Կառավարության ֆեյսբուքյան էջը հուլիսի 7-ին գրառում է արել ՝ տեղեկացնելով, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է 2.7 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն ավելացել է 1.5 տոկոսային կետով։
Այս ցուցանիշները վերցված են Վիճակագրական կոմիտեի կողմից այս տարվա հունվար-մայիս ամիսներին սոցիալ-տնտեսական վիճակի մասին հրապարակումից։
Եվ չնայած կառավարության նշած ցուցանիշները ճիշտ են, սակայն ուսումնասիրելով զբաղվածության վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները՝ պարզում ենք, որ գրառումը բավականին մաինպուլյատիվ է։
Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում եղել է 943,800 զբաղված անձ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղվածների թիվը 946,000 էր։ Ստացվում է, որ նախորդ տարի Հայաստանում զբաղվածների թիվը 2200-ով ավելին էր, քան այս տարի։
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող է զբաղվածների թվի նվազման դեպքում արձանագրվել զբաղվածության մակարդակի աճ 1․5 տոկոսային կետով։
Պատասխանը բավականին պարզ է․ զբաղվածության մակարդակը հաշվվում է զբաղվածների թվի և աշխատանքային ռեսուրսների հարաբերակցությամբ։
Աշխատանքային ռեսուրսները 15-74 տարեկան այն անձինք են, որոնք կա՛մ աշխատում են, կա՛մ պատրաստ են աշխատել։
Նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի աշխատանքային ռեսուրսները կազմել էին 2 մլն 97,400 մարդ, որից զբաղվածների թիվը կազմում էր 946 հազար մարդ։ Այսինքն, երկրում զբաղվածության մակարդակը կազմում էր 45․1 տոկոս:
Այս տարվա առաջին եռամսյակում երկրում աշխատանքային ռեսուրսները նախորդ տարվա համեմատ նվազել են 73,600-ով՝ դառնալով 2 մլն 23,800 մարդ, իսկ զբաղվածների թիվը՝ 943,800։
Ստացվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում երկրում զբաղվածության մակարդակը կազմել է 46․6 տոկոս:
Աշխատանքային ռեսուրսների՝ 73,600-ով նվազման հիմնական պատճառները դեմոգրաֆիկ խնդիրներն են (երբ աշխատունակության տարիք ձեռք բերողների թիվը ավելի փոքր է, քան անաշխատունակ դարձածներինը), արտագաղթը, պատերազմը և այլն։
Ինչ վերաբերում է գործազրկության մակարդակի՝ 2․7 տոկոսային կետով նվազմանը, ապա դա գործազուրկների թվի և աշխատուժի հարաբերությունն է։
Աշխատուժը աշխատողների և գործազուրկների ընդհանուր թիվն է։
Նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում աշխատուժը կազմում էր 1 մլն 178,800 մարդ, իսկ գործազուրկ էր 232,800-ը։
Սա նշանակում է, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմում էր 19․7 տոկոս:
Այս տարվա նույն ժամանակահատվածում աշխատուժի թվաքանակը նվազել է 42,000-ով՝ դառնալով 1 մլն 136,800 մարդ։
Քանի որ այս տարի գործազուրկների թիվը կազմել է 193,000 մարդ, ապա գործազրկության մակարդակը կազմում է 17 տոկոս:
Ստացվում է, որ գործազրկության մակարդակի նվազման և զբաղվածության մակարդակի աճի հիմնական պատճառը աշխատանքային ռեսուրսների և աշխատուժի նվազումն է, որը կառավարության կողմից չի ներկայացվում։
Սևադա Ղազարյան