Մարտի 17-ին 12։00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 64 դեպք, որոնցից մեկն արդեն ապաքինվել է։ Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ներկայում մեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի, թեստ է հանձնել ավելի քան 600 անձ։
«Փաստերի ստուգման հարթակը», վերլուծելով Առողջապահության նախարարության տրամադրած՝ պաշտոնական աղբյուրներում առկա տեղեկությունները և ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հայտարարությունները, ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսի տարածման ամփոփ վիճակագրությունը։
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է մարտի 1-ին։ Վարակակիրը Իրանից վերադարձած Հայաստանի քաղաքացի էր։ Առողջապահության նախարարությունը մեկուսացրեց նրա հետ շփված անձանց։ Ներկայում հաստատված դեպքերից 3-ը կապված են այս դեպքի հետ։
Հաջորդ երեք դեպքը հաստատվեց մարտի 11-ին։ Երեքն էլ ժամանել էին Իտալիայից, մեկն Իտալիայի քաղաքացի էր, երկուսը՝ Հայաստանի։ Հայաստանի քաղաքացիներից մեկի՝ նշանադրության մասնակցելու փաստի հետ կապվեց Էջմիածնում վարակի տարածման պատմությունը։ Մինչ այժմ արձանագրված 64 դեպքից 37-ը կապված են նրա հետ։ Քաղաքացու վարակակիր լինելու փաստի արձանագրումից հետո մեկուսացվել են նաև նշանադրության մասնակիցները։ Այս դեպքից հետո վարակ հաստատվեց նաև դպրոցահասակ երեխայի մոտ։ ԱՆ աշխատակիցները մեկուսացրել են նաև դպրոցականի դասարանի աշակերտներին, ուսուցիչներին և նրանց ընտանիքի անդամներին։
Էջմիածնում վարակված քաղաքացիներից մեկը աշխատում է «Հայաէրոնավիգացիա» ընկերությունում, որը պատասխանատու է ՀՀ տարածքում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Աշխատակիցները՝ շուրջ 75 հոգի, ինքնամեկուսացել են «Զվարթնոցում» գտնվող ընկերության վարչական շենքում։
Վարակի դեպքերից մեկը արձանագրվել է Ֆրանսիայից ժամանած քաղաքացու մոտ։
Մարտի 15-ին մեկ այլ դեպք արձանագրվել է Իտալիայից ժամանած Մեղրիի բնակչի մոտ։
Մարտի 16-ին հաստատվեց վարակի երեք դեպք Շենգավիթ վարչական շրջանում գտնվող արտադրամասերից մեկի աշխատակիցների մոտ։ Ըստ վարչապետ Փաշինյանի՝ արտադրամասն ունի շուրջ 500 աշխատակից, որոնց մի մասը մեկուսացված է։ Նրանցից 14-ի մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուս։
Հիշեցնենք, որ վիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն՝ մինչև ապրիլի 14-ը։ Կառավարությունը սահմանել է մի շարք սահմանափակումներ՝ կապված արտակարգ դրության հետ։