Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ապրիլի 22-ի արտահերթ նիստում հայտարարեց, որ իր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ։
«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունն է, մյուս կողմում հայ ազգի թշնամիները։ Ես կարծում եմ՝ առաջիկայում ընտրության հնարավորություն պետք է ունենա յուրաքանչյուրը, և առաջին հերթին, քաղաքական այն մեծամասնությունը (նկատի ունի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը-հեղ․), որն էսօր որոշումներ է կայացնում ՀՀ անունից»,- նշել է Մինասյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ օրենսդրությունը ցեղասպանություն հանցագործության և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ։
Ցեղասպանության ժխտումը Հայաստանում քրեականացված է
Այսպես, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թ. հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական նոր օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունների ժխտման համար։

Հոդվածի 1-ի մասում նշվում է, որ ցեղասպանության հրապարակայնորեն ժխտումը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ, եթե դա կատարվել է կոնկրետ հիմքով և կոնկրետ նպատակով, այն է՝ ռասայական պատկանելությանը, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։
Քրեական պատասխանատվություն է սահմանված հոդվածի 2-րդ մասով, եթե ժխտումը կատարվել է մեդիա կամ հրապարակված որևէ ստեղծագործության միջոցով, ինչպես նաև իշխանական կամ ծառայողական ազդեցության ու լիազորության գործադրմամբ։
Վերջինը վերաբերում է հենց պաշտոնյաներին ու հանրային ծառայողներին։
Փաստացի, օրենքով ժխտումը քրեականացված է, եթե այն արվել է բացառապես վերևում թվարկված հիմքերից ու նպատակներից մեկով։
Հատկանշական է, որ ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվությունը նոր օրենսգրքով ավելի է խստացվել․ եթե հին օրենսգրքի համապատասխան՝ 397․1 հոդվածով նման արարք գործած անձը կարող էր ազատազրկվել ընդհուպ մինչև չորս տարի, ապա նոր օրենսգիրքը սահմանում է առավելագույնը հինգ տարի ժամկետ, ինչպես նաև պատժի նվազագույն շեմ՝ առնվազն 2 տարի։

ՀՀ օրենսդրությունը, սակայն, չի մասնավորեցնում կոնկրետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Միևնույն ժամանակ, հայտնի էր, որ Հայաստանը 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչում է որպես ցեղասպանություն, ընդ որում՝ ինչպես Խորհրդային Միության շրջանում, այնպես էլ անկախ Հայաստանի Հանրապետության բոլոր նախորդ ու գործող իշխանության պայմաններում։
Հայոց ցեղասպանությունն ամրագրված է ՀՀ անկախության հռչակագրում։

Դրա մասին պաշտոնական տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ պետական գերատեսչությունների ռեսուրսներում։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Փաստացի, Հայաստանը 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ընդունում է որպես ցեղասպանություն, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքում ցեղասպանության ժխտման համապատասխան հոդվածը վերաբերում է այդ թվում նաև Հայոց ցեղասպանությանը։
Զուգահեռներ՝ Հոլոքոսթի ժխտման հրեական օրենսդրության հետ
Ի տարբերություն հայաստանյան օրենսդրության, Իսրայելի օրենսդրության մեջ հստակ ամրագրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական Գերմանայի կողմից իրականացված Հոլոքոստի պատմական իրադարձությունը։ Այդ օրենքում ամրագրված է ոչ միայն կոնկրետ հանցագործությունը, այլ նաև դրա հեղինակը, կատարողը՝ Նացիստական Գերմանիան և այդ ռեժիմի հետ գործակցողները։
Մինչդեռ հայաստանյան օրենսդրության մեջ ոչ միայն չի մասնավորեցվում կոնկրետ հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը, այլ նաև չի նշվում հանցագործություն կատարողը՝ Օսմանյան Թուրքիան։
«Հոլոքոստի ժխտման արգելքի վերաբերյալ» օրենքում նշվում է՝ «հանցագործություն հրեա ժողովրդի դեմ» և «մարդկության դեմ հանցագործություն» հասկացությունները նույնական են։
2-րդ հոդվածում ամրագրված է․ «Անձը, որը բանավոր կամ գրավոր կերպով անում է հրապարակային հայտարարություն, որը հերքում կամ նսեմացնում է Նացիստական վարչակարգի կատարած հանցագործություններն ընդդեմ հրեա ժողովրդի կամ մարդկության, և անում է դրանք կատարողներին պաշտպանելու կամ նրանց նկատմամբ համակրանք ու նրանց հետ նույնականացում արտահայտելու նպատակով, ենթակա է մինչև 5 տարվա ազատազրկման» (սիրողական թարգմանություն)։
Օրենքն արգելում է համակրանք կամ նույնականացում արտահայտող հրապարակային հայտարարությունները նացիստական ռեժիմի վերաբերյալ․ այս հոդվածի խախտման համար ևս նախատեսված է ընդհուպ մինչև 5 տարվա ազատազրկում։
Նանե Մանասյան