2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում։
Դրանցից 19-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների նախապատրաստական ժամանակացույցը հաստատել էր դեռ օգոստոսին։
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ որտեղ, ովքեր և ինչ նոր կանոններով են ընտրելու
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե որ համայնքներում են անցկացվելու ընտրությունները, ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու դրանց և ինչպես են ձևավորվել ընտրողների ցուցակները։ Այս հոդվածում կներկայացվի 11 համայնք, հաջորդում՝ 10։
Ընտրություններ՝ 21 համայնքում
Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու հետևյալ համայնքներում՝
- Արարատի մարզ — Արտաշատ,
- Արմավիրի մարզ — Արմավիր, Արաքս,
- Արագածոտնի մարզ — Շամիրամ,
- Գեղարքունիքի մարզ — Գավառ, Մարտունի, Վարդենիս,
- Լոռու մարզ — Ստեփանավան, Ֆիոլետովո,
- Շիրակի մարզ — Արթիկ, Ախուրյան։
19 համայնքում՝ համամասնական, 2-ում՝ մեծամասնական ընտրություններ
21 համայնքներից 19-ում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Դրանք են՝ Արտաշատը, Արմավիրը, Արաքսը, Գավառը, Մարտունին, Վարդենիսը, Հրազդանը, Ծաղկաձորը, Գառնին, Արթիկը, Ախուրյանը, Գորիսը, Մեղրին, Եղեգնաձորը, Վայքը, Ջերմուկը, Իջևանը, Դիլիջանը և Ստեփանավանը։
Այս համայնքներում ընտրողները համայնքի ղեկավարի թեկնածուի օգտին առանձին քվե չեն տալիս։ Ընտրություններին մասնակցում են կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ թեկնածուների ընտրական ցուցակներով։ Ընտրողը քվեարկում է քաղաքական ուժի օգտին, ինչի հիման վրա բաշխվում են ավագանու մանդատները, իսկ համայնքի ղեկավարը որոշվում է ավագանու ընտրությունների արդյունքներով։
Մյուս երկու համայնքներում՝ Լոռու մարզի Ֆիոլետովոյում և Արագածոտնի մարզի Շամիրամում, ընտրություններն անցկացվելու են մեծամասնական ընտրակարգով։ Այստեղ ընտրություններին մասնակցում են անհատ թեկնածուները։
Քաղաքական մրցակցությունը համայնքից համայնք տարբեր է
ԿԸՀ-ն սեպտեմբերի 21-ին հայտնել էր, որ ավարտվել է համամասնական ընտրություններում կուսակցությունների և դաշինքների առաջադրման փուլը։
Արդեն հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ համայնքների միջև քաղաքական մրցակցության մակարդակը զգալիորեն տարբերվում է։
Օրինակ՝ Արտաշատում առաջադրվել են «Նոր դարաշրջան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) և «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունները։ Գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանը գլխավորում է ՔՊ ցուցակը։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 77 340
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 32 943։
Արաքսում առաջադրվել են «Արդարություն» կուսակցությունների դաշինքը («Համերաշխություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններ) և ՔՊ կուսակցությունը։ Գործող համայնքապետ Ղազար Ղազարյանը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 18 998
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 8 683։
Գավառում առաջադրվել են «Հայկական քվե» կուսակցությունը, «Համերաշխություն» (չշփոթել նույնանուն կուսակցության հետ) դաշինքը (ՔՊ և «Գործարար» կուսակցություններ) և «Ինքնիշխան Հայաստան» (Դավիթ Սանասարյան) կուսակցությունները։ Գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորում է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 42 202
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 19 419։
Մարտունիում առաջադրվել են «Մեր համայնք» («Ռեֆորմիստների» և «Հայաստանի հանրապետական» կուսակցություն) դաշինքը, «Ապրելու երկիր», ՀՅԴ և ՔՊ կուսակցությունները։ Գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանը գլխավորում է ՔՊ-ի ցուցակը։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 60 436
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 23 897։
Վարդենիսում առաջադրվել է միայն ՔՊ կուսակցությունը։ Գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանն էլ գլխավորում է ցուցակը։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 27 253
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 13 667։
Ստեփանավանում առաջադրվել են «Գործարար», «Հայրենիք», «Հանրապետություն», ՔՊ և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։ Գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը գլխավորում է «Գործարար» կուսակցության ցուցակը։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 13 343
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 107։
Արթիկում առաջադրվել են «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր», «Հայրենիք» և ՔՊ կուսակցությունները։ Գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը գլխավորում է ՔՊ կուսակցության ցուցակը։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 36 913
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 19 063։
Ախուրյանում առաջադրվել է միայն ՔՊ կուսակցությունը։ Գործող համայնքապետ Զավեն Մանուկյանն էլ գլխավորում է ցուցակը։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 31 225
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 13 235։
Արմավիրում առաջադրվել է միայն ՔՊ կուսակցությունը։ Գործող համայնքապետ Վարշամ Սարգսյանն էլ գլխավորում է ցուցակը։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 44 464
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 9 214
անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 266
Վարշամ Սարգսյանը ընտրվել էր 8370 կողմ և 578 դեմ ձայներով։
Ֆիոլետովո և Շամիրամ․ մեծամասնական ընտրություններ
Ֆիոլետովոն և Շամիրամը տարբերվում են մյուս 19 համայնքներից, քանի որ այստեղ կուսակցական ցուցակներով համամասնական ընտրություններ չեն անցկացվում։
Մեծամասնական ընտրակարգով Շամիրամում համայնքի ղեկավարի միակ առաջադրված թեկնածուն գործող համայնքապետ Մրազ Բրոյանն է։ Իսկ ավագանու 5 տեղերի համար առաջադրվել են 6 թեկնածուներ։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 521
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 135։
Մեծամասնական ընտրակարգով Ֆիոլետովոյում համայնքի ղեկավարի առաջադրված թեկնածուները 2-ն են։ Իսկ ավագանու 5 տեղերի համար առաջադրվել են 9 թեկնածուներ։
Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին արդյունքները եղել են այսպիսին.
