ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 25-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձավ ՀԷՑ բաժանորդ դառնալու համար սահմանված սակագներին։
Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ վերջին տարիներին մարդիկ կասկածներ էին հայտնում, թե ինչքանով են հիմնավորված այդ գները, որովհետև միացման գներն էականորեն բարձրացել էին:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց․ «Այս պահին արդեն որոշակի պատկերացում ունենք՝ մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել գները և լիահույս ենք, որ տարեսկզբից վերանայման որոշումները կկայացվեն»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ սակագները՝ 2007 թվականից մինչ այժմ։
Առանձնատների դեպքում սակագինն ավելացել է ավելի քան 4 անգամ
Հիմք ընդունելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները՝ ի մի ենք բերել 2007-2024 թվականներին այդ որոշումների արդյունքում գրանցված սակագնային ցուցանիշները։
Հանրության ամենալայն մասսաներին վերաբերող փոփոխությունները վերաբերում են առանձնատների ու բնակարանների՝ ՀԷՑ-ին միացման սակագներին։ Առանձնատների դեպքում այդ սակագինը 2007-2024 թթ․ավելացել է 3-4 անգամ։
Առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման սակագները
|
Հզորություն |
2007
Երևան/մարզ |
2019
Երևան/մարզ |
2023
Երևան/մարզ |
2024
Երևան/մարզ |
| 10 ԿՎՏ Միաֆազ (0.22 կՎ) |
65․000/53․000 | 277․000/229․000 | 282․000/234․000 | 277․000/229․000 |
| 14 ԿՎՏՄիաֆազ (0.22 կՎ) |
91․000/62․000 | 300․000/234․000 | 305․000/239․000 | 300․000/234․000 |
Միջինը 3-5 անգամ ավելացել են նաև բազմաբնակարան շենքերի ստանդարտ միացման վճարները՝ մեկ բնակարանի հաշվարկով։
Բազմաբնակարան շենքերի ստանդարտ միացման վճարներ (1 բնակարանի դեպքում)
| Հզորություն | 2007
Երևան/մարզ |
2019
Երևան/մարզ |
2023
Երևան/մարզ |
2024
Երևան/մարզ |
| 10 ԿՎՏ, | 137․000/126․000 | 672․000/448․000 | 693․000/469․000 | 672․000/448․000 |
| 14 ԿՎՏ, | 187․000/154․000 | 769․000/520․000 | 790․000/541․000 | 769․000/520․000 |
10 կՎ առևտրային սպառողների միացումների սակագներ․ հաշվարկի մեխանիզմը
10 կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները 2007 թվականից մինչ այժմ մի քանի անգամ փոփոխվել են։ Դրանք հաշվարկվել են՝ ելնելով միացվող հզորությունից, միացման եղանակից (օդային կամ մալուխային), միացման երկարությունից ու այլ պարամետրերից։
2024 թվականի որոշմամբ՝ 10կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների հաստատուն ծախսի չափաբաժինը կազմել է 2․248․000 դրամ՝ Երևանում, 981․000 դրամ՝ մարզերում։
Այս ծախսին գումարվում են փոփոխական ծախսերն ու հայտատուի կողմից պահանջվող հզորության ապահովման համար անհրաժեշտ ծախսերը։
Այսպիսով, չնայած վերջին 17 տարիներին միացման սակագների փաստացի շարունակական աճին՝ ինչպես առանձնատների, այնպես էլ բազմաբնակարանային և առևտրային սպառողների համար, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը խոստանում է առաջիկայում հայտնել սակագների վերանայման ու հնարավոր իջեցման մասին։
Գայանե Մարկոսյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր




