Մարտի 27-ին Armdaily.am լրատվական կայքը տարածել էր հոդված, որտեղ նշված էր, թե Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հետ Գերմանիա էին մեկնել նաև նրա երկու օգնականները՝ Վահան Կոստանյանը և Շուշանիկ Թևանյանը։ Հոդվածում նաև ասվում էր, թե մեկ շաբաթ տևող այցի համար Գերմանիա են մեկնել 6 պատգամավորներ։
Նախ նշենք, որ խորհրդարանական պատվիրակության կազմն ու այցի ժամկետները գրված են Ազգային ժողովի պաշտոնական կայքի «Լուրեր» բաժնում։ Այստեղից տեղեկանում ենք, որ Գերմանիա կատարած այցը տևել է մարտի 18-21-ը։ Խորհրդարանական պատվիրակության կազմում եղել են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ծովինար Վարդանյանը։
Միաժամանակ, կապ հաստատելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանի հետ, տեղեկացանք, որ պատվիրակությանն ուղեկցող կազմում եղել են նաև ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը և լրատվության ու հանրության հետ կապերի վարչության լուսանկարիչ Արաքսյա Քոչարյանը։
Ի հավելումն նշենք, որ եթե պատվիրակության գործուղման ծախսերը կատարվում են ոչ թե հրավիրող կողմի հաշվին, այլ ՀՀ պետական բյուջեի, ապա դրանք կատարվում են ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման։
Ըստ վերոնշյալ որոշման, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին կատարած այցի դեպքում օրապահիկը սահմանված է 116 եվրո, իսկ գիշերակացի մեկ օրվա ծախսը՝ 160 եվրո։ Գերմանիայի այլ շրջաններ այցի դեպքում օրապահիկը հատկացվում է 82 եվրոյի, իսկ գիշերավարձի ծախսերը՝ 113 եվրոյի չափով։
Հարկ է նաև նշել, որ Գերմանիա կատարած այցը ներկայացնող լուսանկարներում ևս Շուշանիկ Թևանյանը բացակայում է, հետևաբար Armdaily.am լրատվական կայքի հրապարակումը բացահայտ ապատեղեկատվություն է և չի համախատասխանում իրականությանը։
Արփի Ավետիսյան