ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 25-ին Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Ղրիմը մնալու է Ռուսաստանին, և (Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր) Զելենսկին դա հասկանում է»։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի պաշտոնական դիրքորոշումն ու օրենսդրական փաստաթղթերը։ Բացի այդ, ուսումնասիրել ենք նաև Ուկրաինայի սահմանադրությունը՝ պարզելու, թե օրենսդրական ինչ ճանապարհով է հնարավոր Ղրիմը կամ երկրի ինքնիշխան տարածքից որևէ մաս փոխանցել այլ երկրի՝ այս դեպքում Ռուսաստանին։
Թրամփի վարչակազմը ընդունել էր հռչակագիր՝ «Ղրիմը Ռուսաստանի մաս չէ»
2018 թվականի հուլիսին՝ Թրամփի նախագահության առաջին ժամանակաշրջանում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրապարակել էր Ղրիմի հռչակագիրը (Crimea Declaration), որով ԱՄՆ-ն պաշտոնապես վերահաստատել էր իր դիրքորոշումը՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի վերաբերյալ։
Այդ հռչակագրում, մասնավորապես, նշվում է․ «ԱՄՆ-ն վերահաստատում է իր քաղաքականությունը՝ չճանաչել Կրեմլի ինքնիշխանությունը այն տարածքների նկատմամբ, որոնք զավթվել են ուժի կիրառմամբ՝ միջազգային իրավունքի խախտմամբ։ Դաշնակիցների, գործընկերների և միջազգային համայնքի հետ համատեղ, ԱՄՆ-ն մերժում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և պարտավորվում է պահպանել այս քաղաքականությունը այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։
Թրամփի նախագահության առաջին ժամկետում թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ սենատը միաձայն ընդունել էին մի շարք բանաձևեր, որոնք դատապարտում էին Ռուսաստանի գործողությունները Ղրիմում և Դոնբասում, հաստատում էին ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև պահանջում էին չդադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային։
Ըստ էության, Թրամփի վարչակազմն առաջին ժամկետում չէր ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս՝ աջակցելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
Ուկրաինայի սահմանադրությունն արգելում է տարածքային զիջումներն առանց հանրաքվեի
Ուկրաինայի նախագահը չի կարող ինքնուրույն որոշել Ղրիմի կամ, ընդհանրապես, ուկրաինական որևէ տարածքի կարգավիճակի մասին որևէ հարց։ Ուկրաինայի սահմանադրությունը սահմանում է՝ երկրի տարածքի փոփոխման ցանկացած հարց պետք է որոշվի համազգային հանրաքվեով։ Այսինքն՝ նույնիսկ եթե Ուկրաինայի ղեկավարությունը ուզենա զիջել Ղրիմը, դա հնարավոր չէ առանց ժողովրդի կամարտահայտման։
Սահմանադրություն, Հոդված 73․ «Ուկրաինայի տարածքի փոփոխության հարցերը որոշվում են բացառապես համաուկրաինական հանրաքվեով»։

Միաժամանակ, Ուկրաինայի սահմանադրության 157-րդ հոդվածի համաձայն, այդ երկրի սահմանադրությունը չի կարող փոփոխվել ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում։
Փաստացի, եթե նույնիսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «հասկանում է, որ Ղրիմը պետք է մնա Ռուսաստանին», ինչպես պնդում է Թրամփը, նա կամ որևէ այլ պետական պաշտոնյա ու կառույց իրավասու չեն երկրամասը այլ երկրի՝ այս դեպքում Ռուսաստանին թողնելու միանձնյա որոշում կայացնելու․ թե՛ Ղրիմի, թե՛ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ՌԴ-ի կողմից գրավված տարածքների փոխանցման հարցը կարող է լուծվել բացառապես համազգային հանրաքվեի ճանապարհով։
Նանե Մանասյան