Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները հեռախոսային հաղորդագրություններ են ստացել հետևյալ բովանդակությամբ՝ «Հայկական Կարմիր խաչի կողմից ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի հետ համագործակցությամբ Ձեր բանկային քարտին փոխանցվել է ՀՀ Կառավարության 1763-L որոշման սոցիալական աջակցության ծրագրի գումարը»։
Այս հաղորդագրությունը քաղաքացիների մոտ հարցեր էր առաջացրել՝ ինչո՞ւ է հայտարարվում, թե պետական բյուջեից են տրամադրվում օգնությունները, երբ այլ կազմակերպությունների անուն է նշվում։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե ո՞վ է աջակցության ծրագրի իրական իրականացնող կողմը։
Նախարարությունից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից (ՀՀ կառավարության N 1763-Լ որոշում)։
Հարցին՝ եթե աջակցությունը տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից, ապա ինչո՞ւ է նշվում այլ կազմակերպությունների անուններ՝ նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ կառավարության N 1763-Լ որոշման շրջանակում տեղական և միջազգային կազմակերպությունների դերը սոցիալական աջակցության գումարների վճարման հարցում օժանդակելն (մասնակցությունն) է, որն իրականացվում է համագործակցության սկզբունքով՝ նախարարության և կազմակերպության միջև կնքված համաձայնագրի ու Միասնական սոցիալական ծառայության և կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիման վրա»։
ՀՀ կառավարության N 1763-Լ որոշմամբ, հիշեցնենք, 40 հազար դրամ+10 հազար դրամ սոցիալական աջակցությունն էր։
Բռնի տեղահանվածների աջակցության համար ՀՀ կառավարությունն այս տարի նախատեսել է 35 մլրդ դրամ
FIP.am-ը հարցմամբ նաև հետաքրքրվել էր, թե կա՞ն արդյոք ծրագրեր, որոնց շրջանակում վերոնշյալ կազմակերպությունները իրականում համաֆինանսավորում կամ տեխնիկական աջակցություն են տրամադրում: Նախարարությունից տեղեկացրել են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում 2025 թվականին տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 17 միլիոն դրամ, ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 15 միլիարդ դրամ:
«Այս միջոցառման շրջանակում 2023 և 2024 թվականների ընթացքում տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 5.8 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 85 մլրդ դրամ»,- նշված էր նախարարության գրավոր պատասխանի մեջ:
ՀՀ կառավարության մյուս՝ N 1957-Լ որոշմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 8.5 մլրդ դրամ։ Այս որոշմամբ, նկատենք, ԼՂ-ից տեղահանությունից հետո երկու ամիս շարունակ կարիքավոր մարդիկ ստացել են 50 հազար դրամ։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ միանալով ՀՀ Կառավարության 40,000+10,000, ինչպես նաև 50,000 միանվագ աջակցության ծրագրերին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թվականի նոյեմբեր-2024 թվականի մարտ ամիսներին (5 ամիս) աջակցել է տեղահանված շուրջ 24,000 քաղաքացու (ամսական կտրվածքով)։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ փոխանցվել է 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար դրամի չափով աջակցություն։
Կանխիկ աջակցությունը տրամադրվում է ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ՝
Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) — 1.5 մլրդ դրամ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ) — 1.3 մլրդ դրամ
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա (ԿԽՄՖ) — 920 մլն դրամ
Շվեյցարական Կարմիր խաչ — 190 մլն 750.000 դրամ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ) — 82 մլն 150.000 դրամ
Որքան է կազմել ԼՂ-ից տեղահանվածների համար տրամադրված միջազգային օգնությունը․ տվյալներ
Այսպիսով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը ՀՀ կառավարության պետական ծրագրերն են, և ֆինանսական աջակցության զգալի մասը իրականացվում է հենց ՀՀ պետական բյուջեից։ Այս ծրագրերի շրջանակում ֆինանսավորումը իրականացվում է և՛ տեղական, և՛ միջազգային գործընկերների կողմից՝ համաֆինանսավորման և օժանդակության ձևով:
Սյուզաննա Համբարձումյան