ընտրողների ընդհանուր թիվը՝ 805
քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 224։
Քանի՞ ընտրող կա 11 համայնքում
ՆԳՆ-ն հոկտեմբերի 18-ին հրապարակել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական ընտրացուցակները։ Ընտրողները կարող են իրենց տվյալները ստուգել ՆԳՆ-ի ընտրական հարթակում:
| Համայնք | Ընտրողների թիվը 18.10 դրությամբ | Նախորդ ՏԻՄ ընտրության ընտրողների թիվ | Ընտրություններին մասնակցել է |
| Արտաշատ | 77 340 | 32 943 | |
| Մարտունի | 60 436 | 23 897 | |
| Արմավիր | 44 464 | 9 214 | |
| Գավառ | 42 202 | 19 419 | |
| Արթիկ | 36 913 | 19 063 | |
| Ախուրյան | 31 225 | 13 235 | |
| Վարդենիս | 27 253 | 13 667 | |
| Արաքս | 18 998 | 8 683 | |
| Ստեփանավան | 13 343 | 5 107 | |
| Ֆիոլետովո | 805 | 224 | |
| Շամիրամ | 521 | 135 |
Նոր՝ 366 օրվա պահանջը գործում է նաև հոկտեմբերի ընտրությունների ժամանակ
Ինչպես սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների դեպքում, հոկտեմբերի 25-ի ընտրությունների ընտրացուցակների կազմման ժամանակ ևս գործում են 2026 թվականի ամռանը Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։
ՆԳՆ-ն հենց հոկտեմբերի 25-ի ընտրությունների ընտրացուցակների վերաբերյալ հաղորդագրությունում հիշեցրել է, որ, որպես ընդհանուր կանոն, ՀՀ քաղաքացին ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունենալու համար պետք է ոչ միայն առնվազն վեց ամիս հաշվառված լինի համապատասխան համայնքում, այլև քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։
Հոկտեմբերի 20-ից մինչև քվեարկության ավարտը որոշ դեպքերում հնարավոր է դիմել քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։
Այս փոփոխությունն առանձնապես կարևոր է հոկտեմբերի 25-ի ընտրությունների դեպքում, քանի որ ընտրություններ են անցկացվում արդեն 21 համայնքում, և նոր պահանջի ազդեցությունը կարող է ընդգրկել շատ ավելի մեծ թվով ընտրողների, քան սեպտեմբերի 27-ի չորս համայնքներում։
Սակայն ՆԳՆ-ի հրապարակած տեղեկությունից պարզ չէ, թե 21 համայնքներում քանի մարդ է նախնական ընտրացուցակից դուրս մնացել հենց 366/730 օրվա պահանջը չբավարարելու պատճառով։
Այս հարցով դիմել ենք ՆԳՆ, պատասխանն ստանալուն պես այդ թեմայով հրապարակում կպատրաստենք։
Քարոզարշավը մեկնարկել է
Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող 19 համայնքներում նախընտրական քարոզչությունը մեկնարկել է սեպտեմբերի 30-ին և կավարտվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։
Ֆիոլետովոյի և Շամիրամի մեծամասնական ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և նույնպես ավարտվելու է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։
ԿԸՀ-ն հիշեցրել է նաև, որ քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալ կամ ծառայություններ մատուցել կամ խոստանալ։ Սահմանափակումներ կան նաև քարոզչական նյութերի տեղադրման և վնասման վերաբերյալ։
Ամփոփում
Հոկտեմբերի 25-ի ընտրությունները 2026 թվականի աշնանային ՏԻՄ ընտրությունների ամենախոշոր փուլերից են․ քվեարկություն է նախատեսված միանգամից 21 համայնքում։
Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, իսկ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական։
Հոկտեմբերի ընտրությունների ժամանակ ևս կիրառվում է 2026 թվականին ներդրված՝ վերջին 730 օրվա ընթացքում Հայաստանում առնվազն 366 օր փաստացի գտնվելու պահանջը։
Արեն Նահապետյան
Հ․ Գ․ Հաջորդ հոդվածում կներկայացնենք հետևյալ համայնքների նախընտրական պատկերը
- Սյունիքի մարզ — Գորիս, Մեղրի,
- Վայոց ձորի մարզ — Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ,
- Տավուշի մարզ — Իջևան, Դիլիջան,
- Կոտայքի մարզ — Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի։
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր




