագահական ընտրություններ։
Պուտինը շրջանցում է, սակայն, ռազմական դրության մասին Ուկրաինայի ներքին օրենսդրությունը, ինչը թույլ է տալիս ռազմական դրության պայմաններում չանցկացնել նախագահական ընտրություններ։
Այսպիսով, Պուտինի պնդումը, թե Զելենսկին ոչ լեգիտիմ նախագահ է, քանի որ երկրի սահմանադրությամբ նախատեսված 5-ամյա ժամկետը խախտել է՝ երկարաձգելով իր պաշտոնավարումը, չի համապատասխանում իրականությանը։
Նանե Մանասյան